December 19, 2018

Արցախը պետք է ներգրավված լինի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների աշխատանքներին. այս հարցում անփոխարինելի դեր ունի Ռ. Մելիքյանը. ՀՀ ՄԻՊ

Վաղաժամկետ դադարեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի լիազորությունները: Գործընկերոջս սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ իրավապաշտպան այս հաստատությունը միջազգային կառույցներում ստացավ լայն ճանաչում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Քաղաքակիրթ աշխարհին պետք է ճանաչելի դարձնել Արցախն իր ժողովրդավարությամբ, իրավապաշտպան համակարգով ու քաղաքացիական հասարակությամբ: Այստեղ ապրում են կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, ում իրավունքները պետք է լինեն պաշտպանված: Արցախում բնակվող մեր հայրենակիցների կյանքի ու առողջության պաշտպանությունը, նրանց ֆիզիկական անվտանգության ապահովումն առաջնահերթ են:

Արցախը պետք է ներգրավված լինի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների աշխատանքներին: Պետք է ապահովել միջազգային իրավապաշտպան հանրության այցերն Արցախ:

Այս բոլոր հարցերում անփոխարինելի դեր ունի Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, ով իր անկախ աշխատանքն իրականացնում է մարդու իրավունքների տեսանկյունից՝ առանց քաղաքական ազդեցության կամ ուղղորդման: Այս հաստատությունն ապահովել է արդյունավետ աշխատանք Յուրի Հայրապետյանի գործունեությամբ ու կայացման բարձր նշաձողի արժանացել Ռուբեն Մելիքյանի նվիրված ջանքերի շնորհիվ:

Գործընկերոջս զեկույցներով քաղաքակիրթ աշխարհին ներկայացվեցին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունները, հայատյացության իրական վիճակը և այլն: Այդ զեկույցները ներկայացված են միջազգային հեղինակավոր կառույցների՝ Human Rights Watch, Amnesty International, European Ombudsman Institute և այլն:

Բնույթով բացառիկ էր Եվրախորհրդարանի շենքում Ռուբեն Մելիքյանի ասուլիսը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով: Արցախի օմբուդսմանի հաստատության կայացման կարևոր ցուցիչ դարձավ Ռ.Մելիքյանի մասնակցությունը Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին ու ղեկավար կազմի քվեարկությանը՝ այլ երկրների օմբուդսմանների հետ հավասար հիմունքներով: Ռուբեն Մելիքյանը զգալի աշխատանք տարավ նաև սփյուռքի շրջանում՝ ներկայացնելով իր գործունեության արդյունքները թե՛ սփյուռքին, թե՛ սփյուռքի աջակցությամբ՝ այլ երկրներին:

Այս ընթացքում, իհարկե, էլ ավելի ամրապնդվեց Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ աշխատանքը: Այն դարձավ առավել արդյունավետ ու ամբողջական:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Ռուբեն Մելիքյանին հայրենանվեր աշխատանքի համար և մաղթում նրան նորանոր ձեռքբերումներ ու բազում հաջողություններ»,-գրել է Արման Թաթոյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *