December 19, 2018

Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովի ընթացքում վեճ է տեղի ունեցել Շարմազանովի ու Թուրքիայի խորհրդարանի նախագահի միջև. «ՀաբերԹյուրք»

Անթալիայում մեկնարկած Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովի ընթացքում փակ դռների ետևում լուրջ բանավեճ է ծավալվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ու Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմի միջև, գրում է «ՀաբերԹյուրք»-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ համաժողովի ժամանակ Շարմազանովն ի նշան Կիպրոսի Հանրապետության օկուպացիայի դեմ բողոքի պատվիրակության անդամների հետ լքել էր դահլիճը։

Հայտնի է, որ Շարմազանովը դուրս է եկել դահլիճից, երբ Յըլդըրըմը ձայն է տրամադրել միջազգային հանրության կողմից չճանաչված Հս. Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանի նախագահին։

Թուրքական լրատվամիջոցի պնդմամբ՝ Շարմազանովը նիստի ժամանակ հայտարարություններ է արել նաև Հայոց ցեղասպանության ու Արցախի հիմնահարցի վերաբերյալ, ինչը խիստ բարկացրել է Յըլդըրըմին:

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը պնդել է, թե Հայաստանը նման պահվածքով «մեկուսացնում է իրեն» քաղաքական դաշտում, մինչդեռ «խաղաղ» քաղաքականություն վարելու դեպքում ՀՀ-ն կարող է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ:

«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է վերջ դնի ցեղասպանության մասին անհեթեթ պնդումներին և պատմությունը թողնի պատմաբաններին»,- հայտարարել է Յըլդըրըմը:

Ըստ նրա՝ Շարմազանովի հայտարարությունները հարիր չեն համաժողովի ձևաչափին ու նպատակին:

Վերջինիս աջակցություն է ցույց տվել Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը, որը հայտարարել է, թե «Հայաստանը տարիներ շարունակ անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Թուրքիային»:

Աղբյուրը նշում է նաև, որ նիստի վերջում մասնակից անդամների ընդհանուր հայտարարության ընթերցման ժամանակ հայաստանյան պատվիրակությունը ներկա չի գտնվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *