«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիան վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, ես ոչ մի դրական ակնկալիք չունեմ. Թուրքագետ

01/06/2023

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ ձայների նախագահ վերընտրվեց Էրդողանը։ Հետընտրական ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում, ու ինչպե՞ս եք գնահատում քվեարկության այս արդյունքները։

– Արդյունքները սպասելի էին, որովհետև առաջին փուլը ցույց տվեց, որ ընդդիմությունը չկարողացավ օգտվել այն հնարավորություններից, որ ստեղծվել էին. ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ փետրվարյան աղետալի երկրաշարժը ցույց տվեց էրդողանյան իշխանության ողջ մութ կողմերը՝ զեղծարարություն, կաշառակերություն շինարարության բնագավառում։ 

Մյուս կողմից՝ Թուրքիայի տնտեսական դրությունը շատ ծանր է, ֆինանսական շուկան շատ ծանր վիճակում է, սղաճը շատ բարձր է, ընդդիմությունն այս հանգամանքը ևս չկարողացավ օգտագործել, որովհետև պառակտված է, դաշինք են կազմել տարբեր քաղաքական ուժեր, որոնք իրար հետ ո՛չ քաղաքական, ո՛չ գաղափարական ընդհանրություններ չունեն։ 

Բացի այս, պետք է նշել, որ ինքը՝ Քըլըչդարօղլուն, թույլ առաջնորդ է, չկարողացավ համախմբել ընդդիմությանը, զանգվածների հետ խոսել հասկանալի լեզվով և այլն։ 

Այս բոլոր հանգամանքները հանգեցրին նրան, որ ընդդիմությունը չկարողացավ օգտագործել բարենպաստ հնարավորությունները, որ ստեղծվել էին, իսկ Էրդողանը ցույց տվեց, որ ինքը Թուրքիայում ներկայիս գործող քաղաքական գործիչներից ամենահմուտն է, ամենաճարպիկը, նա լիովին օգտագործեց իշխանական լծակները, ի դեպ, այդ մասին ասացին նաև ԵԱՀԿ դիտորդները՝ առաջին փուլի արդյունքներով։

Առաջին փուլից հետո, համենայնդեպս ինձ համար, պարզ էր, որ երկրորդ փուլով Էրդողանը կընտրվի նախագահ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ խորհրդարանը Էրդողանի դաշինքի ձեռքում էր դարձյալ։ 

– Հետընտրական զարգացումներ կլինե՞ն Թուրքիայում, թե՞ ոչ։

– Անհամաձայնության զանգվածային ալիք, կարծում եմ, չի լինի, որովհետև ընդդիմությունն ինքն այդ ռեսուրսը չունի, որ կարողանա զանգվածներին փողոց դուրս բերել, ընդդիմությունը չունի այնպիսի առաջնորդ, որը կարող է զանգվածների վրա ներազդել։ 

Կա նաև մի հանգամանք, որ ընդդիմությունը կապված է Արևմուտքի հետ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, իսկ վերջինիս համար կարևոր է, որ Թուրքիայում կայունություն լինի, որովհետև Թուրքիան որպես դաշնակից ռազմավարական առումով շատ կարևոր է Ամերիկայի համար։ 

Բացի այս, Էրդողանն իր ձեռքին շատ ամուր պահում է երկրի կառավարման բոլոր լծակներն ու թույլ չի տա, որ երկրում լայնածավալ ընդվզման ալիք բարձրանա։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ համոզված եմ, որ Թուրքիայում լայնածավալ ընդվզում չի լինի։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, ևս հինգ տարի Էրդողանի կառավարումը տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կամ արդյունքներ է ունենալու։

– Եթե լայն առումով դիտարկենք՝ Թուրքիան Էրդողանի կառավարման շրջանում վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, որովհետև վարում է ագրեսիվ արտաքին քաղաքականություն, խառնվում է տարբեր հակամարտությունների, զորք է ուղարկում: 

Օրինակ՝ այսօր թուրքական բանակը գտնվում է աշխարհի 14 երկրում, եթե անհրաժեշտություն է լինում՝ անձամբ ինքն է հակամարտություններ հրահրում, որ դրանից օգուտ քաղի։ Թուրքիայի զորքերը գտնվում են մի շարք պետությունների տարածքում, ինչպես գիտենք՝ Սիրիայում, արդեն հիմա՝ փաստորեն, Իրաքի հյուսիսում էլ են: Առաջ մտնում, դուրս էին գալիս, հիմա, կարծես, մտնում ու դուրս չեն գալիս, էլ չեմ ասում, որ Հյուսիսային Կիպրոսն օկուպացված է և այլն։ 

Թուրքիան այնպիսի երկիր է, որ, ելնելով իր արտաքին քաղաքականությունից, վտանգ է ներկայացնում իր հարևանների համար, այնպես որ, ոչ մի դրական փոփոխություն չեմ ակնկալում, գուցե ավելի ուժեղանա այդ դրսևորումը։ 

Ես համոզված եմ, որ Թուրքիան էլ ավելի կակտիվացնի իր պանթուրքիստական արտաքին քաղաքականությունը ու նաև կփորձի իր դիրքերն ուժեղացնել և՛ իսլամական աշխարհում, և՛ ընդհանրապես աշխարհում, իսկ սա նշանակում է է՛լ ավելի ագրեսիվ քաղաքականություն։ 

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին, ես համոզված եմ, որ Թուրքիան այստեղ ևս կարտահայտի այդ ընդհանուր քաղաքական գիծը, որի մասին ասացի ։ Հետևաբար ես ոչ մի դրական ակնկալիք չունեմ Թուրքիայից մոտ ապագայում։

– Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումն ու վարած քաղաքականությունը Էրդողանը նույնությամբ կպահպանի՞, թե՞ ավելի կխստացնի։

– Համոզված եմ, որ այն դիրքորոշումը, որ Թուրքիան ունի Հայաստանի նկատմամբ, այդ ճնշումների ու պահանջների քաղաքականությունը, որ վարում է, կշարունակվի, որոշ նշաններ անգամ տեսնում եմ, որ դա կարող է է՛լ ավելի ճնշող բնույթ ստանալ՝ այս անգամ նաև պատմական հիշողության բնագավառում, ու դրա մասին մեզ հուշում են Թուրքիայից եկող արձագանքները Նեմեսիսի հուշակոթողի վերաբերյալ։

Թուրքիան ուրիշ պահանջներ էլ կառաջադրի՝ կապված Ցեղասպանության հետ, որպեսզի ազդի մեր պատմական հիշողության վրա ու սկսի մեր հիշողությունը սրբագրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։

– Թուրքիայից հայտարարություն էր հնչել, որ եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրի, լավ հասկանում ենք, որ նկատի ունեն ադրբեջանական պահանջներով պայմանագիր, ապա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ավելի առարկայական տեսք կստանա։ Եթե անգամ կնքվի այդ բովանդակությամբ պայմանագիր, Թուրքիան իսկապե՞ս հարաբերությունների կարգավորման կգնա, թե՞ այլ նախապայմաններ առաջ կքաշի, պարո՛ն Սաֆրաստյան։

– Ես կարծում եմ, որ ինչ-որ քայլ կանի, որ ցույց տա, թե ինքը գոհ է, որ այդ պայմանագիրն Ադրբեջանի պահանջների հիման վրա ստորագրվեց, բայց հարաբերությունները վերջնականապես չի կարգավորի, դա կթողնի հեռավոր ապագային ու կփորձի նոր զիջումներ կորզել Հայաստանից՝ կապված պատմական հիշողության հետ։ 

Համոզված եմ, որ Թուրքիայի ճնշումները Հայաստանի վրա չեն ավարտվի։ Սահմանի բացում կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան գա եզրակացության, որ ստացել է այն ամենը, ինչ ուզում է Հայաստանից, դա և՛ Ցեղասպանության խնդիրն է, և՛ «Զանգեզուրի միջանցքն» է, այնպես որ, միայն պայմանագրով Թուրքիան չի սահմանափակվի։