«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թբիլիսիում նշվել է Սպենդիարյանի 150-ամյակը

25/10/2021

Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիում տեղի է ունեցել կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և թիֆլիսյան առաջին այցի 105-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին գրում է Aliq Media -ն։ Երկօրյա ծրագրի ընթացքում հնչել են Սպենդիարյանի ստեղծագործություններից, բանախոսությամբ հանդես են եկել հայ և վրացի գործիչներ։

Անդրադարձ է եղել նաև Սպենդիարյանի Թիֆլիս առաջին այցին, վրաց մտավորականության ջերմ ընդունելությանը, ստացած տպավորություններին։ Կոմպոզիտորի ծանոթությունը վրաց դասական երաժշտության հիմնադիր Զաքարիա Փալիաշվիլիի հետ սերտ համագործակցության էր վերածվել։ 1916-ին Թիֆլիսում է կայացել նաև Սպենդիարյանի և Թումանյանի պատմական հանդիպումը․ Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմով ոգեշնչված Սպենդիարյանը գրել է «Ալմաստ» օպերան։

«Սպենդիարյանը 105 տարի առաջ, երբ առաջին անգամ այցելեց Վրաստան, կնոջը գրած նամակում ասել էր՝ կուշանամ, որովհետև այստեղ շատ հրավերներ ունեմ, որոնք չեմ կարող մերժել, քանի որ հյուրն այստեղ սրբություն է․․․»,- Aliq Media-ի  հետ զրույցում պատմել է Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։

Այս կարևոր հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում, Վրաստանն էլ իր աջակցությունն է ունեցել այդ որոշման մեջ։

«Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրով թբիլիսյան միջոցառումների ծրագիրն իրականացվել է Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի համագործակցությամբ՝ օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդի։