Բաքվում եռակողմ խորհրդարանական նիստի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Փետրվարի 24-ին Բաքվում անցկացվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ համատեղ 10-րդ նիստը։ Այդ նպատակով Ադրբեջանում է գտնվում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ նշելով, որ Թուրքիայում կայացած նախորդ հանդիպումից հետո տարածաշրջանում արձանագրվել են կարևոր զարգացումներ։
Օքթայը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և համաձայնության են եկել TRIPP ծրագրի շուրջ, որը հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք»։ Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կխթանի նաև հայ-թուրքական գործընթացը, քանի որ Թուրքիայի հիմնական նախապայմանը հայ-ադրբեջանական կարգավորումն է։ Օքթայը հավելել է, որ այս գործընթացը դրական ազդեցություն կունենա նաև Վրաստանի վրա՝ հաշվի առնելով նրա կարևոր տրանսպորտային դերը տարածաշրջանում, և ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը նպաստավոր կլինի ողջ տարածաշրջանի համար՝ շեշտելով նաև ռուս-ուկրաինական պատերազմի հնարավորինս շուտ ավարտման անհրաժեշտությունը։