«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շիրակի մարզի Վարդաքար գյուղում 2 հեկտար անտառային տարածք է հիմնվել

02/08/2021

Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղում նոր անտառային տարածք է հիմնվել: Սա ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի մաս է կազմում:  Անտառաշերտը գյուղում մի քանի խնդիր է լուծելու: Նախ էկոլոգիական, ապա հանգստյան գոտիների կազմակերպման ու զբոսաշրջության զարգացման և որ ամենակարևորն է՝ անտառաշերտը գյուղի համար քամիներից պաշտպանական գոտի կդառնա:

Ամեն տարի քամիների հետևանքով Վարդաքարը տուժում է: Այս տարի ևս տների ու կից շինությունների տանիքներ են վնասվել: Տների տանիքները բնակիչները մասնակի նորոգել են, իսկ անասնագոմերը բաց երկնքի տակ են:

Գյուղը Վարդաքարի ջրամբարի հարևանությամբ է, քամիներն անպակաս են: Հենց ջրամբարի հարևանությամբ է նոր անտառաշերտը ստեղծվել: 2 հեկտարի վրա 1600 հատ ծառեր են տնկել: Եղևնիների, սոճիների, կաղնիների ու հացենիների տնկիներ են, որոնք Շիրակի մարզի բնակլիմայական պայմաններում կպչողականություն են ապահովում: Տնկիները դեռ շատ փոքր են, բայց գյուղապետն է նշում, մի քանի տարի հետո գյուղի համար կդառնան քամիների դեմ  պատնեշ:

«Այս տարի ջերմոցների տանիքները քշեց տարավ քամին: 3 բնակելի  տան ու կից կառույցների տանիք է վնասվել: Ամեն տարի մեր գյուղում քամու հետևանքով մեծ վնասներ են: Անտառն այս հատվածում ամբողջությամբ  պաշտպանիչ շերտ է հանդիսանալու: Համայնքը երևի մոտ 70%-ով կպաշտպանի քամիներից»,- SHANTNEWS-ին ասել է Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանը:

Վարդաքարում երբևէ անտառային տարածք չի եղել: Նոր անտառը ակնկալվում է, որ փոխելու է այս հատվածում էկոհամակարգը, նաև հողերի որակը: Տարածքն անօգտագործելի է եղել: Պատկանել է ջրամբարին: Կառավարության որոշմամբ պետական հողերը դարձել են համայնքապատկան ու հիմա էլ անտառի պահպանությունն ու շահագործումը հատկացված է գյուղապետարանին:

Այն որ տարածքը մոտ է ջրամբարին, ոռոգման հնարավորություն է ստեղծում: Ջրամբարի շատ լցվածության դեպքում, պոմպի օգնությամբ,  ջուրը հասնելու է անտառին: Իսկ հիմա, երբ ջրամբարում ջրի մակարդակը բարձր չէ, այլընտրանքային տարբերակ են գտել: Անտառային տարածքի հարևանությամբ ջրհոր են փորել ու էլի պոմպով ջուրը ծառերին են հասցնում, բայց ծրագրերում ոռոգման ավելի հուսալի տարբերակ ունեն:

«Ջրամբարը տարածքին մոտ է: Երբ ջրամբարը լիքն է,  կարելի է վերցնել պոմպով, երբ իջնում է ջրի մակարդակը, արդեն չենք կարող ջուր վերցնել՝ պոմպի հզորությունը չի հերիքում: Նախատեսվում է այս տարի կաթիլային ոռոգման համակարգ կառուցել, որն ամբողջությամբ կապահովի կպչողականությունը»,- ասել է Գալուստ Ավետիսյանը:

Այժմ ոչ բոլոր տնկիներն են կպչողականություն ապահովել, չորացածներ էլ կան: Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պայմանագրով պարտավորվել է չորացածների փոխարեն 400 նոր ծառ է տնկելու: