«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչո՞ւ մոդուլային զորանոցներ պատվիրել իտալացիներից, եթե մեզ մոտ էլ են արտադրում․ «Հրապարակ»

21/01/2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատ գյուղի ողբերգությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հրդեհված ինժեներասակրավորային կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր։ Թեեւ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից իմացանք, որ այն գործում է 2021 թվականի մայիսից սկսած, այսինքն` շուրջ 8 ամիս: ՊՆ-ն նաեւ հաղորդեց, որ այդ եւ մյուս ստորաբաժանումների համար ձեռք են բերվել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ։ Դրանց առաջին խմբաքանակը Հայաստանում է։ Ազգային ժողովում ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի այն ներուժը, որ իր զինծառայողների համար տեղում կառուցի համապատասխան կացարաններ․ «Նախկինում էլ են մեր շինարարները կառուցել նման կացարաններ»։

Մենք փորձեցինք գտնել, թե որ հայկական ընկերությունները եւ ինչ գնով կարող էին նույն մոդուլային կացարաններն արտադրել, եւ գտանք Արցախի փողոցում գտնվող «Արտկոն» ՓԲԸ-ն։ Պարզվեց՝ այս ընկերությունը ՊՆ-ի հետ աշխատելու փորձ ունի եւ ոչ միայն ՊՆ-ի, նրանց անգամ ռուսներն են պատվերներ իջեցնում։ Նաեւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բակում գտնվող քովիդի բաժանմունքի պատվերներն են կատարել։ 

«Արտկոն» ՓԲԸ սեփականատեր եւ տնօրեն Թերեզա Կարապետյանը պատմում է, որ  մի քանի անգամ ՊՆ-ին առաջարկել են բանակի համար զինվորական կացարաններ արտադրել եւ մատակարարել։ «Ի տարբերություն արտասահմանյան արտադրության զորանոցների, այս դեպքում տրանսպորտային խնդիր չի առաջանում։ Օգտագործվում է ռուսական մետաղ, մնացած նյութերն արտադրվում են Հայաստանում։ Մենք 40 օրում 20 կոմպլեկտ մոդուլային կացարաններ ենք արտադրել եւ դեկտեմբերի 30-ին հանձնել ենք պաշտպանության նախարարությանը», - ասում է «Արտկոնի» տնօրենը։ 

- Դուք կարո՞ղ եք նաեւ զորանոցներ արտադրել։ 

- Այո, իհարկե։ Արտադրամասը բավականին մեծ ռեսուրսներ ունի։

- Իսկ ինչո՞ւ են այդ դեպքում զորանոցներ պատվիրել Իտալիայում։

- Չեմ կարող ասել։ Մենք նրանց նման հարցեր չենք տալիս, միայն առաջարկում ենք։ Թե՛ գծագրման, թե՛ արտադրության պահով կարող էինք բոլոր խնդիրներն իրականացնել։ 

- Որքա՞ն արժեն Ձեր արտադրած կացարանները։ 

- Մեկ կացարանի գինը 6 մլն 200 հազար դրամ է։ Կարող եմ Ձեզ փաստաթղթերով ցույց տալ։ 30 քմ-ն ամբողջությամբ ավարտված, ներքին հարդարանքով, էլեկտրականությամբ, օդափոխման համակարգով, բոլորն իրար հետ՝ արժե 6 մլն 200 հազար դրամ։ Արտասահմանյան արտադրանքն անհամեմատ թանկ է։ Մեր կացարանները նախատեսված են 4-6 անձի համար։ Մեր հոսքային գիծը դրված է երեքը վեցի վրա մոդուլների վրա, բայց կարող ենք ավելի մեծ մոդուլներ արտադրել՝ պետք եղած դեպքում 7, 8, 9, 10 մետրանոց չափերով կարող ենք արտադրել։     

- Ցուրտ չէ՞ այդ կացարաններում։ Ի՞նչ ջերմաստիճանի համար են նախատեսված։ 

- Մինչեւ մինուս 50 աստիճան ցրտին պահում է։ 

- Իսկ ջերմամեկուսացումն ինչպիսի՞ն է, մետաղյա շերտի տակ այլ շերտեր էլ կան, չէ՞։ 

- Իհարկե, պատերն ու հատակը մի քանի շերտով են հավաքվում, տանիքն էլ հատուկ տանիք է, ջրահեռացման համակարգով։ Մեր պատվիրատուները մեզ ուղարկում են նկարներ, որ անգամ քամու, ձյունի, անձրեւների ժամանակ ո՛չ ջրի հոսք է լինում, ո՛չ փչանում է, ո՛չ ժանգոտվում է։ Մենք այս պահին UNDP-ի հետ ենք աշխատում, փախստականների համար տներ ենք կառուցում։ Ստույգ գներ չեմ ասի, եվրոպական շուկան մեր կողմից ուսումնասիրված է։ Մենք եւս բելգիական տեխնոլոգիաներով ենք աշխատում։ Կարող եմ ասել, որ մերը զգալի չափերով էժան է:  

ՀԳ․ Ինչո՞ւ մեր կառավարությունը չի սատարում տեղական արտադրողին, այլ նախընտրում է իտալացիներին օգնել՝ հարցը ոչ մի տրամաբանական բացատրություն չունի։ Չնայած՝ հակապետական գործելակերպը մեզ այլեւս չի զարմացնում։

Ի դեպ, տարիներ առաջ` 2016 թվականին, «ՍԻԼԱԲ» շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիայի ճարտարագետ, լուսահոգի Լեոնիդ Բունիաթյանը 2-3 զինվորի համար նախատեսված կրակակետ-դիտակետի նախագիծ էր կազմել, որը, ըստ տեխնիկական բնութագրի, իրենից ներկայացնում էր երկաթբետոնե կառուցվածք: Այն մեծացնում էր զինվորի պաշտպանվածությունը հակառակորդի գնդակոծումից ու նռնակահարումից՝ բոլոր կողմերից (նաեւ՝ վերեւից) եւ հնարավորություն էր տալիս կատարելու հրաձգություն եւ տեղանքի դիտարկումներ: Ճարտարագետն իր նախագիծն ուղարկել էր ՊՆ, այնտեղից պատասխանել էին, որ նախագիծը լավն է,  համապատասխանում է ՊՆ պահանջներին, սակայն ծախսատար է։ Այն ժամանակ ՊՆ-ն մտածելու ժամանակ ուներ՝ ծանրութեթեւ, թանկ ու էժան անելու։ Այսօր չունի, եւ Ազատի դեպքերը դրա ապացույցն են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: