«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԻՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԲԵՐԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՎԱՐՏԸ.Ք․Գ․Դ․, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

05/07/2022

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, ամենամասշտաբային ռազմական գործողություններով նշանավորված ուկրաինական ճգնաժամը դեռ չի ավարտվել: Պատերազմը շարունակվում է, կողմերը դեռ բանակցությունների գնալու պատրաստակամություն չեն ցուցաբերել: Հասկանալի է, որ և Մոսկվան, և Կիևը ոչ մի կետում դեռ համաձայնության հնարավորություններ չեն տեսնում: Անկախ այս իրավիճակից պատերազմի ավարտական արդյունքների մասին արդեն բավականին լուրջ քննարկումներ են գնում միջազգային համաժողովներում և հետազոտական կենտրոններում: Քննարկումների նպատակն է կանխատեսել թե ինչ խնդիրների շուրջ կարող է համաձայնություն տեղի ունենալ: ՆԱՏՕ-ին  Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը արդեն  անմիջականորեն այս պատերազմի հետևանքներից է:
Այս դիսկուրսն զգալիորեն ակտիվացավ վերջերս, երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում անդրադարձավ ուկրաինական խնդրին: Արդի ժամանակների թիվ մեկ քաղաքագետ-դիվանագետի  ելույթը զգալիորեն աշխուժացրեց բանավեճը, ալեկոծելով մեդիա դաշտը: Քիսինջերը նշեց, որ կախված նրանից, թե ինչ պայմաններով կավարտվի ռուսական ռազմական գործողությունն Ուկրաինայում, բացառված չէ, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դերը կարող է թուլանալ: Ուկրաինայի հակամարտության ավարտի և իրավիճակի իր տեսլականը պարոն Քիսինջերը պատմել է բրիտանական The Spectator ամսագրին տված հարցազրույցում։  
Նա թվարկել է հակամարտության ավարտի մի քանի տարբերակներ: Եթե Ռուսական զորքերը  մնում են ներկա դիրքերում, այդ դեպքում  ՌԴ-ին է անցնում Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը, Դոնբասի մեծ մասը, հիմնական արդյունաբերական և գյուղատնտեսական շրջանները և Սև ծովի երկայնքով տարածքը, որը կնշանակի Ռուսաստանի հաղթանակը: Այս սցենարի դեպքում ՆԱՏՕ-ի դերը "այնքան վճռորոշ չի լինի", ինչպես նախկինում: Եթե Ուկրաինան կարողանա Ռուսաստանին հետ պահել ռազմական նվաճումներից և վերականգնել պետական սահմանները  փետրվարի 24-ի դրությամբ, դա կնշանակի ՌԴ-ի պարտություն։ Այդ դեպքում Ուկրաինան "կվերազինվի և սերտորեն կապված կլինի ՆԱՏՕ-ի հետ", կամ նույնիսկ կդառնա դաշինքի մի մասը, իսկ մնացած բոլոր հարցերը կլուծվեն բանակցությունների միջոցով, կարծում է քաղաքական գործիչը: Քիսինջերը համոզված է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այլ սցենար է որդեգրել և ցանկանում է ջախախիչ հակահարված հասցնել, և ունենալ Եվրոպայի խոշորագույն ցամաքային զորքերը: Այս դեպքում Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հարկ կլինի, որ նա Եվրոպայի հետ անհրաժեշտ համակեցության ձևեր գտնի:
Դավոսում նախկին պետքարտուղարը կոչ էր արել ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ ՌԴ-ի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար, ինչպես նաեւ դադարեցնել ռուսական զորքերին "ջախջախիչ պարտություն հասցնելու" փորձերը: Հունիսին նա հայտարարել էր, որ աջակցում է Ուկրաինայի իրադրության շուրջ ՆԱՏՕ-ի միավորմանը: Նա նաև կարծում է, որ մարտական գործողությունների ավարտից հետո Ռուսաստանը պետք է "տեղ գտնի", հակառակ դեպքում երկիրը կդառնա Չինաստանի ֆորպոստը Եվրոպայում:
Ուկրաինական ղեկավարությունը սվինների վրա ընդունեց Քիսինջերի խոսքերը: Նրան նույնիսկ անվանեցին ռուսական իշխանության հանցակից: Քիսինջերի առաջարկը քննադատեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը դիվանագետի դիրքորոշումը համեմատել է 1938 թ. թվականին եվրոպացի քաղաքական գործիչների տրամադրությունների հետ: Ամենուր նրան մեղադրում են ուկրաինական տարածքները հանձնելուն օժանդակելու մեջ: Քիսինջերը ստիպված էր նոր հայտարարություններ անել և արդարանալ: Նա պարզաբանել է, որ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթը սխալ է ընկալվել հանրության կողմից, նա  կոչ չի արել Ռուսաստանին հանձնել Ուկրաինական հողերը: Նրա կարծիքով ՝ երկրների միջև տարածքային վեճերի առարկա կարող են լինել միայն Դոնբասը և Ղրիմը, քանի որ դրանք "դուրս են գալիս ներկայիս ճգնաժամի շրջանակներից", որ հրադադարի լավագույն բաժանարար գիծը նախապատերազմական ստատուս քվոն է: 
Շատ կարևոր էր Քիսինջերի նախազգուշացումը արևմտյան լիդերներին, որ   Ուկրաինայի ազատության համար պատերազմը երբեք չվերածել Ռուսաստանի ապագայի համար պատերազմի։ Դրա մասին պետք է շատ ուշադիր մտածել: Ինչպես կարծում է դիվանագետը, տարածքային վեճերի սրումը կարող է հանգեցնել անկառավարելի հետևանքների: 
Ամեն դեպքում Քիսինջերին լսել է պետք, կեսդարյա քաղաքական և դիվանագիտական իմաստություն կուտակած մարդ է: 

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am