Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին Ադրբեջանի նախապայմանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև առկա բոլոր խնդրահարույց թեմաները, այդ թվում՝ Ադրբեջանի պնդմամբ ՀՀ Սահմանադրության շուրջ գոյություն ունեցող հարցերը, կարելի է լուծել կողմերի միջև արդեն իսկ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմամբ և վավերացմամբ։
Այս մասին վարչապետ Փաշինյանը նշել է Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակներում «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող պահանջին և անհանգստություններին։
«Ադրբեջանը բարձրացնում է այդ թեման, բայց իրավիճակը հետևյալն է․ 2024 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, ինչը բարձրագույն մակարդակի իրավական որոշում է, որ Հայաստանի Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ իր որևէ հարևանի նկատմամբ չի պարունակում»,-շեշտել է վարչապետը»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում բազմաթիվ դրույթներ կան այն մասին, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել նաև ապագայում։
«Խաղաղության պայմանագրում, որն արդեն նախաստորագրված է, բոլոր առերևույթ թեմաները հասցեագրված են, այսինքն՝ չկա այդպիսի խնդիր մեր պարագայում, ուստի, նույնիսկ եթե կարող են ինչ-որ ենթադրություններ կամ պնդումներ լինել, ապա խաղաղության համաձայնագիրը բոլոր հարցերին անդրադառնում է։ Բոլոր այդ թեմաները փակելու և լուծելու համար մեզ անհրաժեշտ է ստորագրել և վավերացնել պայմանագիրը, և դրանից հետո այն ձեռք կբերի բարձրագույն իրավաբանական ուժ, ու այլ մեկնաբանությունների հնարավորություն չի լինի»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ստորագրելու համար Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման ներկայացնել ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը։
Ադրբեջանը մասնավորապես պնդում է, որ Սահմանադրությունից պետք է դուրս գա հղումը ՀՀ Անկախության հռչակագրին, որում խոսք է գնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է Հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում, հետևաբար ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի չկա:
Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օրերս հայտարարել էր, որ Հայաստանը չի ընդունում ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին Ադրբեջանի նախապայմանը։
https://parstoday.ir/