Հունաստանը պայմանավորվել է Ֆրանսիայի հետ, որ ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցի ՀՀ–ին. ԶԼՄ
Հունաստանը Հայաստանին Ս-300, Տոր-Մ1 և Օսա-ԱԿՄ զենիթահրթիռային համակարգեր կփոխանցի։ Տեղեկությունը հայտնում է enikos.gr կայքը։
Հունաստանի իշխանությունները ծրագրում են դրանք փոխարինել իսրայելական արտադրության համակարգերով։
«Զինված ուժերի ղեկավարությունը հաստատակամ է իր որոշման մեջ` շարունակելու հին համակարգերի արմատական թարմացումը արևմտյան նոր տեխնոլոգիաներով։ Մեր տեղեկություններով` ազգային պաշտպանության գլխավոր շտաբը գտնվում է ռուսական արտադրության սպառազինության համակարգերը Հայաստանին տրամադրելու փուլում», – գրում է կայքը։
Ըստ լրատվամիջոցների՝ սա հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք։
«Կիևի փոխարեն Երևանին ուժեղացնելը Աթենքի համար ռազմավարական ընտրություն է բազմաթիվ պատճառներով: Նախևառաջ դաշնակցային շատ սերտ կապերի և հատկապես ժամանակակից պատմության ընդհանուր պատմական իրադարձությունների և ընդհանուր կրոնական համոզմունքների պատճառով: Բացի այդ, ուժեղ Հայաստանը հիանալի հակակշիռ կլինի թուրքական անզիջողականությանը, որն ակնհայտորեն ուժեղացնում է Ադրբեջանին։ Չէ՞ որ ԼՂՀ դեպքերը դեռ թարմ են», – ասվում է հրապարակման մեջ։