«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ն կարող է դառնալ տարանցիկ զբոսաշրջության երկիր․ ՀՊՏՀ և ՀՀ ՊԿԱ դասախոս Գայանե Թովմասյան

14/03/2022

 

Generalnews.am-ի հյուրն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող,  ՀՊՏՀ և ՀՀ ՊԿԱ դասախոս Գայանե Թովմասյանը։

 

- Ինչպես գիտենք, զբոսաշրջությունը համավարակի հետևանքով ՀՀ տնտեսության ամենաշատը տուժած ոլորտներից մեկն է։ Ի՞նչ կասեք ոլորտի անկման և վերականգնման միտումների մասին։

- Այո, ինչպես նշեցիք, համավարակը մեծ վնաս հասցրեց զբոսաշրջությանն ամբողջ աշխարհում։ Սակայն 2020թ․ կտրուկ անկումից հետո 2021 թ․, շարունակվող համավարակի պայմաններում, ոլորտը սկսեց աստիճանաբար վերականգնվել։ 2021 թ․ միջազգային զբոսաշրջիկների թվաքանակն աշխարհում կազմել է շուրջ 415 միլիոն մարդ (2020 թ․ կազմել էր 381 միլիոն մարդ), ինչը 2019 թ․ ցուցանիշից դեռևս ցածր է 72%-ով։ 2021 թ․ ՀՀ-ում ևս նկատվեց զբոսաշրջության ոլորտի ակտիվացում։ Եթե 2020 թ․  ՀՀ ներգնա զբոսաշրջային այցե­լու­թ­­­յուն­ների թվաքանակը կազմել էր 360338՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 81%-ով, ապա 2021 թ․ ՀՀ է այցելել 870308 ներգնա զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 141%-ով։ Իհարկե, այս ցուցանիշը դեռ շատ հեռու է 2019 թ․ արձանագրված ներգնա զբոսաշրջիկների թվաքանակից (1894377 զբոսաշրջիկ), սակայն հաշվի առնելով այդ ընթացքում ամբողջ աշխարհում շարունակվող համավարակը, նոր շտամների ի հայտ գալը, տարբեր երկրների կողմից պարբերաբար կիրառվող սահմանափակումները, կա­րելի է ասել, որ ստացված տվյալները դրական ազդակ են ոլորտի կամաց-կամաց վերականգնման մասին։

- Ի՞նչ ազդեցություն ունի զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության ընդհանուր համապատկերում։

- Զբոսաշրջությունն էական նշանակություն ունի մեր տնտեսության համար։ Ըստ Ճանապարհորդության և զբո­սաշրջութ­յան համաշ­խար­հա­­յին խորհրդի հրապարակումների` ՀՀ-ում զբոսաշրջութ­յան համա­խառն ներդրու­մը ՀՆԱ-ում 2019 թ. կազմել է 872.1 մլրդ դրամ կամ 1.8 մլրդ ԱՄՆ դոլար (ՀՆԱ-ի 12.9%-ը)՝ ապա­հովելով ընդ­հա­նուր զբաղ­վա­ծութ­յան 13.8-ը կամ 137800 աշխա­տա­տեղ: 2020 թ. ՀՀ-ում զբոսաշրջութ­յան համա­խառն ներդրու­մը ՀՆԱ-ում կազ­մել է 216.8 մլրդ դրամ կամ 446.9 մլն ԱՄՆ դոլար (ՀՆԱ-ի 3.4%-ը)՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 75%-ով։ Զբոսաշրջությունը 2020 թ. ապահովել է ընդ­հա­նուր զբաղվածության 11.2-ը կամ 107400 աշխա­տա­տեղ՝ նախորդ տարվա համե­մատ նվազելով 22%-ով։ 2020 թ․ ՀՀ զբոսաշրջային ծա­ռա­յութ­յունների արտահանման ծավալը կազմել է 292,4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տար­վա համեմատ պակաս է 1242․5  մլն ԱՄՆ դոլարով (2019 թ. կազմել է 1534․9 մլն ԱՄՆ դոլար)։ 2021 թ․ առաջին երեք եռամսյակներում զբոսաշրջային ծա­ռա­յութ­յուն­ների արտա­հանման ծավալը կազմել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 251 մլն ԱՄՆ դոլարով ավելի):  Ըստ ՀՀ Վի­ճա­կագրական կոմիտեի տվյալների՝ կացության և հանրային սննդի կազմա­կերպ­ման ծա­ռա­յութ­­­յուն­ների ծավալը 2021 թ․ հունվար-դեկտեմբերին կազմել է 182107․8 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 68․2%-ով։ Այսինքն, կարող ենք ասել, որ, ոլորտն աստիճանաբար վերականգնվում է համավարակի անկումից հետո։

- Որպես ՀՀ տնտեսության ճյուղի՝ ի՞նչ կասեք ՀՀ ներքին զբոսաշրջության մասին, ի՞նչ մարտահրավերների առաջ է այսօր կանգնած ոլորտը։

- Միջազգային սահմանափակումների, չվերթների չեղարկման պարագայում ներքին զբոսաշրջությունն իրոք այլընտրանք էր արտագնա զբոսաշրջությանը։ Նշեմ, որ 2019 թ. ՀՀ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 1544600 մարդ։ 2020 թ․, համավարակով պայմանավորված, ներքին զբո­սաշրջիկների թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 33%-ով՝ կազմելով 1045756 մարդ։ 2021 թ․ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 1595826 մարդ՝ 2020 թ․ համեմատ աճելով 52․6%-ով, 2019 թ․ համեմատ՝ 3%-ով։

2022 թ․ դեռ համավարակը չի նա­հան­ջել, և գուցե կրկին լինեն միջազգային տեղաշարժ­ման սահմանափակումներ, շատ երկրներ դեռ զբոսաշրջիկներ են ըն­դունում միայն պատ­վաստված լինելը հա­վաստող սերտիֆիկատի պարագայում, ուստի կարելի է ակնկալել ՀՀ ներքին զբո­սաշրջութ­յան ակտիվացում 2022 թ․ ևս։

- Այժմ նկատվում է ռուս զբոսաշրջիկների մեծ հոսք, ինչպե՞ս դա կազդի մեր երկրում զբոսաշրջության ոլորտի վրա։ Կարելի՞ է արդյոք սպասել որոշակի տնտեսական ակտիվություն։

- Նախ նշեմ, որ ռուս-ուկրաինական պատերազմն իր բացասական հետևանքը կունենա նաև ՀՀ տնտեսության վրա։ Բացասական ազդեցությանը զուգընթաց, շատ է խոսվում այն հնարավոր դրական ազդեցության մասին, ինչը կարելի է տեսնել զբոսաշրջության ոլորտում։ 2021 թ․ փետրվարի 24-ից սկսած տարբեր երկրներ սկսեցին սանկցիաներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, դադարեցրեցին թռիչքները, իրենց երկրների օդային տարածքը փակեցին Ռուսաստանի համար, Ռուսաստանն էլ, ի պատասխան, իր օդային տարածքը փակեց այդ երկրների առջև։ Կապված աշխարհաքաղաքական իրադրության հետ՝ Ուրալյան ավիաուղիներ, Աերոֆլոտ, Nordwind ավիաընկերությունները  չեղարկել են իրենց միջազգային չվերթները։ Այժմ ՀՀ-ից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ չվերթներ է իրականացնում նորաստեղծ հայկական Flyone Armenia ավիա­ընկերությունը, հայկական Armenia ավիաընկերությունը, ինչպես նաև ռուսա­կան Red Wings, PegasFly, Azimuth, Utair, IrAero, Pobeda ավիաընկերությունները։ Չվերթների չեղարկմամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին օրերին մեր երկիր օրական գրեթե 40 ինքնաթիռ էր ժամանում Ռուսաստանից, և շատ ռուսներ արդեն ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում։ Մեծ մասը հանգրվա­նել է հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, վարձու բնակարան­նե­րում, որոշները՝ բարեկամների տանը, որոշները հասցրել են բնակարան ձեռք բերել։ Իհարկե, դրա հետևանքով աճել են նաև բնակարանների վարձավճարները։

Մարտի 13-ին, օրինակ, ըստ Զվարթնոց օդանավակայանի կայքի տվյալների՝ նախատեսված է եղել 21 թռիչք ՌԴ-ից, մարտի 12-ին՝ 19 թռիչք։ Այժմ, հաշվի առնելով այլ երկրների կողմից կիրառվող սահմանափակումները, ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի երկարաժամկետ հատվածում ռուս զբոսաշրջիկներին գրավելու ուղղությամբ։ ՌԴ-ում փակվում են միջազգային բրենդների խանութները, ուստի, այս առումով ՀՀ-ն կարող է դառնալ նաև «շոփինգ (shopping)» զբոսաշրջության երկիր ռուսների համար: ՀՀ-ն կարող է դառնալ տարանցիկ զբոսաշրջության երկիր, երբ ռուս զբոսաշրջիկները այլ երկրներ մեկնելու համար ուղիղ թռիչքների բացա­կա­յության դեպքում կարող են մեկնել Երևանով։

Կարևոր է նաև այս ընթացքում Երևանի վրա ենթակառուցվածքային ճնշումը նվազեցնելու նպատակով դեպի մարզեր տուրեր կազմակերպելը ռուս զբոսաշրջիկների համար, ինչը նաև կնպաստի մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ 

- Որպես տնտեսագետ՝ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինեն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները մեր երկրի համար։

- Ռուս-ուկրաինական պատերազմն, անշուշտ, երկարաժամկետ հատվածում բացասական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա՝ արտարժույթի տատանումների, ՌԴ-ից ՀՀ փոխանցվող գումարների նվազման, ապրանքների արտահանման և ներմուծ­ման, ՀՀ անշարժ գույքի շուկայում գների բարձրացման և այլ հնարավոր խնդիր­ների հետ կապված։ Այս առումով, ռուս զբոսաշրջիկների մեծ հոսքը դեռևս կարճաժամկետ դրական նշանակություն ունի, ուստի երկարաժամկետում պետք է մշակել մյուս բացասական վտանգների չեզոքացմանն ուղղված քայլեր։ Միևնույն ժամանակ, պետք է աշխատանքներ տանել երկարաժամկետ հատվածում ռուս զբոսաշրջիկներ գրա­վելու ուղղությամբ, քանի որ նրանք այժմ չեն կարող գնալ տարբեր եվրոպական երկրներ՝ նրանց համար մշակելով հետաքրքիր, գրավիչ, մատչելի փաթեթներ։ Ռուս զբոսաշրջիկների եկամուտներն այժմ նվազել են, շատերն այստեղ մեծ ծախսեր չեն կատարի, մի մասը գուցե ՀՀ է գալիս բնակություն հաստատելու, ՀՀ-ից հեռավար աշխատելու (հատկապես ՏՏ ոլորտի աշխատողները) նպատակով, մինչև որ ՌԴ-ում իրավիճակը կկարգավորվի, և կկարողանան հետ վերադառնալ։ Ամեն դեպքում, դեռ շատ վաղ է հստակ գնահատականներ և կանխատեսումներ անել, թե 2022 թ․ ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի ՀՀ որքան կլինի, քանի որ ամեն ինչ կախված է այն բանից, թե պատերազմական իրավիճակը և դրա հետևանքով մյուս սահմանափակումներն ու սանկցիաները ռուսների համար որքան կշարունակվեն։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am