«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սա կորոնավիրուսի վեցերորդ ալիքն է, և մարդիկ չպետք է զգոնությունը կորցնեն». Դավիթ Մելիք-Նուբարյան

26/08/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը

  Պարո՛ն Մելիք-Նուբարյան, Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1913-ով, բուժվածներինը՝ 1663-ով, մահացել է 5 մարդ։ Ինչո՞ւ է վարակումների թիվը կտրուկ աճում հիմա։ Եվ արդյոք սա կհանգեցնի՞ նոր բռնկման։

– Ըստ էության, մենք բռնկման կենտրոնում ենք գտնվում։ Սա կորոնավիրուսի վեցերորդ ալիքն է։ Բռնկումը սկսվել է 7-8 շաբաթ առաջ։ Այսինքն՝ այս թվերի բարձրացումը սպասելի էր։ Մենք միշտ էլ ասել ենք, որ քովիդն այնպիսի հիվանդություն է, որ պարբերաբար առաջացնելու է բռնկում, և այս համատեքստում որևէ արտառոց բան չկա։

Ինչ վերաբերում է թվերի ավելացման դինամիկային, եթե համեմատենք նախորդ ալիքների հետ, ապա այս ալիքի պարագայում վիճակը շատ ավելի բարվոք է։ Փետրվար ամսին օր է եղել՝ մենք 2000-ից ավելի դեպք ենք ունեցել, ապա այստեղ շաբաթվա կտրվածքով է 2000 դեպք։ Անցյալ տարի աշնանը մենք ունեցել ենք օր, երբ, ցավոք սրտի, 80 հայաստանցի է մահացել քովիդից, ապա այսօր շաբաթվա կտրվածքով 5 մարդ է մահանում, իհարկե, յուրաքանչյուր մարդու մահ ողբերգություն է։ Վիճակը հիմա ավելի կառավարելի է, և դա ունի իր պատճառները։

– Որո՞նք են դրանք։

– Մի քանի գործոն կա․ ամենակարևոր գործոններից է այն, որ վիրուսն է փոխվել։ Այսինքն՝ Հայաստանում ներկայում տարածված տեսակներն ավելի քիչ վտանգավոր են և ավելի հազվադեպ են առաջացնում հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացք։

Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանում մեծ է իմունացված բնակչության տեսակարար կշիռը, որը կազմում է բնակչության 2/3-րդը։ Մոտ 1/3-րդը իմունիտետ է ձեռք բերել պատվաստվելու միջոցով, ևս մոտ 1/3-րդը՝ բնական ճանապարհով, այսինքն՝ վարակվելով և ապաքինվելով։ Այս գործոններն օգնում են, որ ընթացքը լինի ավելի մեղմ։

– Եթե վեցերորդ ալիքը շարունակի բռնկվել, առողջապահության համակարգը պատրա՞ստ է։

– Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, որևէ արտառոց բան չլինի, այսինքն՝ վարակի կայծակնային փոփոխություն չլինի, ապա չպետք է ակնկալել առողջապահության համակարգի գերբեռնվածություն։ Բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է զգոնությունը կորցնեն, այսինքն՝ կատեգորիկ չհետևեն պարզագույն հակահամաճարակային վարքագծին, անտեսեն պատվաստումները։ Չեմ ուզում, որ իմ խոսքերը ավելորդ հանգստություն առաջացնեն, թեև այս պահին իրավիճակն ամբողջությամբ կառավարելի է։

– Ցածր տոկոս են կազմում երրորդ դեղաչափ ստացածները։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

– Սա շատ լուրջ մտահոգություն առաջացնող գործոններից է։ Տեսեք՝ ԵՄ-ում էլ էր այս բռնկումը, բայց այնտեղ այն շատ կարճ տևեց, ընդամենը 4-6 շաբաթ, և արդեն երեք շաբաթ շարունակ թե՛ նոր դեպքերի, թե մահվան դեպքերի թիվը կրճատվում է։ Սա պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ում երրորդ խթանիչ դեղաչափ ստացող չափահաս բնակչության տեսակարար կշիռը 65 տոկոսից ավելի է, իսկ մեզ մոտ 2 տոկոս է, մոտ 65․000 մարդ։ Խնդիրն այն է, որ մենք մեր հասարակությունում թեև մեծ ջանքեր կիրառեցինք, բայց չստացվեց ստեղծել պատվաստումների նկատմամբ լայն կադրային վստահություն։ Սա շատ տխրեցնող փաստ է։

Կառավարությունը թեև ջանքեր գործադրեց, սակայն քովիդի դեպքերի թվի նվազումը հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին խուսափել պատվաստումից։ Սակայն ուղերձը հետևյալն է․ քովիդը դարձել է մեր շրջանառվող վարակներից մեկը, ինչպես սեզոնային գրիպի պարագայում, այնպես էլ քովիդի պարագայում խոցելի խմբերին խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ պատվաստվել։ Պատվաստանյութերի ներկրումից երկար ժամանակ է անցել, այս ընթացքում որևէ իրական մտահոգություն առաջացնող փաստեր չեն հայտնաբերվել, և այն մարդիկ, որոնք տատանվում են, կարող են այս տեղեկատվությունը իրենց մեջ ֆիլտրել և որոշում կայացնել։

ԵՄ-ում արդեն երեք շաբաթ է՝ միտումը գնում է դեպի նվազում՝ և՛ վարակվածների, և՛ մահերի։ Նոր դեպքերը մոտ 26 տոկոսով նվազում են, մեզ մոտ էլ եթե էական արտաքին գործոններ չլինեն, աստիճանաբար ալիքը կգնա դեպի մարում։

– Պարո՛ն Մելիք-Նուբարյան, պարադոքս չէ՞, որ երրորդ դեղաչափը ստացածները վարակվում են քովիդով, և բավականին ծանր ընթացք է վիրուսն ունենում։

– Ծանր տանելու հետ կապված ձեռքիս տակ փաստեր չունեմ, բայց վարակվելու հետ կապված հայտնի փաստ է։ Քանի որ վիրուսի տեսակները փոխվեցին, իսկ պատվաստանյութը մշակվել էր կոնկրետ տեսակի հիման վրա, այն ժամանակի ընթացքում սկսեց չպաշտպանել վարակվելուց, այսինքն՝ մնաց արդյունավետ հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը կանխարգելելու համար։

Այնուամենայնիվ, կարող են լինել մարդիկ, որոնք ծանր են տանում, բայց եկեք մտածենք այլ կերպ, որ եթե չպատվաստվեինք, կարող էր լինել անդառնալի հետևանք։

– Վերջին մեկ ամսվա ընթացքում վիրուսից մահերի թվի ինչպիսի՞ փոփոխություն ունենք։

– Տեսեք, ընդհանուր առմամբ դեպքերը կայուն են, առավելագույնը եղել է 7՝ երկու շաբաթ առաջ, իսկ մինչ այդ 2-3, այսինքն՝ ընդհանուր դինամիկան կայուն է։
Մանե Հարությունյան
MediaLab.am