«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայում իրավիճակը լարվում է․ Հայաստանը պետք է շտապի

14/04/2021

Ուկրաինայի ուղղությամբ իրադարձությունների զարգացումը կարծես թե մոտենում է կուլմինացիային, երբ տեղի կունենա այս կամ այն հանգուցալուծումը: Համենայնդեպս, իրավիճակի լարումը ծավալվում է այն դինամիկայով, որ առնվազն առերևույթ դիտարկման պարագայում դժվար է պատկերացնել, թե դա ունի երկար ձգվելու հեռանկար: Ինչպես առիթ ենք ունեցել ասելու, ուկրաինական իրադարձությունները, մեղմ ասած, կտրված չեն կովկասյան իրողություններից, եթե անգամ հեռու են թվում Կովկասից: Ավելին, մենք արդեն իսկ տեսնում ենք դրանց որոշակի հաղորդակցության առկայությունը, այն իմաստով, որ Ուկրաինայում իրավիճակի լարմանը զուգահեռ՝ Կովկասում նկատելիորեն աճում է թուրք-ադրբեջանական ճնշումը Ռուսաստանի ուղղությամբ: Սրան մենք անդրադարձել ենք և անդրադառնում ենք պարբերաբար, տարբեր ասպեկտներով։

Ավելին, ադրբեջանական ռեսուրսներում բավականին անթաքույց ակնկալիքներ ունեն, որ ուկրաինական հարցում ՌԴ ձախողումը կարող է իրենց հնարավորություն ընձեռել Ռուսաստանի հանդեպ հաջողության հասնել նաև Կովկասում: Ավելին, իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում, ինչպես ցույց է տվել փորձը, չկարողանալով դիմակայել մի քանի ճակատով, Ռուսաստանը գերադասում է մեկ ճակատում գնալ զիջման: Ու քանի որ Ուկրաինան ՌԴ համար ունի թերևս անհամեմատ առավել առանցքային նշանակություն, քան Կովկասը, ապա պետք չէ բացառել, որ ՌԴ-ն որոշի հերթական անգամ զիջման գնալ հենց Կովկասում: Այստեղ է, որ իրավիճակը ներկայումս Հայաստանի համար հրամայական է դարձնում Հյուսիսատլանտյան բևեռի ուղղությամբ սերտ և ինտենսիվ աշխատանքը, որի միջոցով Հայաստանը պետք է փորձ անի հայկական շահերը դուրս բերել Ռուսաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական ճնշման տիրույթից: Առավել ևս, որ ԱՄՆ դիվանագետները այդ առնչությամբ արդեն իսկ արել են մի քանի նախազգուշական հաղորդագրություն:
https://www.1in.am/