«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հաջորդ շաբաթ կներկայացվեն ԵՄ-ի քայլերը` ուղղված էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանը

06/09/2022

Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։

Նրա խոսքով՝ ուրբաթ օրը Բրյուսելում կկայանա Եվրամիության էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպումը։  

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ փաթեթը կընդունվի հաջորդ երեքշաբթի։ 

«Մենք գիտենք, որ կան պիկ ժամանակներ, երբ մեր տնային տնտեսությունները եւ ձեռնարկությունները բախվում են չափազանց բարձր ժամավճարների»,-ասել է նա: «Այդ առաջարկի մի մասը վերաբերում է նաեւ պիկ ժամերին, եւ թե ինչպես դա կնվազեցնի պահանջարկը այդ կոնկրետ ժամկետներում»,-հավելել է Սիմսոնը։

 

Եվրոպական երկրներն աշխատել են այլընտրանքային էներգիայի աղբյուրների նկատմամբ ստեղծագործական մոտեցման վրա։ Կարճաժամկետ լուծումներից մեկը մոտ 20 լողացող տերմինալների կառուցումն է։

Ծրագիրը, ըստ որի առաջին լողացող տերմինալները պետք է սկսեն գազի մատակարարումները մինչեւ տարեվերջ, տագնապ է առաջացրել փորձագետների շրջանում, որոնք վախենում են շրջակա միջավայրի համար երկարաժամկետ հետեւանքներից։ Նրանք նախազգուշացնում են, որ տերմինալները կհավերժացնեն Եվրոպայի կախվածությունը բնական գազից։

«Այս իրավիճակում, երբ Ռուսաստանն օգտագործում է իր բնական գազի պաշարները որպես զենք, մենք պետք է հոգ տանենք մատակարարման անվտանգության մասին։ Իսկ դա նշանակում է, որ արտակարգ ներդրումներ են անհրաժեշտ»,-ասել է Սիմսոնը։ 

Նա նաեւ խոստովանել է, որ գազի գնի համաշխարհային աճը որոշ երկրների դրդել է օգտագործել էներգիայի ավելի էժան, բայց էկոլոգիապես վնասակար աղբյուրներ:   

Եվրամիությունը պարտավորվել է մինչեւ 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 55 տոկոսով եւ մինչեւ 2050 թվականը հասնել ջերմոցային գազերի զրոյական արտանետումների:

Այս ձմռանը մենք մի շարք պարտավորություններ ենք ստանձնել՝ նվազեցնելու մեր էներգիայի օգտագործումը», -նշել է Սիմսոնը։  

Նրա խոսքով, Եվրոպայում ներկայիս էներգետիկ ճգնաժամը հստակ ցույց է տվել, որ էներգիայի վերականգնվող աղբյուրները, ինչպիսիք են արեւը եւ քամին, էական նշանակություն ունեն ապագայում էներգիայի արտադրության համար: