«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչպես է մայրը սեղանի վրայից ընկել իր 2-ամյա տղայի վրա. Ինչ է կատարվել իրականում

25/07/2022

Հուլիսի 19-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․Թ․-ն։ Երեխան նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից։

Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։
Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 11։50-ի սահմաններում, Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակում 38-ամյա Մ․Ս․-ն կանգնել է սեղանի վրա, որպեսզի մաքրության աշխատանքներ կատարի, սակայն սեղանը կոտրվել է, և Մ․Ս․-ն կոտրված սեղանի բեկորների հետ միասին ընկել է Է․Թ․-ի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Օրեր շարունակ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ 

Իրականում ինչո՞ւ էր մայրը հայտնվել դպրոցում, ի՞նչ կապ ուներ նա այդ դպրոցի հետ այս եւ այլ հարցերի շուրջ Iravunk-ը դպրոցի տնօրեն Աստղիկ Հարությունյանի հետ է խոսել, ով նոր էր վերադառնում երեխայի հուղարկավորության արարողությունից,

-Փոքրիկ լուսահոգի Էդվարդի մայրը մեր  դպրոցի ծնողկոմիտեի նախագահն է, մեր դպրոցում են սովորում նրա երկու երեխաները` 4-րդ եւ 7-րդ դասարաններում: Այդ օրը Մարիաննան եկել էր դպրոց, որպեսզի չորրորդ դասարանում սովորող երեխայի դասասենյակի վարագույրները հանի տանի լվացնելու, նա էր բերել կախել, միշտ ամեն տարի արձակուրդներին հանում էր, որ նոր ուսումնական տարում թարմ բերի կախի: Փոքրիկը լաց է եղել մայրիկի հետեւեւից, մայրն էլ վերցրել է երեխային իր հետ, ու տեղի է ունեցել այդ ողբերգությունը: Երեխայի ընտանիքը բացառիկ ընտանիք է` հայրը զինվորական է, մայրը` պատմության ուսուցչուհի կողքի գյուղում:
Ես շատ մեծ ցավ եմ ապրում, որ նման ողբերգությունը շահարկում են, թե մայրը անուշադիր է եղել, սոցիալապես անապահով վիճակից եկել է հավաքարարություն է արել եւ նման բան էր: Ես կրկնում եմ բացառիկ ուշադիր մայր է Մարիաննան, ոչ ոք չէր ցանկանա նման ողբերգություն լիներ: Ինչ ասես չեն գրում, չմտածելով մոր հոգեվիճակի մասին, ես բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ հոգեվիճակում է նման դաժան ձեւով երեխային կորցրած մայրը, ես չգիտեմ նա իրեն կկարողանա ներել ակամայից որդու կորստի պատճառը դառնալու համար: