«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սա սարսափելի է. ԵՄ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

29/09/2022

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր այցելել էր Գեղարքունիքի մարզ: Նրա խոսքով շատ կարեւոր է ամեն ինչ տեսնել սեփական աչքով: Խոսքը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների մասին է:

Խոսելով այցի նպատակների մասին՝ նա ասաց. ՛՛Մեր առաջադրանքն է նշումներ անել և դրանք ուղարկել մեր գլխամասային գրասենյակ։ Կարծում եմ՝ պարզ է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվել։ Մենք տեսել ենք դա, խոսքը վերաբերում է թե՛ Կութի համայնքապետարանի շենքին, թե՛ դպրոցին։ Մենք տեսել ենք բնակելի տներ, գյուղատնտեսական ենթակառուցվածքներ։ Սա, կարծում եմ, խորապես մտահոգիչ է։ Կարծում եմ, որ ամենակարևոր բանն այն է, որ մարդիկ վախեցած են։ Վարչապետը բավական պարզ նշեց այդ մասին այսօրվա իր ելույթում։ Եվ վախը, որ այն (հարձակումը-խմբ․) կարող է կրկնվել, բերում է մի իրավիճակի, երբ մարդն այլևս ակտիվ չէ։ Եվ սա իրապես շատ վտանգավոր կարող է լինել՛՛։

Վիկտորինն ասաց, որ ինքը շատ լավ է հասկանում այստեղ ապրող մարդկանց վիճակը։ ՛՛Կարծում եմ՝ սա շատ դժվար իրավիճակ է։ Եվ կրկնում եմ այն, ինչ միշտ ենք ասում՝ բռնությունը երբեք չպետք է լուծման հասնելու միջոց դառնա։ Պետք է գնալ, նստել բանակցությունների սեղանի շուրջ, պետք է քննարկում տեղի ունեն, ինչից հետո լուծում գտնվի։ Ռազմական լուծումը՝ լուծում չէ՛՛,-նշեց նա:

Լրագրողների հարցին, որ չնայած միջազգային հանրության բոլոր կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, ի՞նչ պետք է միջազգային հանրությունն ու Արևմուտքը անեն՝ Ադրբեջանին այդ գործողություններից հետ պահելու համեր, դեսպանը պատասխանեց. ՛՛Գիտեք, ես դիվանագետ եմ և աշխատում եմ մի կազմակերպությունում, որը ցանկանում է օժանդակել խնդրի լուծմանը։ Մեզ համար խնդրի կարգավորման միայն մեկ միջոց կա՝ նստել բանակցությունների սեղանին և բանակցել՛՛:

Նա վստահեցրեց, որ ԵՄ-ն կշարունակի այդպես. ՛՛Մեր պատկերացմամբ՝ դա է միակ ելքը՛՛:

Լրագրողները նաև հարցրին, թե ինչու միջազգային հանրությունը որևէ կերպ չարձագանքեց ադրբեջանցիների գործած դաժանությունների մասին, մասնավորապես այն մասին, թե ինչպես են խեղել հայ կին զինծառայողների մարմինները։ Դեսպանն ասաց, որ ԵՄ ներկայացուցիչը տվել է այս հարցի պատասխանը .՛՛Բնական է, որ դա պետք է ապացուցվի, մենք ասում ենք, որ պատերազմական հանցագործությունը պետք է հետաքննվի և վերջ։ Դա է պատասխանը։ Պետք է շարունակենք աշխատել դրական նոտայի վրա։ Հասկանում եմ, որ դժվար է, որ բոլորը վատ տրամադրություն ունեն, վախեցած են, սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք է շարունակենք և ցույց տանք, որ Հայաստան կարող է և շարունակում է աշխատել՛՛։

Անդրադառնալով հարցին, թե ինչով կարող է ԵՄ-ն օգնել, աջակցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար այս խնդիրների լուծման հարցում՝ դեսպանն ասաց, որ ԵՄ-ն արագ է արձագանքում այս հարցերին և նույնկերպ արագ է արձագանքել պատերազմից հետո։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հիմա էլ ԵՄ գլխամասի հետ քննարկումների մեջ ենք։ Մենք որոշակի փոփոխություններ կմտցնենք հումանիտար ոլորտում իրականացվող ծրագրերում։ Ինչպես ասացի, հիմա ԱՄՆ ՄԶԳ-ի հետ քննարկում ենք մանրամասները, թե ինչպես կարող ենք զբաղվել ականների խնդրով։ Բնականաբար շարունակելու ենք մեր մեծ նախագծերը, որոնք վերաբերում են տնտեսական զարգացմանը։ Երեկ երեկոյան ես ցնցված էի՝ տեղեկանալով, որ երիտասարդներ են սպանվել։ Երեկ անցկացվում էր տեխնոլոգիաների և գիտության վերաբերյալ համաժողովը, որը այնքան դրական ազդակ է, քանի որ երկիրը շատ ուշադրություն է գրավում, շատ մարդիկ են գալիս մասնակցելու այս համաժողովին, որին աջակցում է ԵՄ–ն, Գերմանիան, GIZ-ը՛՛:

Բացի այդ՝ հարց հնչեց նաեւ, թե դեսպանն անձամբ տեսավ վայրագությունների հետևանքները և ինչ գնահատական կտա այս ամենին։ Անդրեա Վիկտորինն ասաց, որ պետք է ճշգրիտ լինել, քանի որ ինքն այստեղ վայրագություններ չի տեսել, տեսել է վնասներ, փլուզված շենքեր։

՛՛Սա սարսափելի է։ Տեսա նաև որոշ լուսանկարներ, նաև տեսա Ձեր նշած տեսանյութը։ Այո, դա անընդունելի է։ Մի փոքր առաջ ինձ հարցրեցին այդ մասին և արդեն պատասխանեցի, որ դա պետք է հետաքննվի միջազգային սկզբունքների համաձայն։ Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, որը, անպայման, ինչ-որ մեկը կբարձրացնի, խոսքը անհայտ կորածների և գերիների մասին է, պիտի ասեմ, որ մենք աշխատում ենք, շարունակում ենք աշխատել և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Մեր գործընկերներից է ԱՄՆ-ն, և կան այլ անդամ պետություններ, որոնց հետ միասին գործունեություն ենք ծավալում։ Չենք հանձնվելու, քանի որ մարդասիրական այս բաղադրիչը պետք է կատարել՛՛,– ասաց նա։

Դիտարկմանը, թե մինչ միջազգային հանրությունը աշխատում է բազմաթիվ խնդիրների շուրջ, ադրբեջանցիները Հայաստանին վերադարձնում են գերիների մարմինները, դեսպանը պատասխանեց, որ շատ լավ հասկանում է դա, սակայն, հավելեց, թե պետք է հասկանալ, որ իրենք այստեղ միայն օժանդակող դերակատարում ունեն։ ՛՛Միակ բանը, որ կարող ենք խոստանալ, այն է, որ երբեք չենք հանձնվելու, Ֆրանսիայի հետ մեկտեղ աշխատում ենք այս ուղղությամբ, և մեր համատեղ ջանքերի շնորհիվ, ինքներդ տեսաք, որ ոմանք վերադարձան, սակայն, ցավոք սրտի, միգուցե, ոչ այնպես, ինչպես ուզում էինք նրանց ընդունել՛՛: