Մեր ցանկությունը մեկն է՝ ինչ որ սկսվելու է, արագ ավարտվի և կայուն մնա Իրանը. Աշոտ Ներսիսյան
Տարածաշրջանում հիմա թերևս ներքին և արտաքին առումներով ամենազգայուն և փխրուն իրավիճակում է գտնվում մեր հարևան Իրանը։ Մեզ ինչքան էլ ձեռնտու լինի նրա կայուն մնալը, հասկանալի է, որ մենք դրանում ունենք զրո դերակատարություն։ Հաճախ այն զգացումն ունենք, հատկապես Ռայիսիի ուղղաթիռի խորհրդավոր կործանումից հետո, որ Իրանի հոգևոր առաջնորդն ինչ որ խաղ է խաղում, որի տրամաբանությունն է' ինձնից հետո ոչ մեկը։ Այդ տրամաբանությունն ավելի ընկալելի էր դառնում այն շշուկների ֆոնին, որ նախկին նախագահն էր դիտարկվում նրա հնարավոր հաջորդը։ Կարծես թե ներկայիս նախագահը հակված է Իրանում փոփոխությունների, որոնք միտված են կրոնապետական համակարգի ներքին առումով թուլացմանը։ Արաղչին, որն ավելի շատ Խամենեի բանակցողն է, հաճախ է վերջինիս նման կտրուկ հայտարարություններ անում, որոնք երբեմն հակասական են։ Բանակցությունները ԱՄՆ հետ կարծես արարողակարգային բնույթ ունեն և ոչ մի արդյունք չեն տալիս։ Հընթացս դրանց սեղմվում է Իրանի շուրջ ռազմական օղակը։ Կարծում ենք, որ մերձավորարևելյան նոր ճարտարապետությունը չի ենթադրում Իրանի ներկա վարչակարգի պահպանում։ Իրանը հիմնականում մենակ է, ինչքան էլ զենքեր ստացած լինի Ռուսաստանից, կամ Չինաստանից։ ԱՄՆ֊ ում այդքան հիմար չեն և գործում են գերճշգրիտ։ Նրանք ունեն ամենահզոր զենքը, որը գործի կդնեն հընթացս ռմբահարումների՝ ներքին ընդվզումը, որի վերսկսումը վայրկյանների հարց է։ Ավելի շատ կցանկանայինք սխալվել այս դատողությունների մեջ, բայց անկախ դրանցից մեր ցանկությունը մեկն է՝ ինչ որ սկսվելու է, արագ ավարտվի և կայուն մնա Իրանը։
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ