«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Մեր ժամանակների հերոսը»․ Սևակ Մարկոսյանը՝ գլխավոր մրցանակակիր

21/09/2020

Արդեն տեղեկացրել ենք, որ Զվարթնոցի մայր տաճարի հարևանությամբ ընթանում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:

Նախ հանձնվել են երկու՝ հատուկ մրցանակները, ապա պարգևներ են ստացել 13 մրցանակակիրները, որոնք ընտրվել են մի քանի տասնյակ թեկնածուներից:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գլխավոր մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետը:

«Հիմա արդեն վստահ եմ, որ մենք բոլորս ամեն տարի սպասելու ենք այս օրվան: Կարևոր է, որ մենք փառաբանում ենք մեր ժամանակների հերոսներին, մենք դրանով փառաբանում ենք մարդու ստեղծարար ներուժը: Շատ հերոսներ, մրցանակը ստանալով, շնորհակալություն են հայտնում կառավարությանը, իրականում կառավարությունն է շնորհակալ: Իհարկե, բոլորն արժանի են գլխավոր մրցանակի: Մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատկություն պետք է ունենա մեր գլխավոր հերոսը: Մեր գլխավոր մրցանակակիրը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել ինքն իր կյանքը փոխելու հարցում: Իր կյանքը փոխելու անհրաժեշտություն չի ունեցել, ունեցել է աշխատանք, բայց ի վերջո որոշել է գնալ ոչ թե պաշտոնյայի կարիերայի հետևից, այլ ստեղծագործական երջանկության, գնացել և որոշել է ստեղծել խաղալիքներ երեխաների համար, որ նրանց կսովորեցնի ստեղծել, կառուցել, արարել», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս տարի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը Սևակ Մարկոսյանն է:

Սևակ Մարկոսյանն իր ելույթում ասել է.

«Խաղալիքը կառուցվել էր, որ Հայաստանից դուրս գտնվող երեխաներին հիշեցնի Հայաստանի մասին: Մենք խաղալիքի հետ տալիս ենք վկայական»,- ասել է Մարկոսյանը՝ հավելելով, որ վկայականի մեջ գրված է «տան»` հայրենիքի չափը, բայց ոչ թե 29 հազար քմ, այլ 42 հազար քմ:

Հիշեցնենք, որ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն առաջին անգամ  կազմակերպվել է անցյալ տարի՝ դարձյալ սեպտեմբերի 21-ին, բայց Գյումրիում՝ «Սև բերդ» -ում:  Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը, մնալ Հայաստանում, բիզնես ստեղծել։

Մրցանակակիրների մասին մանրամասն տեղեկությունները՝ այստեղ: