February 17, 2019

«Թե՛ ցամաքից, թե՛ օդից Իդլիբի վրա հարձակումները պետք է դադարեցվեն»․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ է արել Իրանին և Ռուսաստանին դադարեցնել սիրիական Իդլիբի հրթիռակոծումն ու անհապաղ զինադադար հայտարարել, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

«Իդլիբի վրա հարձակումները թե՛ ցամաքից, թե՛ օդից պետք է դադարեցվեն, պետք է զինադադար ապահովվի», – ասել է Աքարը։

Հիշեցնենք, որ զինադադարի առաջարկով հանդես էր եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թեհրանում օրեր առաջ կայացած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի ժամանակ։

Էրդողանի առաջարկին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր․ «Իհարկե, լավ կլիներ, եթե զինադադար լիներ։ Սակայն այս հարցում «Ջեբհաթ ան Նուսրա» կամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փոխարեն կարծիք հայտնել չենք կարող այստեղ»։

Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ սեպտեմբերի 9-ի դրությամբ Իդլիբից արդեն հեռացել է ավելի քան 30.000 բնակիչ։ Նրանց մեծ մասը շարժվում է դեպի Թուրքիայի սահման, որոշները տեղավորվել են Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում։

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ Թուրքիան ի վիճակի չի լինի ընդունել սիրիացի նոր փախստականների, եթե Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում սկսված ռազմական գործողության պատճառով ներգաղթյալների նոր հոսք առաջանա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *