«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհրաժեշտ է ռուսաստանաբնակների և կազմակերպությունների հոսքերն ուղղել դեպի ՀՀ մարզեր․ Արաքսյա Բարսեղյան

21/03/2022

 

 

Generalnews.am-ի հյուրն է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակից Արաքսյա Բարսեղյանը

- Շարունակելով վերջին շաբաթների ընթացքում հայաստանյան իրականության համար օրակարգային դարձած հարցը, այն  է՝ ռուսաստանաբնակների ներհոսքը դեպի մեր երկիր, կուզեի հետաքրքրվել Ձեզնից՝ ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված ռուսների և  ռուսաստանյան ընկերությունների մեծ ներհոսքը դեպի քաղաք Երևան։

- Ինչպես նշեցիք՝ ՌԴ-ից ՀՀ ժամանողների գերակշիռ մասը նախընտրում են քաղաք Երևանը։ Թեպետ դեռևս առկա չէ պաշտոնական տեղեկատվություն, սակայն այդ մասին են փաստում ինչպես Երևանի անշարժ գույքի շուկայում բնակարանների վարձակալության գների կտրուկ բարձրացումը, այնպես էլ քաղաքի հասարակական նշանակության տարբեր օբյեկտներում ռուսաստանաբնակների մեծ խմբերը։ Երևանում կենտրոնացումը պայմանա­վորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում առկա են բոլոր անհրաժեշտ պայման­ները և հարմարությունները ինչպես բնակություն հաստատելու, այնպես էլ գործունեություն իրականացնելու համար: Երևան քաղաքում է կենտրոնացած ինչպես երկրի բնակչության, այնպես էլ սոցիալ-տնտեսական կյանքի զգալի մասը։ Այսպես՝ 2021 թ. տարեսկզբի դրությամբ մայրաքաղաքում բնակվում է 1 091,7 հազար մարդ, որը ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակի 36,8%-ն է կազմում: Իսկ ինչ վերաբերում է քաղաքում սոցիալ-տնտեսական կյանքի կենտրոնացմանը, հարկ է նշել, որ 2020 թ. մայրաքաղաքի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ տնտեսության համապատասխան հատվածների մեջ բավականին մեծ են: Այսպես՝ քաղաքի արդյունաբերության բաժինը կազմել է ՀՀ արդյունաբերության 34,4%-ը, շինարարությանը՝ 57,5%-ը, մանրածախ առևտրինը՝ 70,3%-ը, ծառայություններինը՝ 87,0%-ը: Մայրաքաղա­քում են գտնվում նաև պետական կառավարման մարմինների զգալի մասը, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովն ու կառավարությունը, բոլոր նախարարություններն ու հիմնական գերատեսչությունները, հասարակական և այլ կազմակերպությունների, տարբեր միությունների, հիմնադրամների, դատաիրավական մարմինների, բանկերի ու այլ ֆինանսական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը, զանգվածային լրատվամիջոցների մեծ մասը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների գրասենյակները և այլն: Այսպիսով՝ կարող ենք նշել, որ Երևանում սոցիալ-տնտեսական կյանքի նման կենտրոնացմամբ է պայմանավորված ռուսաստանաբնակների մեծ ներհոսքը դեպի քաղաք։

- Ինչպիսի՞ ազդեցություն է գործել Երևան քաղաքի տնտեսության վրա ՌԴ-ից մեծ ներհոսքը։

- Ինչպես արդեն նշեցինք, մայրաքաղաքում է կենտրոնացած երկրի բնակչության և սոցիալ-տնտեսական կյանքի զգալի մասը, և նման կենտրոնացման արդյունքում Երևան քաղաքում կուտակվել են մի շարք հիմնախնդիրներ: Դրանց թվում են բնապահպանական, տրանսպորտային համակարգի, ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրները, բնակարանային անբավարարությունը, հիմնարար ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ միջոցների սակավությունը կամ բացակայությունը և այլն: Ըստ այդմ՝ այժմ ՌԴ-ից մեծ հոսքերը դեպի Երևան կարող են նպաստել և արդեն իսկ նպաստել են քաղաքում առկա հիմնախնդիրների ավելացմանը:

Այսպես՝ դեպի Երևան մեծ ներհոսքի պատճառով վերջին օրերին քաղաքում բնակարանների վարձակալության գները կտրուկ աճել են։ Այդ մասին են փաստում Booking.com, List.am, banali.am էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև ոլորտի մասնագետները։ Այս հանգամանքը պայմանավորված է ռուսաստանաբնակների կողմից մեծ պահանջարկով, իսկ շուկան՝ պատրաստ չլինելով՝ բնականաբար արձագանքում է գների բարձրացմամբ։ Այս երևույթը արտացոլում է Երևան քաղաքում առկա բնակարանային անբավարարության խնդիրը, որը ՌԴ-ից մեծ ներհոսքի պայմաններում ավելի է սրվել։ Բացի այդ, բնակարանների վարձակալության նկատմամբ ռուսաստանաբնակների մեծ պահանջարկը ևս մեկ խնդրի է հանգեցրել․ բնակարանների սեփականատերերը հայաստանցի վարձակալներին տարբեր պատճառներով խնդրում են ազատել բնակարանները՝ ցանկանալով դրանք վարձակալության տրամադրել ռուսաստա­նաբնակներին առավել բարձր գներով։ Պետք է նշել, որ ռուսաստանաբնակների և ռուսաստանյան ընկերությունների Երևան տեղա­փոխումը հանգեցրել է նաև տրանսպորտային, երթևեկության համակարգի ծանրա­բեռնմանը, ավելացել է տրանսպորտային հոսքերի քանակը, բանկերում և բանկոմատների մոտ, ինչպես նաև այլ ծառայություններից օգտվելիս նկատելի են զգալի հերթեր և այլն: Ըստ այդմ՝ կարող ենք նշել, որ ռուսաստանաբնակների՝ քաղաք Երևան ժամանման բացասական հետևանքները ներկայումս առավելապես արտահայտվում են քաղաքում մատուցվող ծառայությունների արդյունավետության անկմամբ՝ պայմանավորված ծառայու­թ­յունների մատուցման համար անհրաժեշտ միջոցների բացակայությամբ:

- Դուք նշեցիք քաղաք Երևանում ռուսաստանցիների կենտրոնացման միայն բացասական կողմերը, իսկ չկա՞ն արդյոք դրական կողմեր։

- Իհարկե, կան։ Նշեմ դրանցից մի քանիսը՝ այն նպաստում է քաղաքում սպառման ավելաց­մանը, հարկային եկամուտների ավելացմանը, բնակչությանը մատուցվող ծառայություն­ների ընդլայնմանը, ինչպես նաև կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Երևան տեղափոխված ընկերությունների և անհատների մեջ մեծ թիվ են կազմում ՏՏ ոլորտի կազմակերպությունները և մասնագետները, ինչը դրական կողմեր ունի, քանի որ կարող է նպաստել քաղաքում ՏՏ ոլորտի զարգացմանը։

- Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել ռուսաստանաբնակների և ռուսաստանյան ընկերությունների կենտրոնացումը Երևան քաղաքում նվազեցնելու կամ դրանք ՀՀ այլ քաղաքներում տեղաբաշխելու համար։

- Կարծում եմ, որ անհրաժեշտ է ռուսաստանաբնակների և կազմակերպությունների հոսքերն ուղղել մարզեր։ Այդ ուղղությամբ դրական քայլ կարող է լինել ՏՏ ոլորտի մասնագետների բնակեցումը մարզերում, քանի որ ՀՀ ժամանածների մեջ վերջիններս մեծ թիվ են կազմում և մեծամասամբ աշխատում են հեռավար, ուստի նրանց համար զգալի տարբերություն չկա, թե երկրի որ հատվածում կգտնվեն, բացի այդ մարզերում բնակարանների վարձակալության գները առավել մատչելի են։ Այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ խնդիրը պահանջում է խորքային և բազմակողմ լուծում, ուստի այս ուղղությամբ իշխանությունների կողմից պիտի համապատասխան աշխատանքներ տարվեն։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am