«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Made in Armenia» բրենդն ակտիվանում է․ Թերեզա Շահրիմանյան

29/06/2022

Generalnews.am-ի հյուրն է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակից Թերեզա Շահրիմանյանը։

- Ե՞րբ սկսեց «Made in Armenia» բրենդի ակտիվացումը հագուստի ոլորտում ըստ Ձեզ:

«Made in Armenia» բրենդի ակտիվացումը հատկապես ակնառու է վերջին 3 տարիներին՝ պայմանավորված հայկական արտադրանքին նախապատվություն տալու կոչերով, ո՛չ թուրքականին քարոզչությամբ, թուրքական հագուստի նկատմամբ ներմուծման էմբարգոի սահմանմամբ:

- Արդյո՞ք պատերազմը ազդեցություն ունեցավ բրենդի ակտիվացման վրա:

- Պատերազմը միանշանակ բրենդի ակտիվացման գործում ունեցել է մեծ ազդեցություն՝ մի կողմից  փոխելով սպառողի վերաբերմունքը հայկական արտադրանքի նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ սահմանելով ներմուծման էմբարգո թուրքական հագուստի նկատմամբ: Այս ամենի համախմբման արդյունքում հայ սպառողը սկսել է առաջնահերթությունը տալ «Made in Armenia» բրենդին:

- Ի՞նչն է այժմ նպաստում ոլորտի զարգացմանը:

- Հայաստանն ունի տարիների հարուստ փորձ, սեփական արտադրական ավանդույթներ, փորձառու աշխատուժ, իսկ ամենակարևորը՝ վերջինս համեմա­տա­բար մատչելի է: Վերոնշյալ  առավելությունների համախումբը խթանել է, որ վերջին տարիներին մեր երկրում ներդրվի տեքստիլի և հագուստի արտադրությամբ զբաղվող հայկական կազմա­կեր­պու­թյունների՝ որպես աշխարհահռչակ ապրանքանիշների ենթակապալառուներ հանդես գալու ինստիտուտը: Օրինակ՝ հայ-իտալական «Սարտեքս» ընկերությունը հիմնադրված 2019 թ.՝ զբաղվում է իտալական Dolce&Gabbana, MaxMara, Moncler, Peuterey, Dainese և այլ հանրա­հայտ բրենդների հագուստների արտադրությամբ։ «Արտադրված է Հայաստանում» տարբերա­նշանով հագուստն արտահանվում է Իտալիա, որտեղից էլ՝ աշխարհի տարբեր երկրներ։ Սա կարծում եմ բավականին լուրջ ձեռք բերում է և կարող  է դառնալ հաջողության գրավական:

- Կարող ե՞ք նշել գործող տեքստիլի և հագուստի արտադրության ընկերությունների և զբաղվածների մոտավոր թիվը:

Ներկայումս Հայաստանի տարածքում գործում են տեքստիլի և հագուստի արտադրության 201  ընկերություններ: Այժմ ոլորտում զբաղվածների քանակն մոտ 8000 է:

- Որո՞նք են ոլորտի հիմնական խոչընդոտները ըստ Ձեզ:

Կարծում եմ, որպես ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտ կախվածությունն է Թուրքիայից՝ հումքի, առավելապես բամբակի ներկրման առումով: Սա լուրջ մարտահրավեր էր, որը ի հայտ եկավ հատկապես հետպատե­րազմյան էմբարգոյի պայմաններում: Իհարկե այժմ հանված է էմբարգոն, բայց չի բացառվում իրավիճակի կրկնվելը: Այս խնդրի լուծման ուղղությունները երկուսն են: Իհարկե լավագույնը տեղական հումքի ստեղծումն է, որը, սակայն, բավական դժվարին և ժամանակատար գործընթաց է: Այս ուղղությամբ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում փորձեր են կատարվում, որոնք, սակայն, հաջողությամբ չեն պսակվում, քանի որ  հումքի աճեցումը կապված է գյուղատնտեսական և բնապահպանական բազմաթիվ բարդությունների հետ: Ստեղծված իրավիճակում խնդրի լուծման միակ ճանապարհը նոր, տնտեսապես շահավետ հումքի շուկաների որոնումն է և մեկ աղբյուրից գերակա կախվածություն չունենալն է:

- Ի՞նչ կասեք ոլորտի կրթության մասին:

Ոչ պակաս կարևոր հիմնախնդիր է համապատասխան կրթության անկատարությունը, գործարար հմտություններին չտիրապետելը: Ոլորտին վերաբերող կրթական համակարգը չափազանց հեռու է ժամանակակից նորաձևության միտումներից: Բուհերում կամ միջին մասնագիտական հաստատություններում, որտեղ պատրաստվում են այս ուղղության մասնագետներ,  առկա ծրագրերն արդիական չեն, չկան գործնական դասընթացներ, և լսարանները տեխնիկապես հագեցած չեն գործնական պարապմունքներ իրականացնելու համար:

- Արդյո՞ք հայ սպառողը նախապատվություն տալիս է հայկական արտադրության հագուստին:

Այո, վերջին տարիներին, հատկապես 2018 թ. քաղաքական իրադարձություններից հետո, հագուստի շուկայում սպառողական վարքագիծը կտրուկ փոփոխություններ է կրել: Արդիական է դարձել հայրենական խորհրդանիշներով հագուստ կրելը, ինչն էլ, այնուհետև արմատանալով սպառողների շրջանում, նախապատվություն է ձևավորել հայկական արտադրանքի նկատմամբ: Սպառողական վարքագծի փոփոխության մեջ իրենց դերակատարումն են ունեցել  հայկական արտադրությունը խթանելու կոչերը, ինչպես նաև պատերազմը...:Այժմ ոգևորող փաստ ունենք՝  սպառողական վարքագծի փոփոխմանը զուգահեռ, մեծացել  է նաև հագուստ արտադրող կազմակերպությունների թիվը, ինչպես նաև փոփոխվել է նաև հագուստի շուկայի որակական կողմը։

- Ի՞նչ կասեք արտահանման մասին:

«Made in Armenia» բրենդը բավական մեծ պահանջարկ ունի նաև երկրի սահմաններից դուրս: Ապրանքանիշը հատկապես հեղինակություն է վայելում սփյուռքահայության շրջանում, և  2021 թվականին Հայաստան է ներմուծվել 149, արտահանվել` 179 մլն դոլարի հագուստ: Հայկական հագուստը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա և այլուր, ինչը պայմանավորված է եվրոպական և ռուսական շուկաներին ավելի մոտ գտնվելու հանգամանքով, որը թույլ է տալիս 7-օրյա ժամկետում ապրանքը հասցնել համապատասխան վայր:

- Որո՞նք են հայկական հագուստի նախընտրելի տեսակները:

Հիմնականում նախապատվությունը տալիս են հայկական արտադրության տրիկոտաժեղենին, գուլպեղենին, այնուհետև վերնահագուստին, ներքնազգեստին և ավելի քիչ չափով՝ երեկոյան դիզայներական թանկարժեք հագուստին: Զգալի աճ է արձանագրվել  հատկապես գուլպաների, վերարկուների ու բաճկոնների, գործվածքի արտադրության ծավալների առումով: Հայկական հագուստ արտադրողներից առավել հեղինակություն են վայելում Մելանտե, Էլինա, Viva, Անինի, Ուստիան, Ալեքս, Տոսպ, Ֆաբրիկա, Լight affect, z.g.est, you & me, Sir Qochar, Gart և մի շարք այլ կազմակերպություններ, որոնք արտադրում են տրիկոտաժ, վերնահագուստ և գուլպաներ:

- Ի՞նչ կասեք հայկական արտադրության հագուստի գնային քաղաքականության, գին-որակ հարաբերակցության մասին:

Հաշվի առնելով այն փաստը, որ յուրաքանչյուր սպառողի համար առաջնային է գնային քաղա­քականությունը, պետք է նշել, որ, հարցվողների տեսանկյունից, արտասահ­մանյան հագուստի գներն ավելի մատչելի են: Սպառողների մեծ մասը նախապատվությունը տալիս էին արտասահմանյանին՝ զուտ դրա մատչելի լինելու համար: Իհարկե, այս առումով, չի կարելի շրջանցել մասշտաբի էֆեկտը: Այսինքն՝ մենք ինքներս, նախապատվություն տալով հայկական արտադրանքին, կարող ենք ազդել գների մակարդակի վրա, քանի որ մեծ պահանջարկը կապահովի լայնածավալ արտադրություն, ինչի պարագայում էլ՝ մասշտաբի էֆեկտ, որը կհանգեցնի միավոր հագուստի գնի իջեցմանը: Հաշվի առնելով երկրում եկամուտների ցածր մակարդակը՝ հայկական բրենդի ակտիվացման ամենակարևոր և առաջնային քայլը պետք է լինի գնիջեցումը: Ինչպես պարզ դարձավ հարցումներից, որակի առումով սպառողները բավական տպավորված են, մինչդեռ  գնային քաղաքականության տեսանկյունից՝ ոչ այնքան: Գին և որակ հարաբերակցության տեսանկյունից սպառողների կողմից չկա դժգոհություն, սակայն հայ գնորդը, ունենալով ցածր եկամուտ, նախապատվությունը տալիս է արտասահմանյանին՝ անտեսելով նույնիսկ ապրանքի որակական կողմը:

Հարցազրույցը վարեց դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Թամարա Հարությունյանը                                                                                          

Generalnews.am