«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՏՈՒՆԸ ԹԱԼԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՆԱԵՒ ԱՅՐԵԼ ․ ՀՐԱՊԱՐԱԿ

10/03/2021

Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) Սիսիանի Լծեն գյուղում գտնվող իր  հայրական տունը երեկ գտել է կողոպտված ու թալանված, գողացել են իր եւ զոհված եղբոր՝ Աղվան Մինասյանի մեդալներն ու շքանշանները։ Այս մասին Մինասյանն  ասաց «Հրապարակի» հետ զրույցում․

«Տունը գտել եմ թալանված վիճակում, նախ՝ դա տուն չէ, ավելի շատ տուն-թանգարան է, որովհետեւ եղբորս հիշատակն է այնտեղ, եւ ամբողջ տունը՝ տակնուվրա արված, ավերված։ Գողացել են իր մեդալներն ու շքանշանները, ամեն ինչը, ինչ ունեցել է, իր անձնական իրերը, մեր տան իրերը, մեր տան եղածը։ Թալանելուց հետո փորձել են նաեւ հրկիզել տունը։ Տունը չի վառվել, վարագույրները հալվել- թափվել են, տանն ունեցել ենք ուրիշ իրեր, որոնք էլի գողացել են»,- ասաց Մինասյանը։
Հարցրինք՝ գուցե կասկածնե՞ր ունի, թե ով կարող էր նման բան արած լինել, դա կապվա՞ծ է իր քաղաքական հայտարարությունների հետ։ «Դե, ես չեմ կարող ասել, օպերատիվ ծառայությունը դա կարող է ասել վերջնական, թե նպատակը որն է եղել, ամեն ինչ ոստիկանությանն ասված է, իրենք արդեն 2 օր է՝ տեղում աշխատում են, որպեսզի բացահայտեն, ես չեմ կարող ասել՝ իմ հայտարարություններն ու այս դեպքը կապվա՞ծ են իրար հետ, դա քննությունը կպարզի։ Եթե այդ մարդուն բռնեն, երեւի հետո կպարզեն»։ 

Հարցրինք նաեւ՝ հե՞տ է գալու Երեւան, թե՞ մնալու է Սյունիքում․ նա երեկ է մեկնել Սիսիան։ «Այսօր, երբ երկիրն այս ծանր վիճակում է, ես մնամ Սիսիանում, ի՞նչ անեմ, պիտի գամ, մասնակիցը դառնամ իմ երկրում տիրող իրավիճակին»,- ասաց Մինասյանը։

Նշենք, որ Աշոտ Մինասյանը զինված ուժերի եւ մաքսային ծառայության գնդապետ է, պարգեւատրվել է Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով, Արիության մեդալով, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով, «1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60 տարին» հոբելյանական մեդալով, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Հ. Ք. Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» մեդալներով, ՊՆ «1992-1994 թթ․ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, ՊՆ «50 տարի․ 1945-1995» հուշամեդալով, ՊՆ «ՀՀ Զինված ուժեր․ 20 տարի» հոբելյանական մեդալով, ՌԴ սահմանապահ զորքերի «Համագործակցություն» մեդալով, ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով եւ այլն։ 

Եղբայրը՝ Աղվան Մինասյանը, 1997 թվականին հետմահու արժանացել է Հայաստանի գրողների միության պատվավոր անդամի կոչման, Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան մրցանակի։ Պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ Արիության մեդալներով եւ ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով։