
ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՊԻՏԻ ՊԱՏԱՀԻ, ԱՎԵԼԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ԿԼԻՆԻ ԹՐԱՄՓԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները, իհարկե, անսպասելի էին բոլորի համար` թե՛ միջազգային խաղացողների, թե՛ Սիրիայի, այսպես կոչված, ընդդիմության, թե՛ հենց Ասադի ու նրա աջակիցների համար: Սակայն այդ անսպասելիությունից արագ օգտվեցին մեր տարածաշրջանի գլխին փորձանք դարձած Թուրքիան ու Իսրայելը, որոնք գլխավոր շահողներն էին Սիրիայում տեղի ունեցած հեղաշրջումից: Սիրիայից Ասադի հեռացումը թուրքական կողմը ներկայացրեց որպես Օսմանյան Թուրքիայի սահմանների ընդլայնում, իսկ այդ հաղթանակից ոգեւորված Էրդողանը շտապեց ասել, որ Թուրքիան չի կարող գոյություն ունենալ իր այսօրվա սահմաններով եւ Թուրքիան ավելին է, քան այսօրվա նրա պաշտոնական սահմանները:
Տարածաշրջանին ու մեզ սպասվող զարգացումների մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:
- Երբ Էրդողանն ասում է, որ Թուրքիայի սահմաններն ավելի ընդարձակ են, ինչի՞ մասին է խոսում` Թուրքիայի ազդեցությունը տարածելո՞ւ, թե՞ կոնկրետ քայլերի մասին է նախազգուշացնում:
- Սկզբնական փուլում, իհարկե, Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու մասին էր խոսքը, եւ հիմա Սիրիայի հարցում դա նրանց հաջողվեց: Իրենց հաջորդ քայլը պիտի լինի Սիրիայից քրդերին դուրս մղելը, որպեսզի ամբողջովին վերահսկեն այդ տարածքը: Իսկ հետագայում՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում, թուրքերը, իհարկե, չեն էլ թաքցնում, որ ունեն, այսպես կոչված, ազգային ուխտ, որը ենթադրում է, որ Օսմանյան կայսրության սահմանները որտեղ հնարավոր է, պետք է վերականգնեն, որոնք իրենք կորցրել են 1918 թվականին: Եվ դրա մեջ մտնում է ոչ միայն Սիրիայի հյուսիսը, Իրաքի հյուսիսը, այլեւ ինչ-որ տարածքներ Հայաստանից, եթե ոչ` ամբողջ Հայաստանը: Այսինքն, այդպիսի հեռահար ծրագրեր իրենք, իհարկե, ունեն` կստացվի, թե ոչ, այլ հարց է, բայց որպես առաջին փուլ, առաջին քայլ՝ իրենք ամբողջովին իրենց ազդեցության տակ են վերցնում Սիրիան: Չմոռանանք Էրդողանի այն հայտնի գիրքը, որ նա նվիրել էր Նիկոլ Փաշինյանին։ Դա հիմնականում հենց այդ մասին էր, որ վաղուց նախկին աշխարհակարգը չկա, Թուրքիան արդեն դուրս է եկել իր նախկին մասշտաբներից, ավելի հզորացել է, ժամանակն է, որ դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, եւ այսպես շարունակ:
- Իսկ Էրդողանին դա թույլ կտա՞ն իրագործել՝ ԱՄՆ-ն:
- ԱՄՆ-ին դա ձեռնտու է այնքանով, որքանով Թուրքիան դիտարկվում է որպես գործիք, որը հնարավոր է օգտագործել Իրանի եւ Ռուսաստանի դեմ: Եթե այդպես հնարավոր լինի անել, իհարկե, Միացյալ Նահանգները դա թույլ կտա, եւ նրանց դա ձեռնտու կլինի, առավել եւս՝ ռազմական առումով հավաքական Արեւմուտքին ձեռնտու է, որ Թուրքիայի ընդլայնումը, էքսպանսիան ուղղվի դեպի արեւելք եւ հարավ եւ ոչ թե դեպի արեւմուտք: Այսինքն, պիտի փորձեն Թուրքիայի ագրեսիան ուղղել դեպի արեւելք եւ հարավ, հակառակ դեպքում Թուրքիան կարող է ընդլայնվել դեպի Բալկաններ, դեպի Եվրամիություն եւ այնտեղ լուրջ ցնցումներ առաջացնել, ինչն Արեւմուտքին ձեռնտու չէ:
- Իսկ հնարավո՞ր է, որ Թուրքիան անակնկալի բերի Արեւմուտքին՝ նույն Բալկանների ուղղությամբ էլ ծավալվելով:
- Այ, դա Արեւմուտքը, վստահաբար, ցույց չի տա, դրա համար էլ մատների արանքով կնայի Թուրքիայի՝ դեպի արեւելք եւ հարավ էքսպանսիային:
- Էրդողանը Պուտինին ակնարկել էր նաեւ, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել. կարո՞ղ ենք ընկալել դա որպես ռուս-թուրքական ուղիղ առճակատման մասին հայտարարություն:
- Խոսքն առճակատման մասին չէ. ռուս-թուրքական հարաբերություններն առավելապես, այսպես ասենք, տարածաշրջանային առեւտուր են: Թուրքիան ուղղակի ասում է, որ քանի որ կողմերի ուժային հարաբերակցությունը փոխվել է, ուրեմն պիտի փոխվեն նաեւ առեւտրի պայմանները: Այսինքն՝ այն հարաբերությունները, որոնք կան Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, Թուրքիան հիմա պիտի փորձի ավելի նպաստավոր պայմաններ ստանալ՝ հաշվի առնելով, որ իր ազդեցությունը մեծացել է, Ռուսաստանինը փոքրացել է:
- Միաժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարում է, որ Իսրայելը կոչնչացնեն: Սա պետք է ընկալել տարածաշրջանում ուղիղ առճակատման՝ պատերազմի մասին հայտարարությո՞ւն, թե՞, ընդհակառակը՝ որոշակի քայլեր առկախելու:
- Տեսեք, Իրանի հոգեւոր առաջնորդները, ընդհանրապես` իշխանությունները, առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են անում: Բազմիցս այդպիսի հայտարարություններ եղել են, ուղղակի այնտեղ, կարծում եմ, լուրջ վտանգ են տեսնում, որ Թրամփի՝ իշխանությունը վերջնականապես ստանձնելուց հետո կարող են Իրանի դեմ քայլերն ավելի ինտենսիվ բնույթ կրել, որովհետեւ Թրամփը հայտարարել է եւ միշտ էլ այդպես է համարել, որ հավաքական Արեւմուտքի թիվ մեկ թիրախն այս տարածաշրջանում պետք է Իրանը լինի, ոչ թե Ռուսաստանը, օրինակ: Դրա համար էլ այնտեղ վտանգ են տեսնում, որ Թրամփի երդմնակալությունից հետո կարող են հակաիրանական գործողություններն ինտենսիվանալ մինչեւ ռազմական գործողություններ, եւ, կարծում եմ, ուղղակի ուզում են ցույց տալ, որ պատրաստ են դրան, չեն վախենում, չեն երկնչում, չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը: Կարծում եմ, որ սա է` ոչ թե որոշել են, որ պետք է Իսրայելը ոչնչացնեն, ու վերջ, եթե այդպիսի հնարավորություն ունենային, վաղուց կանեին:
- Վերադառնալով մեր տարածաշրջանին, բոլորը սպասում են Թրամփի երդմնակալությանը, շատերն ասում են, որ մինչեւ երդմնակալությունը ցանկացած բան կարող է պատահել: Արդյոք դա նաեւ մե՞զ է վերաբերում, թե՞ մեր պարագայում ցանկացած բան կարող է պատահել նաեւ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո:
- Եթե ինչ-որ բան պիտի պատահի, ապա ավելի հավանական է, որ կպատահի Թրամփի երդմնակալությունից հետո: Մեր տարածաշրջանում այն լարվածության հնարավոր աճը, որի մասին խոսում եք, ընդհանրապես բոլորը խոսում են, խոսքը Հայաստանի դեմ նոր պատերազմի մասին է, ապա սա Արցախի դեմ ռազմական գործողություն չէ, որ միջազգային հանրությունն էլ, Ադրբեջանն էլ համարում էին, որ դա իրենց ներքին գործն է, Հայաստանի դեպքում այդպես չէ, եւ այդքան հեշտ չի լինի կտրուկ քայլերի դիմել` առանց միջազգային ուժային բեւեռների համաձայնության: Դրա համար սպասողական վիճակ է, սպասում են, թե ինչպիսին է լինելու Թրամփի քաղաքականությունը տարածաշրջանում, իսկ մեր տարածաշրջանում ավելի հավանական է, որ ԱՄՆ-ի թիվ մեկ խնդիրը պիտի լինի իրանական գործողությունը, այսինքն՝ թիրախը պիտի լինի Իրանը: Պարզապես հիմա սպասողական վիճակ է, ուզում են տեսնել, թե դա ինչպես է դրսեւորվելու՝ պատժամիջոցները պիտի խստացվե՞ն, թե՞ ռազմական գործողություններ իրականացվեն։ Այս հարցում է, որ դեռեւս որոշակիություն չկա: