December 19, 2018

ՓԱՐԻԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԿԱՐԳԸ ՏՐՎԵԼ Է ՆԵՂ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ՝ ՄՏԵՐԻՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտակայքում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում մատուցվել է աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հայտնում է Le Figaro-ն, մամուլի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մոտենալ եկեղեցուն: Հոգեհանգստի կարգին ներկա են եղել երգչի բարեկամները և ամենամտերիմ ընկերները:

Երգչի բազմաթիվ երկրպագուներ նույնպես այցելել են եկեղեցի՝ հարգանքի վերջին տուրքը մատուցելու երգչին, սակայն նրանց նույնպես ներս չեն թողել:

Թաղման թափորը եկեղեցուց ուղևորվելու է Փարիզի արևմուտքում գտնվող Մոնֆոր Լ՛Ամորի համայնք, որտեղ էլ հուղարկավորվելու է շանսոնյեն:

Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ Հայաստանում այսօր սգո օր է հայտարարված: Երկրի դրոշները խոնարհված են, և եկեղեցիները հոգեհանգստի կարգ են մատուցում ի հիշատակ երգչի:

Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ թոքերի այտուցից առաջացած սրտի և շնչառական խնդիրների հետևանքով:

Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը երեկ տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հրաժեշտի ազգային արարողությունը, որի ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը և այլ հայտնիներ:

Հրաժեշտի արարողությունն ուղիղ եթերով հեռարձակվել է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *