«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ <<ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ>> ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

07/05/2021

Այս երկու օրը լայն քննարկման առարկա է դարձել  Լ Տեր Պետրոսյանի կողմից երկրորդ և երրորդ նախագահների հետ   հանդիպման կազմակերպման և այդ ընթացքում արված առաջարկության գաղտնազերծումը։ Ընդ որում,  այն քննարկվում է տարբեր կողմերից, որոնցից  երկու առումով այն խոցելի են դարձնում առաջին նախագահի համար՝ առաջին, որ նա դաշինք ստեղծելու առաջարկ է արել իր հաջորդ երկու նախագահներին, որոնց հանդեպ ամենախիստ քննադատություններն է հնչեցրել ժամանակին, ավելին՝  նրանց վարչակարգը համարելով ավազակապետական, և, երկրորդ, որ ներկայիս վարչապետի պաշտոնակատարը իր հոգեզավակն է, ուստի նրա ձախողումների համար նաև ինքն է մեղավոր, ուրեմն ինչու՞ է քննադատում։ Բայց, կարծում ենք, ավելի շատ խոցելի են այսպես մտածողները, քանի որ խորքային մոտեցում չեն ցուցաբերել   գաղտնազերծված հայտարարությանը։ Այն վերաբերվում է <<Ազգային համաձայնության դաշինքին>> , որը կայանալու դեպքում կարող էր բավականին արդյունավետ լինել, թեկուզ և նոր  խորհրդարանում միասնական ընդդիմության ձևավորման տեսանկյունից, եթե ձայների շատ տոկոս հավաքի  իշխող ուժը։
Այս ամենում համոզվելու համար՝ փորձենք քննական վերլուծության ենթարկել հայտարարության կետերը։
Նախ, հայտարարությանը նախորդած չորս կետերի մասին, որոնցով հիմնավորվում է  այն կամ դաշինքի ստեղծումը, որն է՝<<պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը>>։ Հիրավի, ոչ մեկը չի կարող ժխտել, որ պատերազմից հետո հայ ժողովրդի հոգեկան հավասարակշռությունը լիովին խախտված է և դեռ խախտված կմնա բավական երկար ժամանակ։ Հազարավոր զոհերի, հենց իրենց՝ ընդդիմադիրների կողմից մշտապես ահազանգվող Սյունիքի վրա կախված վտանգի, ՀՀ նոր պատերազմի վերսկսման վտանգի, որով գրեթե ամեն օր վախեցնում են մեր ժողովրդին, առկայության պայմաններում դաշինքի կայացմամբ,  եթե ոչ բոլորովին, ապա բավական լայն իմաստով հոգեկան հավսարակշռության վերականգնում կլիներ։ Անկախ այն ամենից, որ դարձյալ կլինեին մարդիկ կամ քաղաքական ուժեր, որոնք կփորձեին ասել այն, որ հիմա ասում են, այն է՝ նրանց հակասությունը նախկինում ձևական էր, միասնության գաղափարը ինքնին կոգևորեր մեր ժողովրդին, որն ամենից շատ մտահոգված է մեր ներքին ճակատի մշտապես պառակտված լինելու հանգամանքից։
Երկրորդ․ <<իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները>>։ Արդեն ակնհայտորեն պարզ է, որ ներկայիս իշխանությունը արտահերթ ընտրություններում ստանալու է ձայների մեծամասնություն։ Տեղի է ունենալու իշխանության վերարտադրություն, որին իրենց համաձայնությունը տվել են ԲՀԿ – ն, ԼՀԿ, երկրորդ և երրորդ նախագահները։ Նրանք անհնար է, որ համոզված չլինեն, որ իրենք առանձին - առանձին գնալով ընտրությունների՝ ավելի մեծ շանս են տալիս վերարտադրվելու իշխող վարչակարգին։  Իսկ երեք նախագահների միավորման դեպքում եթե նրանց առաջարկված դաշինքը մեծամասնություն չկազմի էլ, կրկնում ենք, այնուհանդերձ կարող է լինել բավականին միասնական և ուժեղ ընդդիմություն։ Սա նշանակում է, որ կա լռելայն համաձայնությունը Փաշինյանին նորից իշխանության թողնելու։
Երրորդ․ <<ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը>Այս երրորդ կետն առաջինի տրամաբանական շարունակությունն է, որովհետև Հայաստանում նոր իշխանության ձևավորմանն իրոք բոլորս ենք սպասում, իշխանություն, որից ժողովուրդն ակնկալում է համերաշխություն։ Երեք նախագահի դաշինքի դեպքում ժողովուրդը, համենայն դեպս, այնքան պառակտված չէր լինի, որքան նրանց առանձին - առանձին գնալու դեպքում, որովհետև  հաստատ այս դեպքում չնչին կլիներ ԲՀԿ – ի, ԼՀԿ – ի և մի քանի այլ կուսակցությունների խորհրդարան մտնելու հավանականությունը։ Այս դաշինքում անվարան կարող էր խորհրդարան մտնել նաև ՀՅԴ – ն։
Իսկ հիմա հայտարարության մասին <<Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:
Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից>>։
Ինչպես պարզ է, հայտարարությունից, երեք նախկին նախագահների կողմից չի դրվում նոր ձևավորվելիք համակարգում պաշտոն զբաղեցնելու հարց, այլ՝ ընտրության մասնակցություն իրենց սատարող ուժերից, ՀԿ –ներից և հեղինակավոր մտավորականներից բաղկացած ցուցակով։
Իսկապես, ինչքանո՞վ վատ կլիներ, եթե սա իրականանար։ Չէ՞ որ երկրորդ և երրորդ նախագահների ծրագրած ձևով ընտրություններին մասնակցելուց հետ էլ նրանք ոչ մի պաշտոն չեն զբաղեցնելու։ Տարբերությունն այն է, որ այս դեպքում, հոգեբանական առումով լայն ներգործություն կունենար երեքի միավորումը, իսկ ցուցակներում կարող էին հայտնվել մարդիիկ, որոնք բոլորվին նոր էին, քանի որ հների վերարտադրությունից  և շատերին խորհրդարանում մշտապես տեսնելուց հոգնել է մեր ժողովուրդը։
 Առաջին նախագահի  առաջարկը մերժվել է, որի պատճառներին թերևս մասամբ անդրադարձանք;
Բայց այստեղ կարևոր է մի կետ, որը կարելի է լիարժեքորեն բացել՝ ցույց տալու համար, որ իրոք լրիվ այլ քաղաքական պայմանավորվածություններ կան։ Տեր -Պետրոսյանը շեշտում է, որ սրանով հնարավոր կլինի փրկել Հայաստանը Փաշինյանի իշխանության վերարտադրությունից, որը <<Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները>>։
Մենք չենք քննարկում այն հարցը, թե իրոք այսպե՞ս է, թե՞ ոչ։ Պարզապես ցանկանում ենք շեշտել, որ նոյեմբերի  1 0 – ի արշալույսից այս ուժերը դնում էին <<առանց Նիկոլ Հայաստանի>> հարց և դրանում մեծ դերակատարություն ուներ Ռ Քոչարյանը, գիշեր - ցերեկ հնչում էին և այսօր էլ հնչում է <<դավաճան>> որակավորումը, որի մասին անձամբ մենք ժամանակին գրել ենք, որ ճիշտ չէ և ժամանկավրեպ։ Ճիշտը քաղաքական սխալների մասին խոսելն է։ Նրանց այն պատճառաբանությունները, թե արդեն դաշինքներ են կազմել ընտրության մասնակցելու համար հիմնավոր չեն, քանի որ երեքի դաշինքի ստեղծման դեպքում էլ կարող էին ցուցակներում ընդգրկել իրենց սիրելիներին կամ համախոհներին;
Եզրակացություն։ Լևոն Տեր Պետրոսյանի կողմից արված առաջարկի մերժումը ենթադրել է տալիս, որ կա մեկ այլ պայմանավորվածություն, համաձայն որի իշխանությունը մնալու է ներկա վարչակարգին։
Եթե նրանք դեմ են Փաշինյանին, որին չկարողացան տապալել, այժմ ուղղակիորեն կամ միգուցե անուղղակիորեն նպաստում են նրա իշխանությանը մնալուն։ Սա է անողոք ճշմարտությունը, որը բացեց առաջին նախագահը, կարծում ենք, ներքուստ համոզված լինելով, որ իր առաջարկը չի անցնելու։ Ուրեմն ինչի համար  էր ամիսներ տևող շարժումը՝ Փաշինյանի հեռացման անարդյունք ջանքերով։
Բավական է տառապի մեր ժողովուրդը։