«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Միֆ է, թե Ռուսաստանը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը». Սուրեն Սուրենյանց

14/07/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանցթուրքական լրատվականներից մեկի փոխանցմամբ՝ ՀայաստանԹուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվելԻ՞նչ է սա ենթադրումուձեր բնորոշմամբհայթուրքական ինչպիսի՞ հարաբերություններ են այս փուլում:

– Կարծում եմ, որ այդ լուրը հաստատումն է այն փաստի, որ ինչ-որ պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, ձեռք են բերվել Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև:

Փաստը, որ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը պետք է բացվի, ենթադրում է, որ պետք է այդ ականազերծման աշխատանքներն արվեն, որպեսզի երրորդ երկրների քաղաքացիները կարողանան Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով անարգել անցնել պետական սահմանը:

Բացի այդ, ենթադրում եմ, որ թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմը կանխատեսում է, որ ապագայում թեմատիկ առումով պայմանավորվածությունների շրջանակը կմեծանա, և սահմանային ռեժիմը հարմարեցնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին:

– Քանի որ մինչ օրս հստակ չէթե այդ երրորդ երկրները որոնք ենձեզ համար պա՞րզ է՝ ինչ ասել է երրորդ երկրների քաղաքացիներ:

– Ապրիորի դրանք կարող են լինել բոլոր երկրները, բացի Հայաստանից ու Թուրքիայից, ու, ըստ էության, այդպես էլ լինելու է, այսինքն՝ ցանկացած երրորդ երկիր կարող է օգտվել, որը խնդիր չունի Հայաստանի և Թուրքիայի հետ, բայց ես ենթադրում եմ, որ դա առաջին հերթին Ռուսաստանն է լինելու:

– Այսինքն՝ համակարծիք չե՞ք այն վերլուծաբանների հետորոնք ասում ենոր Ռուսաստանին դա պետք չէ:

– Դա միֆերից մեկն է, որի մասին կուզեի խոսել: Երկու իրադարձություն, իմ կարծիքով, փոխել են Ռուսաստանի վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Առաջինը 44-օրյա պատերազմն էր, որից հետո Ռուսաստանն ավելի ամրապնդեց իր ռազմական ներկայությունը Հայաստանում ու տարածաշրջանում:

Երկրորդ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այնպիսի հնարավորություն չեմ տեսնում, որի անունը դնենք հաշտություն, այսինքն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանների հնարավոր բացումը դեռևս չեն նշանակում հաշտության գործընթաց, դրա համար տասնամյակներ են պետք, իսկ քանի հայ-թուրքական հաշտեցում տեղի չի ունեցել, ակնհայտ է, որ ռուսական զինուժը մնալու է սահմանին, այսինքն՝ Հայաստանից զորքերի դուրսբերման վտանգ ռուսները չունեն, այսինքն՝ նույն կերպ նրանք շարունակելու են մնալ հայ-թուրքական սահմանին՝ վստահ եմ:

Երրորդ՝ ուկրաինական պատերազմը Ռուսաստանի առաջ նոր անհրաժեշտություն դրեց դեպի հարավ ակտիվանալու: Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը խնդիր ունի Թուրքիայի միջոցով կապվելու Միջերկրական ծովին, Իրանի միջոցով՝ Պարսից ծոցին, իսկ այս համատեքստում նրա համար շատ կարևոր է կոմունիկացիաների ապաշրջափակումը, հետևաբար՝ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը, որովհետև դա հնարավորություն կտա, որ ավելի մատչելի ճանապարհով Ռուսաստանն ուղիղ հաղորդակցություն ունենա Թուրքիայի հետ: Այսինքն՝ այն թեզը, որ Ռուսաստանը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, այլևս ժամանակավրեպ է:

– Պարո՛ն Սուրենյանցճի՞շտ եմ հասկանումոր հեռանկարում տեսնում եք հայթուրքական սահմանի բացումը:

– Այո՛, բայց մի նկատառումով. Թուրքիան առայժմ չի արագացնում գործընթացը, դրա համար էլ նմանօրինակ փոքր քայլերի է գնում: Կարող էր ավելի գլոբալ լուծումների գնալ, օրինակ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատեր կամ սահմանը բացեր, բայց Անկարան ընտրել է փոքր քայլերի մարտավարությունը, որովհետև ի տարբերություն Հայաստանի՝ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները դիտարկում է ավելի գլոբալ համատեքստում: Այդ հարաբերությունները նրա համար կարևոր են թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական հարաբերությունների համատեքստում, այսինքն՝ նրա խնդիրը՝ որպես տարածաշրջանային գերտերություն, շատ ավելի գլոբալ է, ու ինքը չի շտապում քայլեր անելու հարցում:

Երբ նա կստանա ընդհանուր հարցերի պատասխանները, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար վերջնական որոշում կկայացնի, նոր միայն ակտիվ քայլեր կտեսնենք: Այս գործընթացը տեղի է ունենում միանգամայն այլ պարագայում, քան էր ֆուտբոլային դիվանագիտությունը, և սրա հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ եմ համարում:

– Իսկ այս գործընթացից որևէ վտանգինչոր մտավախություններ չունե՞ք:

– Վտանգ կտեսնեմ, եթե հայ-թուրքական երկխոսությունը վիժեցվի: Այդ դեպքում տարածաշրջանում դարձյալ կմեծանա նոր պատերազմի հավանականությունը: Իսկ եթե այդ երկխոսությունը ստացվի, նոր պատերազմի ռիսկերը շատ ավելի փոքր կլինեն:

 Դուք ասացիք, թե Թուրքիան ինչու է մանր-մանր քայլերով առաջ շարժվում, բայց վերլուծաբաններ կան, որոնք ասում են, թե այդկերպ Թուրքիան ժամանակ է շահում, որպեսզի այդ ընթացքում ճնշի Հայաստանին, որ վերջինս զիջումների գնա Ադրբեջանի հետ բանակցություններում: Համաձայն չե՞ք այս տեսակետին:

– Հնարավոր չէ հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից անջատ դիտարկել, նման բան ուղղակի չի կարող լինել, որովհետև խոսքը նույն տարածաշրջանի գործընթացների մասին է, որոնք փոխկապակցված են: Բնականաբար, Թուրքիան ակտիվ քայլեր կանի, եթե առաջընթաց լինի հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Սրանք փոխկապակցված են, ու պետք չէ սա անպայման հայկական կողմի զիջում մատուցել. չի կարող փակուղի լինել հայ-ադրբեջանական հարաբերություններում, ու դա չանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա ու հակառակը:

– Իսկ ձեր համոզմամբ՝ Թուրքիան հիմա առանց նախապայմանների՞ է գնում հարաբերությունների կարգավորման Հայաստանի հետ:

– Այդ տերմինն էլ եմ հնացած համարում, բանակցությունների ժամանակ չեն ասում՝ էս կանես, էս կանես, որ ես ինչ-որ քայլեր անեմ: Ես արդեն ասացի՝ Անկարան շատ ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական գործընթացին ու գործուն քայլեր կանի՝ բացի գլոբալ քաղաքականության այն բաղադրիչներից, որի մասին վերևում խոսեցի, երբ տեսնի, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշակի պոզիտիվ կա:

Մեկ օրինակ բերեմ. Ռուբինյան-Քըլըչ առաջին երեք հանդիպումները չէին ավարտվում կոնկրետ արդյունքով, չորրորդ հանդիպումը հաջորդեց այն փաստին, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձևավորվեց սահմանի սահմանազատման և  սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am