«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գերիների անհապաղ վերադարձ

02/03/2021

Գերիների վերադարձի արհեստական ձգձգում, անմարդկային, դաժան վերաբերմունք պահվող անձանց նկատմամբ, եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի ուղղությամբ ռազմական ագրեսիա՝ Ադրբեջանի այս դեմքն է հայաստանյան պատվիրակությունը փորձել ցույց տալ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում: Այն այս անգամ անցկացվել է առցանց: Մերոնց ելույթների հիմնական շեշտը եղել է գերիների անհապաղ վերադարձի հարցը՝ ներկայացնում է «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը:

Անի Սամսոնյան (ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ) - Նշել եմ, որ Ադրբեջանը մինչև այսօր չի ասել, թե քանի՞ գերի ունի, և քանի՞ կյանքի համար է պատասխանատու այս երկիրը: Վերջում նշել եմ, որ Ադրբեջանն իրեն պահում է որպես ահաբեկչական երկիր, սա բավականին հունից հանեց և՛ Ադրբեջանին, և՛ թուրքերին:

Թուրք-ադրբեջանական պատվիրակները, ի դեպ, փորձել են Եվրոպային համոզել, թե վերջին պատերազմն արդեն լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, ու իբր հիմա տարածաշրջանային գործակցության ճանապարհներ բացելու ժամանակն է:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը հերքում է մեղադրանքները, թե որոշ դեպքերում համարժեք չեն արձագանքել նստաշրջանում հնչած կարծիքներին. եռօրյա քննարկմանը 8 անգամ ներկայացրել են Երևանի տեսակետը՝ ասում է «Իմ քայլից» Հայկ Կոնջորյանը: Թիմի ակտիվության արդյունք է համարում այն, որ Հայաստանին աջակցող ելույթներ են ունեցել նաև բելգիացի ու շվեդ գործընկերները:

Հայկ Կոնջորյան (ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար) - ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդը ևս շատ ֆունդամենտալ հարցերի անդրադարձավ՝ նշելով, որ մենք հեռու ենք ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումից, ինչը ապտակ էր թուրքական-ադրբեջանական տեսակետին, թե հարցը լուծվել է:

Ան Լինդը հայտարարել է նաև, որ հրադադարի հաստատումը դեռ հակամարտության լուծում չէ: Լուծման կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ. միջազգային լսարանի համար կողմնորոշիչ տեսակետներն է մեջբերում Հռիփսիմե Գրիգորյանը:

Հռիփսիմե Գրիգորյան (ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ) - Անընդհատ շեշտումը, որ ղաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմամբ, և հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ ԽՎ նիստի շրջանակներում:

Գերիների ու Արցախի կարգավիճակի հարցերը բարձրացնելու հետ միասին՝ Ազգային ժողովի պատվիրակները Եվրոպային ահազանգել են՝ Ադրբեջանն ահաբեկիչներ է բերել մեր տարածաշրջան: Արցախի բնակչության մի մասը պատերազմից հետո լքել է տները, դարձել փախստական:

Հեղինակ`Հերմինե Բաղդասարյան