«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ-ի շրջափակումն ամբողջությամբ համապատասխանում է էթնիկ զտման երկարատև քաղաքականությանը. Սիսիլիանոսը՝ Հաագայի դատարանում

31/01/2023

Անկասկած՝ Լաչինի միջանցքի շրջափակումը և դրան առնչվող միջոցները հակասում են խտրականության ընդհանուր արգելմանը։ Այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց պրոֆեսոր Լինոս Ալեքսանդր Սիսիլիանոսը։

Նրա խոսքով՝ շրջափակումը խտրական է. ՛՛Այն նպատակ է հետապնդում խոչընդոտել էթնիկ հայերին իրենց իրավունքներն իրացնել մյուս մարդկային խմբերի հետ հավասարապես՛՛:

Սիսիլիանոսն ասաց, որ շրջափակումը հստակ նպատակ է հետապնդում, ինչպես Ալիևն է հայտարարել: ՛՛Դա լրիվ համապատասխանում է էթնիկ զտման երկարատև քաղաքականությանը։ Էթնիկ զտումը տարածքը միասեռ դարձնելն է՝ ուժի կիրառման կամ ահաբեկելու միջոցով։ Այն ընդգրկում է բազմաթիվ գործողություններ՝ ներառյալ ահաբեկելը՝ ստեղծելով բացասական կենսապայմաններ՛՛,-ասաց նա։

Պրոֆեսորը հավելեց, որ կոնվենցիային դեմ է նաև խտրականությանը պետականորեն օժանդակելը կամ հավանություն տալը։ ՛՛Ալիևն օժանդակել և պաշտպանել է էկոակտիվիստների գործողություններին, ինչի մասին ինքն էլ է նշել»։ Պրոֆեսորը հայտնեց, որ ՀՀ-ն միջանկյալ միջոցի կիրառում է պահանջում ազատ տեղաշարժի, ընտանիքի վերամիավորման, սեփական երկիր վերադարձի իրավունքի և այլ հիմքերով ու ասաց․ «ԼՂ-ում ապրող հայերի՝ իրենց երկիր վերադառնալու իրավունքն է խախտված։ Լաչինի միջանցքի շրջափակումը աղաղակող խախտում է սեփական երկիր մեկնելու և վերադառնալու իրավունքի։ Այս շրջափակումը որևէ օրենքով սահմանված չէ, այն կամայական է՛՛,-եզրափակեց Սիսիլիանոսը: