«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

"Ադրբեջանական տեսակետը տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ հիմնազուրկ է"․ ի․գ․թ․ Գրիգոր Չոբանյան

15/10/2021

Միջազգային իրավունքում լայնորեն քննարկվող «տարածքային ամբողջականության պահպանում» և «ազգերի ինքնորոշում» հասկացությունների մասին այսօր զրուցել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Գրիգոր Չոբանյանի հետ։

- Պարոն Չոբանյան, շնորհակալություն թեմայի շուրջ զրուցելու հրավերն ընդունելու համար։ Ե՞րբ, միջազգային ո՞ր փաստաթղթերում է կիրառվում «տարածքային ամբողջականություն» եզրը, ո՞րն է դրա էությունը։

- Ես էլ եմ շնորհակալ։ Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի սկզբունքների անկյունաքարերից է։  Այն որպես աղբյուր կիրառելի է մի շարք միջազգային պայմանագրերում, փաստաթղթերում։ Որպես նմանատիպ փաստաթուղթ կարելի է հիշատակել ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտը, որտեղ անդրադարձ է կատարվում հենց վերոհիշյալ սկզբունքին, ինչպես նաև 1970 թվականի միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիրը, որտեղ ներկայացված է տարածքային ամբողջականության սկզբունքի նորմատիվային բովան­դա­կությունը։

- Ո՞րն է այն ընթացակարգը, որի շրջանակներում կարգավորվում են տարածքային ամբողջականության սկզբունքի շուրջ պետությունների միջև առաջացած տարաձայնությունները։

- Ցանկացած միջազգային իրավախախտման, այդ թվում պետությունների տարածքային ամբողջականության խախտման պարագայում, պետությունների միջև վեճերի կարգավորման ամենակարևոր հաստատությունը Արդա­րադատության միջազգային դատարանն է (ICJ-International Court of Justice), սակայն այստեղ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Արդարադատության միջազգային դատարանի, ինչպես նաև այլ միջազգային տրիբունալի դիմելու և այնտեղ վեճը քննելու համար անհրաժեշտ է վեճի կողմ հանդիսացող երկու պետությունների համաձայնությունը։ Սա հենց միջազ­գային իրավունքում ամենախնդրահարույց հարցերից մեկն է․ այլ կերպ ասած, եթե կա երկու պետությունների միջև տարածքային ամբողջականության խախտմանն առնչվող վեճ, ապա պետություններից մեկը  մյուսին կարող է դատի տալ և գործը կարող է քննվել (կոնկրետ այս դեպքում Արդարադատության միջազգային դատարանում) միայն եթե կա վեճի կողմ հանդիսացող մյուս պետության համաձայնությունը։

- Արդյո՞ք հակասության մեջ են տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները։

- Ոչ, դա հաճախ մեդիայում հանդիպող թյուր ընկալումներից է, տարածքային ամբողջականության սկզբունքը կարգավորում է միջպետական հարա­բերությունները, այսինքն պետությունների միջև և պետությունների կողմից միմյանց տարածքային ամբողջականության պահպանման պարտավորության մասին է խոսքը։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի դեպքում այդ իրավունքի իրացման առաջնային սուբյեկտը ոչ թե պետությունն է , այլ ժողովուրդներն են, որոնք պայքարում են ինքնորոշման հասնելու, ինչպես նաև արտաքին ինքնորոշման դեպքում՝ ապագայում պետության ճանաչման համար։ Ընդամենը, իրավունքի սուբյեկտային կազմի տարբերության մասին է խոսքը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից սկզբունքների անիրա­վահավա­սարությունն անհեթեթ է, քանի որ հենց միջազգային իրավունքում հստակ ամրագրված է, որ  միջազգային իրավունքի ոչ մի սկզբունք մյուսի հանդեպ գերակայություն չունի։

- Իսկ ինչպե՞ս են զուգորդվում այդ երկու սկզբունքները կոնկրետ Արցախյան հակամարտության շուրջ ընդունված միջազգային փաստաթղթերում։

- Փաստաթղթերից առաջինը, որին անդամակցում են և´ ՀՀ-ն, և´ Ադրբեջանը, ՄԱԿ-ի Կանոնադրությունն է, որտեղ արտացոլված են սկզբունքները։  Սկզբունքներն արտացոլված են նաև Հելսինկյան եզրափակիչ ակտում, որին մասնակցում են երկրները։ Այս երկուսն էլ հավասարապես պաշտպանության ենթակա սկզբունքներ են, զուգորդվում են, սակայն չեն փոխբացառում։ Ադրբեջանը փորձում է պնդել, որ խախտվել է իր տարածքային ամբողջականության սկզբունքը, սակայն այդ պնդումը, բնականաբար հիմնազուրկ է։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ ինքնորոշման իրավուքի իրացումը (տվյալ դեպքում` արտաքին իրացումը) որևէ կերպ հակասության մեջ չի կարող մտնել տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանզի տարածքային ամբողջականությունը դիտարկվում է միջպետական հարաբերությունների համատեքստում, իսկ ինքնոշորաշման իրավունքի իրացնող սուբյեկտը պետությունը չէ այլ ժողովուրդը:

- Հելսինկյան Եզրափակիչ ակտն իր տասը հայտնի սկզբունքներով կարո՞ղ է կիրառելի լինել Արցախյան հակամարտության դեպքում, եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։

- Եզրափակիչ Ակտի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրավաբանական պարտադիրության տեսանկյունից այն ավելի շատ քաղաքական հանձնառություն արտացոլող փաստաթուղթ է, սակայն իրավաբանորեն պարտադիր չէ։ Սա իհարկե չի նշանակում, որ փաստաթղթին չի կարելի հղում կատարել հակամարտության կարգավորման համատեքստում, սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից, ամեն դեպքում ցանկալի է գերապատվություն տալ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերի։

- Կխնդրեի ներկայացնել 1-2 օրինակ միջազգային իրավունքի պատմությունից, երբ կոնկրետ հակամարտությունները կարգավորվել են տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներից ելնելով։

- Ազգերի ինքնորոշման սկզբունքի հարցը տարբեր գործերի շրջանակներում քննարկվել է Միջազգային արդարադատության դատարանում, և այդ գործերից օրինակ կարելի է հիշատակել Արևելյան Թիմորի գործը (EAST TIMOR CASE)։ Կոսովոյի գործով դատարանը նույնպես իր խորհրդատվական եզրակացությամբ անդրադարձ է կատարել հարցին, նշելով, որ անկախության հռչակումը որևէ կերպ հակասության մեջ չէ միջազգային իրավունքի հետ։ Տարածքային ամբողջականության սկզբունքին անդրադարձ կատարվել և տարածքային վեճ քննվել է Չադի և Լիբիայի միջև եղած տարածքային վեճի շրջանակներում ։ Կողմերը համաձայնության էին եկել դիմելու միջազգային դատարանին և վերջինիս էին վերապահել իրավունքը՝ որոշելու, թե ում է պատկանում վիճարկվող տարածքը։

- Ներկա իրավիճակը հաշվի առնելով (2020 թ․ պատերազմը, Արցախի տարածքի մեծ մասի կորուստը և այլն)՝ Դուք որպես միջազգային իրավունքի մասնագետ, ի՞նչ եք կարծում տեսանելի ապագայում միջազգային իրավունքի ո՞ր սկզբունքի կիրառման շրջանակներում է ավելի ռեալ՝ խոսել Արցախյան հակամարտության վերջնական լուծման մասին։

- Ցանկացած հակամարտության վերջնական կարգավորում պետք է իրականացվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները հաշվի առնելով։ Առավելապես անցած տարվա դեպքերի հետևանքները նկատի ունենալով՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացման երաշխիքների նկատմամբ պահանջը պետք է առաջնային լինի, այն պետք է պահպանվի և չխախտվի, քանի որ էլ ավելի ակնհայտ է դարձել Ադրբեջանի գործողությունների նպատակը, իսկ այդ նպատակների կանխումն ու վերացումը պետք է պայմանավորենք միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդյունավետ իրացմամբ։

Հարցազրույցը վարեց՝  <<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ,պ․գ․թ․,դոցենտ  Մարինե Գևորգյանը