December 19, 2018

Թբիլիսիում մոմավառություն է կատարվել՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի. նպատակն է պահպանել պատմամշակութային հուշարձանը, որ հայկական հետքը չվերանա

«Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմա-մշակութային ժառանգություն» նախաձեռնությունը 2018 թվականի հոկտեմբերի 14-ին Թբիլիսիում հայկական պատմա-մշակութային ժառանգությունը պահպանելու պահանջով բողոքի ակցիա է կազմակերպել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վիրահայոց Թեմի ներկայացուցիչ Սուսաննա Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ սա խաղաղ գործողություն է Թբիլիսիում հայկական ժառանգության նկատմամբ համապատասխան մարմինների կողմից դրսևորած անփույթ և անտարբեր վերաբերմունքի դեմ, ինչպես նաև պատկան կառույցների ուշադրությունը հրավիրելու կոչ է։

«Շամխորեցոց Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին է, որը 1989 թ․-ին Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո վերածվել է փլատակների, պահպանվել է միայն արևելյան մասը և հարակից մի քանի պատեր։ Ցավոք սրտի, Վրաստանի իշխանությունների կողմից տրվում են անօրեն թույլտվություններ՝ այնտեղ շինարարություն անելու հետ կապված։ Շինարարությունը վնաս է հասցնում եկեղեցուն ու տեղի բնակչությանը։

Մեր նպատակն այն է, որ պահպանվի պատմամշակութային հուշարձանը, և Թբիլիսում հայկական հետքը չվերանա»,- նշեց նա։ Խաչատրյանը պատմեց, որ ծխականների, քահանաների ղեկավարությամբ շարժվել են դեպի Շամխորեցոց վանք։ Քահանաները աղոթք են կարդացել, իսկ ծխականները մոմավառություն արել և հեռացել։

Նա շեշտեց, որ իրենք մի քանի անգամ դիմել են Վրաստանի համապատասխան մարմիններին հուշարձանի պահպանության համար, սակայն հարցը որևէ լուծում չի ստացել:

Սուսաննա Խաչատրյանը վստահեցրեց՝ իրենք չեն լռելու և պարբերաբար տարբեր միջոցներով բարձրաձայնելու են խնդիրը, որպեսզի պահպանեն մշակութային ժառանգությունը, քանի որ Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին միակը չէ, որ անմխիթար վիճակում է։

Հարցին՝ խնդիրը փորձե՞լ եք բարձրացնել նաև ՀՀ-ում, որպեսզի միջպետական մակարդակով բարձրացվի հայկական հուշարձանների պահպանության խնդիրը, Սուսաննա Խաչատրյանը պատասխանեց․ «Սա շատ երկար պատմություն ունեցող թեմա է, քանի որ պարբերաբար և՛ նախագահի, և՛ վարչապետների՝ ներկայիս ու նախկին, մակարդակով, և՛ կաթողիկոսի մակարդակով հարցը բարձրացվում է, որովհետև Թիբիլիսո վիրահայոց համայնքն ու թեմը պահանջներ են ներկայացնում արդեն 6-7 եկեղեցիների նկատմամբ։ Հարցը միշտ բարձրացվում է, քանի որ Սուրբ Նշան եկեղեցու հարակից տարածքում էլ անօրինական շինություններ կան, էլ չեմ խոսում Նորոշանե եկեղեցու մասին և այլ, բայց դեռևս հարցը լուծում չի ստանում»,- ընդգծեց Սուսաննա Խաչատրյանը։

Վերջինս պատմեց, որ 19-րդ դարի առաջին կեսին Շամքորեցոց Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է Գանձակից Թբիլիսի տեղափոխված շամխորցիների կողմից սեփական միջոցներով: Եկեղեցին գործել է մինչև խորհրդային կարգերի հաստատումը, ունեցել է իր ծխական դպրոցը, կալվածքները:

Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը գործածվել է տարբեր նպատակներով, վերածվել է հացի գործարանի, ապա պահեստի, ծառայել որպես վրաց նկարիչների արվեստանոց: 1989 թվականին եկեղեցին փլուզվել է երկրաշարժի հետևանքով: 1999 թվականի դրությամբ կանգուն վիճակում եկեղեցուց պահպանվում է միայն արևելյան ճակատը և նրան հարող որոշ հատվածներ: Վիրահայոց թեմը Շամքորեցոց եկեղեցին թեմին վերադարձնելու կամ եկեղեցին կոնսերվացնելու հարցով բազմիցս դիմել է Վրաստանի իշխանությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *