«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ԱՆՀԱՏ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ․ ԴՈՑԵՆՏ, Պ․Գ․Թ․, ՏԻԳՐԱՆ ՂԱՆԱԼԱՆՅԱՆ

30/06/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․, Տիգրան Ղանալանյանը

- Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդն յուրօրինակ կամուրջ է հանդիսացել Արևելքի և Արևմուտքի միջև: Պետականության կորստի և բազմաթիվ օտար արշավանքների հետևանքով՝ միջնադարից սկսած՝ աշխարհի տարբեր երկրներում ձևավորվել են հայկական գաղթօջախներ: Հայկական սփյուռքի ընդլայնման և նոր երկրներում հայ համայնքների առաջացման պատճառ դարձավ նաև Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության արդյունքում՝ հարյուր հազարավոր փրկված հայեր ապաստան են գտել աշխարհի տարբեր կողմերում՝ ձևավորելով, ինչպես ընդունված է այսօր ասել, «դասական սփյուռքը»: Կխնդրեի լայն հանրության համար ընդհանուր գծերով ներկայացնել հայկական սփյուռքի առաջացման փուլերը։
- Հայկական սփյուռքի ձևավորման մասին խոսելիս կարելի է առանձնացնել մի քանի փուլեր։ Չնայած մինչև ցեղասպանությունը մենք կոչում ենք «գաղթաշխարհ» ու «գաղթօջախներ», բայց իրականում դա պայմանական մոտեցում է, կարող ենք և այդ շրջանն էլ կոչել «սփյուռք»։ Հայերի մեծ խմբեր Հայաստանից դուրս են սկսել հայտնվել սկսած 4–րդ դարից, երբ Շապուհ 2–րդ թագավորը բռնագաղթեցրեց բազմահազար հայության։ Կարող է թվալ, որ այսօր Իրանում ապրող հայերը նրանց սերունդներից են, բայց իրականում 4–րդ դարում Իրանում հայտնված հայերը վաղուց ուծացել են, իսկ ներկայիս համայնքը հիմնականում ձևավորվել է 17–րդ դ. սկզբում, երբ Շահ Աբասը բռնագաղթեցրեց հայերին։ Հետագայում մեծ ծավալի գաղթեր են կազմակերպել բյուզանդացիները, ինչի հետևանքով էլ ձևավորվեց Կիլիկիայի հայկական թագավորությունը` անկախ պետություն մի վայրում, որը դուրս էր Հայաստանի պատմական տարածքներից։ 
Շատ կարևոր փոփոխություններ տեղի ունեցան Հայոց ցեղասպանությունից հետո, երբ ինչպես Դուք նշեցիք ձևավորվեց «դասական սփյուռքը»։ Ի՞նչն է հիմնական տարբերությունը։ Այս ժամանակ արդեն ձևավորվում են համահայկական կառույցներ։ Կարևոր է, որ հայերի մեծամասնությունը չի կարող հետ վերադառնալ հայրենի բնակավայրեր։
Հայկական համայնքներում, հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում, այս շրջանում հաջողվում է հսկայական աշխատանք կատարել։ Ցեղասպանությունից մազապուրծ եղած թշվառ, հիմնականում թուրքախոս գաղթականները մի քանի տասնամյակների ընթացքում համառ աշխատանքի արդյունքում կարողանում են հասնել քիչ թե շատ տանելի սոցիալական վիճակի։ Հայերը մեծ ներդրում են ունենում այս երկրների զարգացման տարբեր ոլորտներում։ Բացի դա հաջողվում է ստեղծել դպրոցներ, եկեղեցիներ, ամբողջական համայնքային համակարգեր, որոնց միջոցով իրականացվում է հայապահպանությունը։

- Կխնդրեի անդրադառնալ նաև երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված հայկական համայնքներին ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում։
- Ձեր նշած շրջանում այս երկրներում այո, ձևավորվել են նոր համայնքներ, բայց և համալրվել են ու շարունակել իրենց գոյությունը մինչ այդ կազմավորվածները։ Օրինակ ԱՄՆ–ում մեծ թվով հայեր հաստատվել էին դեռևս մինչև ցեղասպանությունը։ Երկրորդ աշխարհամարտից հետո այս երկիր մեծ թվով հայեր են փոխադրվում, բայց դա հատկապես տեղի է ունենում 1965 թ. նոր գաղթային օրենքով, ինչը շատ հեշտացրեց տարբեր երկրներից ներգաղթը։ Դրանից օգտվեցին նաև հայերը։
Ընդհանուր առմամբ, եթե խոսում ենք եվրոպական ու ամերիկյան երկրների մասին, այստեղ ի տարբերություն մերձավորարևելյան պետությունների հայերը շատ ավելի մեծ դժվարությունների բախվեցին ինքնության պահպանման տեսանկյունից։ Այս երկրներում հայերի շատ փոքր մասն է կարողացել հաճախել ամենօրյա հայկական դպրոցներ, մեծ է օտար ազգերի հետ ամուսնությունների թիվը, ձուլման գործընթացը շատ ավելի արագ է ընթանում։

- ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո ծայր առավ նոր արտագաղթ․ ինչպիսի՞ փոփոխություններ է կրել հայկական սփյուռքի աշխարհագրությունն ու կառուցվածքը 1990-ական թթ․ սկզբներին։
- Այո, ճիշտ եք նշում, այս շրջանում հայկական սփյուռքը նոր շատ կարևոր փոփոխությունների ենթարկվեց։ Նախ 1980–ական թթ. վերջերում տեղի ունեցավ Ադրբեջանի հայերի գաղթը, ապա հսկայական ծավալի արտագաղթ սկսվեց Հայաստանից։ Այսօր կան մի քանի տասնյակ հազար հոգի հաշվվող համայնքներ, որտեղ մեծամասնություն են կազմում Հայաստանից արտագաղթածները, ինչպես օրինակ Իսպանիայում, Բելառուսում, կամ այնպիսի «դասական» համայնքում ինչպես Հունաստանն է։ Հայաստանցիները որպես կանոն ավելի անպատրաստ են համայնքային գործունեության քան նույն ԱՄՆ կամ Եվրպոա գաղթող լիբանանահայերը, սիրիահայերը կամ իրանահայերը։

- Հայտնի է, որ սփյուռքն ու հայրենիքն ամուր կապերով են կապված եղել, կխնդրեի ընդհանուր գծերով ներկայացնել սփյուռքի հայկական կառույցների գործունեությունը (ՀԲԸՄ, ՀՕՄ)։
- Չնայած բոլոր բացասական երևույթներին ու բացթողումներին անկախության տարիներին հայրենիք–սփյուռք հարաբերությունները հնարավորություն ստացան միանգամայն նոր որակի վրա բարձրանալու։ Դրանում իհարկե մեծ է Ձեր նշած ու նաև այլ կառույցների դերը, բայց նաև սովորական անհատ սփյուռքահայերի, որոնք անպայման չէ, որ կառույցի անդամ լինեն։

- Ի վերջո, կուզեի անդրադառնայիք հայկական սփյուռքում հայ ազգային կուսակցությունների և հայոց եկեղեցու դերին և գործունեությանը։ 
– Այո, եկեղեցիները (Առաքելական, Կաթողիկէ և Ավետարանական) ու կուսակցությունները չափազանց կարևոր դեր են ունեցել Սփյուռքի ձևավորման շրջանում թե՛ հայապահպանության, թե՛ դպրոցների ու զանազան կառույցների ստեղծման ու բնականոն գործունեությունը կազմակերպելու տեսանկյունից։ Սակայն վերջին տասնամյակներին հստակ նկատելի է, որ թե՛ եկեղեցներն ու կուսակցությունները, թե՛ այլ ավանդական համայնքնային կառույցները շատ ավելի փոքր թվով մարդկանց վրա ունեն գործուն ազդեցություն քան սրանից 60-70 տարի առաջ։ Այս իմաստով նաև Հայաստանի Հանրապետությունը պետք է փորձի ավելի ու ավելի շատ ջանքեր գործադրել անհատ սփյուռքահայերի հետ կապեր հաստատելու, համագործակցության ու ներգրավման մեխանիզմներ մշակելու ուղղությամբ։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am