«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Զանգեզուրի միջանցքը» և ռուս-իրանական հարաբերությունները. Աշոտ Ներսիսյան

09/09/2024

Վերջին օրերս հայ «փորձագիտական» շրջանակները շատ են խոսում Իրանի «սպառնալիքների» մասին զանգեզուրյան այսպես կոչված «միջանցքի» անձեռնմխելիության առումով: Սա ամենևին նորություն չէ, քանի որ Իրանը միշտ էլ դեմ է եղել արտատարածքային միջանցք տալուն: Բայց դիրքորոշումը ավելի «խորացվեց», երբ օրեր առաջ Իրանի ԱԳ կանչվեց տեղի ռուս դեսպանը, որին իբրև խստորեն զգուշացվել է, որ չպիտի զանգեզուրյան միջանցքի հարցում կողմ լինի Ադրբեջանի ձգտումներին: Բացի այդ, նշվում է, որ Իրանը դեմ է այլ պետությունների կողմից միջանցքի վերահսկողությանը: Պարզ է, որ նա դա չի ուզենա, մանավանդ Ադրբեջանի կամ Արևմուտքի, բայց այստեղ կարևոր է իրարից զատել մաքսային հսկողությունը անվտանգության հսկողությունից: Հարկավ մաքսային հսկողությունն էլ կապ ունի անվտագության հետ և ուղիղ, բայց այստեղ կարևորն այն է, թե ով է գանձում մաքսատուրքերը: Իրանը չի ուզում ոչ արտատարածքային միջանցք, ոչ էլ օտար հսկողություն: Հիմա հարց է առաջանում, այդ որտեղից իմացան մեր իմաստունները, որ նա նման բան է ասել ռուս դեսպանին: Հարկավ, այդ հարցը քննարկած կլինեն, բայց Իրանը որը դեռևս միայն սպառնում է և ավելին ոչինչ, երբեք իրեն թույլ չի տա Ռուսաստանի հետ խոսել նման լեզվով, քանի որ նրանց շահերն ընդդեմ Արևմուտքի համընկնում են, և կարծում ենք, որ Նոյենբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետը, որի չիրականացման մեջ է Ռուսաստանը մեղադրում հայկական կողմին,նախատեսում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ ճանապարհ, ոչ թե արտատարածքային միջանցք, որի անվտանգությունը պետք է վերահսկի ռուսական դաշնային ծառայությունը: Ռուսները իրենց շահերից ելնելով երբեք չեն համաձայնվի Զանգեզուրի Հայաստանից կտրվելուն, քանի որ տարածաշրջանում կուժեղանա թուրքական ազդեցությունը: Արտառոց մի բան չասեց նաև ՀՀ-ում Իրանի դեսպանը, այս առումով կրկնելով նախորդներին: Ակնհայտ է, որ խնդիրն ուռճացնում են «արևմտամետները», որոնք իրենց շեշտված հակառուսականությունն ուզում են ավելի հանրայնացնել,այն հիմքով, թե տեսեք` ռուսները միջանցքը տալիս են Ադրբեջանին: Նրանք շատ ցավագին են տանում Փաշինյանի հայտարարությունը, որ հետ չի կանչելու Նոյեմբերյան համաձայնության տակից իր ստորագրությունը և մասնակցության որոշումը Եվրասիական տնտեսաքաղաքական միջոցառումներին: Անձամբ մեզ թող ոչ մեկը չփորձի հայ-ռուսական հարաբերությունների նրբերանգների մասին դասեր տալ, ինչպես նաև այն եվրոպական արժեքներին ինտեգրման, որոնք անհրաժեշտ են: Բայց Արևմուտքը մեզ բազմիցս տարավ Բրյուսել, Պրագա, փոխեց բանակցությունների հարթակը, որի արդյունքում կորցրեցինք Արցախի հանրապետությունից մնացածը ևս: Հիմա ինչով է ճիշտ հայ քաղաքական մտքի տիտանների հակառուսականությունը: Հայհոյելը և կեղծելը քաղաքանության մեջ կործանման սկիզբ են: Նրանց ողջ գաղափարախոսությունը չի բխում հայամետության հիմքից. այդ հիմքը լիովին ընկալելի է վաղուց:
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ