«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ համար ստեղծված բարենպաստ արտաքին քաղաքականության պայմաններում չի աշխատի այն քաղաքական կողմնորոշումը, որը որդեգրել է կաթողիկոսը. Աշոտ Ներսիսյան

24/10/2025

Հայաստանի ներքաղաքական կյանքը գերլարված է։ Կարծում ենք, որ այն շուտով կհասնի իր բարձրակետին, որը կլինի Գարեգին Բ - ի վեհարանից հեռացումը։Մի բան ակնհայտ է, որ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, քանի որ կաթողիկոսը չունի արտաքին աջակցություն։Իսկ ներքին հայտնի ընդդիմադիր քաղաքական ուժերն անզոր են՝ նրան պաշտպանելու համար։ Արդեն տարի ու կես է, որ նրանք սրբազաններին և ապա՝ եկեղեցուն փորձեցին հանել ակտիվ քաղաքական խաղի, որը ձախողվեց։ 2020թ․-ից սկսած կաթողիկոսի իշխանություններին հեռացնելու համար ընդդիմադիրներին միանալու ցանկությունները արդյունավետ չեն ավարտվում։ <<Սրբազան>> շարժումը փակուղի մտավ, որովհետև Մոսկվան ամենևին նպտակահարմար չգտավ այդ շարժմանն աջակցությունը, չնայած որ շեշտված արևմտամետները թե՛ այդ շարժման, թե՛ Քոչարյանի, ապա՝ Սամվել Կարապետյանի աշխուժացման գործընթացներում տեսնում են ռուսական հետքը։ Հարկավ, այստեղ կան ուժեր, որոնք աշխատում են ռուսական դիրիժորությամբ, բայց, մեր խորին համոզմամբ, Պուտինն ու իր մերձավոր շրջապատն այժմ բացարձակապես հակված չեն Հայաստանում իշխանափոխությանը։ Ավելին՝ այն ուժերը․ որոնք այստեղ հայտարարություններ են անում հօգուտ ռուսական կողմնորոշման պետք է, ի վերջո, գան այն համոզմունքին, որ ՀՀ վարչապետը շատ ավելի սերտ հարաբերություններ ունի Պուտինի հետ, քան նրանք, ովքեր հիշատակվում են ընդդիմադիր դաշտից։ Պուտինի գլուխը չափազանց խառն է, քանի որ ուկրաինական թնջուկը չի կարողանում լուծել ինչպես ցանկանում էր և անորոշ է այն ուղին, որը կբերի դրա լուծմանը։ Նրան այս պարգայում լիովին բավականացնում է այն, որ Փաշինյանը չի դնում ռուսական ռազմաբազայի հեռացման հարց, որն այսօր վերջինիս ամենևին չի խանգարում և անհանգստացնում։ Դա կհասունանա ինքն իրեն, քանի որ Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակումը բերելու է նաև Թուրքիայի հետ սահմաննների բացման։ Աշխարհի մեծ խաղացողները անխտիր կողմ են հայ-ադրբեջանական խաղաղությանը, դրան դեմ չէ Ռուսաստանը, որտեղից միայն կցկտուր հայտարարություններ են արվում այն մասին, որ խաղաղությունը պետք է կնքվի Պուտինի կնքահայրությամբ։ Բայց արդեն նա կորցրել է ժամանակը։Արդեն անցումն այն փուլին, որում կարևորվում է հյուսիսկորեական աջակցությունը, որ Հնդկաստանը կարող է նավթի գնումների ծավալները փոքրացնել, կամ որ Չինաստանը խորքային առումով գործողությունների չի գնում հօգուտ Ռուսաստանի, խանգարում են հոգեկան հավասարակշռությունը։ Իսկ միջուկային կոճակի մտաբերումը հարցի ցանկալի լուծումը չի բերի։ Այժմ ամեն մեկն իր խաղն է խաղում։ Թրամփն իրեն բնորոշ հակասական հայտարարություններով մատնում է նաև իր համար բարդ հոգեվիճակը, որովհետև ինչ էլ որ լինի, չի կարող Ռուսատանի հետ վերաբերմունքի խնդրում լիովին անտեսել Եվրոպային։ Եթե հավատանք, որ ռուսների օգնությամբ Ալիևը բացահայտեց մի մեծ դավադրություն, ապա պետք է եզրակացնենք, որ Պուտինին ամենևին ձեռք չի տալիս նաև իշխանափոխությունն Ադրբեջանում։ Նա հիմա Անդրկովկասում խառնաշփոթ չի ուզում։ Ռուսական հինգերորդ շարասյունն ինչքան էլ Հայաստանում աշխատի, միևնունն է, պրոռուսական քարոզչությունը տանուլ է տալիս։ Այս ամենի հետնախորքի վրա ներքաղաքական փոքրիկ ալեկոծումներ են << Մեր ձևովը>>, Քոչարյանի կամ այլ ուժերի իշխանափոխության ձգտումները։ Ավարտենք նրանով, ինչից սկսեցինք։ Կաթողիկոսին, այսպիսով չեն կարող արդյունավետ աջակցություն ցույց տալ ՀՀ ներքաղաքական իշխանություններին ընդդիմադիրները։ Դժվար է որոնել մի արտաքին ուժ, որը կնպաստի վերջիններիս հաղթանակին։ Հիմա ՀՀ ներքաղաքական կյանքում անդորր են ուզում տեսնել բոլոր հզոր խաղացողները և նրանց բացարձակապես չի հետաքրքրում կաթողիկոսի խնդիրը։ Իսկ վերջինս կարծես հայտնված անել վիճակում շարունակում է կոշտ հակադարձումն իշխանություններին, այն դեպքում, երբ չունի այն ուժը, որի օգնությամբ կպահի իր իշխանությունը։ Սխալը թերևս այն էր, որ նա մտավ քաղաքականության մեջ՝ առանց լուրջ քննության ենթարկելու այն հարցը, թե ումով ուր է գնում։ Կարծում ենք, որ այս առումով նա խաբված է։ Ցավալի է, որ ՀՀ ներքաղաքական կյանքում ընթացք ստացավ մի երևույթ, որն ամենևին էլ ցանկալի չէր։ ՀՀ համար ստեղծված բարենպաստ արտաքին քաղաքականության պայմաններում չի աշխատի այն քաղաքական կողմնորոշումը, որը որդեգրել է կաթողիկոսը։ Չի աշխատի քաղաքական ընդդիմադիրի նրա կեցվածքը։ Ավարտելով նշենք, որ եկեղեցու մաքրության խնդիրը բոլորիս խնդիրն է, բայց քաղաքական լոյալությունը կարևոր նշանակություն է ունեցել այդ խնդրին անդրադառնալու կամ այն անտեսելու տեսանկյունից։Եվ սա վերաբերում է մեր պատմության շատ դրվագներին։

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի  ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան