«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տոկիոյի հայտնի համերգասրահում հնչել է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն ու Կոմիտասի «Կռունկ»-ը

13/07/2022

Հուլիսի 12-ին Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և 2021թ. Հայաստանում Ա. Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթում հաղթած ճապոնացի դիրիժոր Դաիչի Դեգուչիի նախաձեռնությամբ Տոկիո քաղաքի հայտնի «Suntory Hall» համերգասրահում կայացել է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգաշարի երրորդ և եզրափակիչ համերգը:

 Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մինչ այդ՝ հուլիսի 7-ին և 10-ին, նվագախումբը համերգներ էր տվել նաև Տոկիոյի մյուս հայտնի համերգասրահներում՝ «Tokyo Opera City Concert Hall» և «Bunkamura Orchard Hall»: Համերգաշարն անցկացվել է Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ՝ ի թիվս ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ-ի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ անցկացված և անցկացվելիք մի շարք այլ համերգների:

Համերգային ծրագիրը կազմված է եղել Արամ Խաչատրյանի ջութակի (Violin Concerto in D minor) և սիմֆոնիկ (Symphony No. 2 in E minor “The Bell”) կոնցերտից, ինչպես նաև Գայանե բալետից որոշ հատվածներից, այդ թվում նաև «Սուսերով պարի» կատարմամբ: Համերգների համար հատուկ տպված բրոշուրներում ճապոներենով ներկայացված է եղել տեղեկատվություն ոչ միայն Արամ Խաչատրյանի և վերջինիս երաժշտական ժառանգության, այլ նաև Հայաստանի մասին ընդհանուր տեղեկություններ: 
Կատարումները ջերմորեն են ընդունվել ճապոնացի հանդիսատեսների կողմից և արժանացել երկարատև ծափահարությունների: Շատ ջերմ է ընդունվել ջութակի կոնցերտի կատարումը ջութակահարուհի Մայու Կիշիմայի կատարմամբ, ով ծափահարություններից հետո կատարել է նաև Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը:
Դեսպան Արեգ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և նվագախմբին համերգների անցկացման համար գործադրված ջանքերի և կատարման բարձր մակարդակի համար՝ նշելով, որ մշակութային շփումները մեծապես նպաստում են ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և փոխադարձ ճանաչելիության բարձրացմանը: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը դիրիժոր Դաիչի Դեգուչիին պարգևատրել է դեսպանության գնահատանքի պատվոգրով: