ԵԱՀԿ նախագահին արցախյան կազմակերպությունների դիմումի առիթով. Աշոտ Ներսիսյան
Արցախի հանրապետության շուրջ 50 քաղաքացիական կազմակերպություններ նամակով դիմել են ԵԱՀԿ գործող նախագահին, հպանցիկ ներկայացնելով Մինսկի խմբի բանակցային սկզբունքները, որոնցում դրվում էր խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հարցը, շեշտվում է Ադրբեջանի կողմից դրանց անտեսումը, որի արդյունքում մասնավորապես 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2023թ. հոկտեմբերի 4-ը Արցախի հանրապետությունը լքեց 150000 մարդ, ֆիզիկական ոչնչացման ենթարկվեցին տեղի բնակիչները և այն փաստորեն բռնազավթվեց: Ինչպես նշվում է նամակում, Ադրբեջանը ցանկանում է հասնել Մինսկի խմբի վերացմանը` նույնն անել պահանջելով Հայաստանից, որը բնականաբար նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը համարում է լուծված: Խախտելով մարդու իրավունքների վերաբերյալ միջազգայնորեն ընդունված օրենքներն ու կոնվենցիաները, որոնց հիմքով է բանակցությունները կազմակերպել Մինսկի խումբը, նամակում կոչ է արվում «հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղին առնչվող ԵԱՀԿ որոշումների նկատմամբ և ամենամոտ ժամանակում պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման համար։ «Միանգամայն ակնհայտ է, - այնուհետև գրում են,-որ այժմ միայն Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժողովն է ի զորու ընդունել քաղաքական որոշումներ, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում մարդու խախտված իրավունքները վերականգնելու համար։ Մենք գիտակցում ենք, որ մինչև արմունկները արյան մեջ թաթախված պետությունների ղեկավարները կխոչընդոտեն ԵԱՀԿ-ին իրագործելու սեփական որոշումները՝ դիմելով մարդու հիմնարար իրավունքները ուժի միջոցով խախտելու հանցավոր գործելակերպին, բայց միևնույն ժամանակ հավատում ենք, որ Ձեր գլխավորած միջազգային կազմակերպությունը օժտված է բավականաչափ քաղաքական կամքով հաղթահարելու այդ արգելքը»։
Այն ինչ գրված է դիմումում, արտացոլում է ողջ ճշմարտությունը, բայց նրանից համակ միամտություն է բուրում և հետևյալ պատճառներով.
1. Դիմումը ուղղվում է այն կազմակերպությանը, որի անդամ երկրները դրա հեղինակներից շատ լավ գիտեն այնտեղ շարադրվածը և Մինսկի խմբի անդամ կամ նախագահող երկրներն իրենք հենց ուղղակի կամ միջնորդավորված նպաստել են Լեռնային Ղարաբաղի ողբերգությանը:
2. Այդ խմբի նախագահող երկրներն իրար հետ խելահեղ բախման մեջ են: Այդ պայմաններում ինչպես է հնարավոր դրա վերակազմումը:
3. ԵԱՀԿ-ն ինչ խորհրդաժողով պետք է ներկայումս գումարի, որն արդյունավետ լինի արցախցիների համար:
4. Ադրբեջանը արհամարհեց միջազգային դատարանի որոշումը, երբ դեռ Արցախում կար բավական ստվար հայություն, այժմ դատարկված Արցախ մեկնելու համար ինչ անվտանգության երաշխիքներ է հնարավոր ստեղծել: Կարծում ենք, որ ոչ մի: Մենք էլ անուղղակիորեն մեր ստորագրությունը դնելով դիմումի տակ և լիովին կիսելով այնտեղի հարցադրումները, կարծում ենք սակայն, որ այն ամուլ է վերջանալու, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ մեր դժբախտությունների հիմնական պատճառն հենց ապավինելն է: Այժմ հարց է դրվում Հայաստանի և Ադրբեջանի չմիջնորդավորված բանակցությունների մասին: Բայց դա էլ երբեք արդյունք չի տա, որովհետև միշտ էլ կխառնվեն Թուրքիան, Արևմուտքը և Ռուսաստանը: Ազդեցության ոլորտները հստակեցնելու ահեղ կռիվ է գնում, որի ավարտը թերևս շատ հեռվում չէ: Իսկ արցախահայության առաջնորդները, կարծում ենք, որ հիմա պետք է սկսեն տարածաշրջանային այն կոնկրետ երկրի հետ աշխատել, որին ձեռնտու կարող է լինել արցախահայության վերադարձը: Հարկավ, դա էլ է շատ բարդ խնդիր, բայց այլ ելք չկա: Ուրիշ պատրանքներ պետք չէ ունենալ: Մյուսը զենքով հետ բերելն է, որի մասին խոսելն էլ պատրանքային է հնչում, այն պայմաններում, երբ մենք ճանաչել ենք Ադրբեջանի Արցախով տարածքային ամբողջականությունը:
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ