«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը». Էմանուել Մակրոն

20/11/2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․

«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

Բացի այդ, Մակրոնը ԼՂ հարցով ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով հետևյալը.«Լեռնային Ղարաբաղում զենքերը լռեցին: Մենք այժմ աշխատում ենք ժառանգության և մշակութային զինադադարի շուրջ, Հայաստանի, Ադրբեջանի, Մինսկի խմբի մեր գործընկերների հետ միասին պահպանելու և վերականգնելու ամբողջ տարածաշրջանի բազմազանության և հարստության գանձերը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։