«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՍԻՐ, ՔԱՋ ՍԵՊՈՒՀ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

31/07/2024

Այսօր Հայ մեծ զորավար Սեպուհի/ Արշակ Ներսիսյան/ մահվան օրն է։ 1940թ․ հուլիսի 31-ին հեռավոր Նյու - Յորքում նա կնքեց իր մահկանացուն՝ նախապես պատրաստած լինելով կտակ, համաձայն որի հանձնարարվում էր մահից հետո այրել իրեն և մոխիրները պահել մինչև այն բաղձալի օրը, երբ հնարավոր կլինի դրանք տեղափոխել Հայաստան։ Արդեն տասը տարի ,է ինչ իրականացված է նրա կտակը, աճյունասափորը զետեղված է Եռաբլուր պանթեոնում, նախապես իր համար կառուցված հուշարձանի խորշում, բայց ցավոք նրա գործունեության մասին մեր ժողովրդի բավական լայն զանգվածներ գրեթե տեղյակ չեն։ Այսօր հարկ ենք համարում առանձնացնել նրա գործունեության հիմնական կողմերը, գործունեություն, որի արդյունքում էր նաև դարավոր կորստից հետո Հայաստանի վերստին հառնումը։

1․ Սեպուհը հայ ազատագրական պայքարի այն ինքնատիպ դեմքերից էր, որի մղած հայդուկային կռիվները միայն պսակվել են հաջողությամբ։ Սասունի 1904թ․ ինքնապաշտպանության ժամանակ, երբ վիրավորվեց և տեղափոխվեց Ախլաթ, որը Բիթլիսը Վասպուրականին կապող հիմնական օղակն էր, պատժեց դավաճաններին, մաքրեց ճանապարհը դեպի Վասպուրական։Հակառակ դեպքում Սասունի անկումից հետո կկոտորվեր Անդրանիկի 120 հոգուց բաղկացած խումբը, որը նահանջեց Վան, ապա՝ անցավ Կովկաս։

2․ 1905-0906թթ․ հայ-թաթարական կռիվների ընթացքում Սեպուհը կազմակերպեց Գանձակի շրջանի ինքնապաշտպանությունը, ուր թաթարներին ստիպեց պարզել սպիտակ դրոշներ։ Ապա առաջին նախապատրաստողներից մեկն էր պարսկական դեռևս 1905թ․ սկսված հեղափոխության՝ համագործակցելով պարսիկ ընկերների հետ՝ Եփրեմի, Քեռու, Դումանի և մյուսների հետ մեկտեղ։

3․ 1908-1912թթ․ լայն կրթական գործունեություն ծավալեց իր հայրենի Բաբերդի Վարզահան գյուղում, ուր բացեց գյուղատնտեսական վարժարան, բայց իթթիհատականների անընդհատ հալածանքների պայմանաներում ստիպված անցավ Ռուսաստան։ Առաջին համաշխարահային պատերազմի ժամանակ Անդրանիկի կամավորական գումարտակի երկրորդ վաշտի հրամանատարն էր, որի կազմում մասնակցեց բազում կռիվների, այդ թվում Դիլմանի ճակատամարտին՝ ցուցաբերելով անննախադեպ արիություն և քաջություն։ Նրան առաջարկել էին 3-րդ գումարտակի հրամանատարությունը, բայց նա մերժեց՝ ցանականալով լինել իր հին զինակից Անդրանիկի հետ։

4․ Ռուսական Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվեց Բայբուրդի կամ Բաբերդի գավառապետ և զինվորական հրմանատար, ռուսական նահանջից հետո փոքրաթիվ կռվող ուժերով դիմադրելով թուրքերին՝ նահանջեց դեպի Էրզրում, ուր Երզնկայից հասավ նաև Սեբաստացի Մուրադը։ Վերջինից հետ նախապատրաստեց Էրզրումի պարիսպների տակ ճակատամարտ տալ և վերջնականապես ջարդել թուրքերին, սակայն 1918թ․ փետրվարի 20-ին Էրզրում հասած Անդրանիկը ստանձնելով ճակատամարտի ղեկավարությունը, չկարողացավ պահել Էրզրումը, որն ընկավ փետրվարի 27 - ին։ Սեպուհը Մուրադի հետ կազմակերպեց ժողովրդի անվտանգ նահանջը Էրզրումից։ Եթե Սեպուհն ու Մուրադը գրեթե երկու ամիս չդիմադրեին թուրքերին, Արամը ժամանակ չէր ունենա կազմակերպելու Մայիսյան հերոսամարտերը։

5․ 1918թ ամռանը Մուրադի հետ հասավ Բաքու, ուր Շահումյանը ստեղծել էր Բաքվի կոմունան, մասնակցեց մարտերին, բայց Շահումյանի հեռանալուց հետո Բաքուն ընկավ և նա հեռացավ՝ այնտեղ թողնելով իր տարիների պայքարի ընկեր Սեբաստացի Մուրադի գերեզմանը։

6․ Հայաստանի առաջին հանրապետության շրջանում ընտրվեց խորհրդարանի պատգամավոր, նշանակվեց 4-րդ արտակարգ բրիգադի հրամանատար, ամենուրեք մաքրելով դավադիր ներքին տարրը, փոխելով ժաղովրդագրական պատկերը հօգուտ հայոց։ Նա սեփական ուժերին ապավինելու, հույսը օտարների վրա չդնելու ուղղության գլխավոր ներկայացուցիչներից էր, անկախության աննկուն պահապանը և եթե նրան նշանակեին Կարսի ճակատի հրամանատար, ապա այդպես խայտառակ ձևով չէր ընկնի այն։Միայն նրա գլխավորած աջ թևն էր, որ դիմադրեց թշնամուն։

7․ Սեպուհը նաև դիվանագետ էր, վերլուծաբան և հայ քաղաքական մտքի յուրօրինակ կրող, որը երևում է նրա բազում հոդվածներից և <<Էջեր իմ յուշերէն>> երկհատոր արծեքավոր աշխատությունից, որը այս տարի ծրագրել ենք վերահրատարակել; ՀՀ խորհրդայանցումից հետո Սեպուհն անցավ Թիֆլիս, ապա Կ․ Պոլիս, Բուլղարիա և իր բազմանդամ ընտանիքով ի վերջո հանգրվանեց Նյու-Յորքում։

Բաբերդի առյուծի կյանքի և գործունեության մանրամասն վերլուծությունը մենք տվել ենք մեր <<Զորավար Սեպուհ>> ստվար աշխատության մեջ, որը հրատարակվել է նաև անգլերեն լեզվով։

Այսօր, նրա մահվան օրը, մեզ մնում է խոնարվելով նրա պայծառ հիշատակի առջև նրան հետևյալ հորդորով դիմել, որը կա նրան նվիրված բազում երգերից մեկի մեջ<<Հասիր, քաջ Սեպուհ>>։ Իրոք հրաշք կկատարվեր, եթե նա հառներ։

<<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ`  Ա․ Ներսիսյան