«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությամբ Մոսկվան արձանագրեց երկու շատ կարևոր բան». Բենիամին Պողոսյան

08/11/2021

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, ձեր գնահատմամբ, որո՞նք էին կարևոր կետերն ու ի՞նչ մեսիջներ և ո՞ւմ էին ուղղված դրանք։

– Այդ հայտարարությունն իր մեջ պարունակում էր մի քանի հիմնական մեսիջ, որոնցից կարևորը, ըստ իս՝ այն էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակելու նաև միջազգային հանրության հետ աշխատել ու դեմ չէ նրանց ներգրավվածությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, սակայն եթե միջազգային հանրությունը կամ այլ խաղացողներ հաշվի են առնում տարածաշրջանում ձևավորված նոր իրականությունը: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան ակնարկում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրավիճակը։

Այս հանգամանքը հետաքրքիր է ու նաև կարևոր, որովհետև Ռուսաստանն ասում է, թե դեմ չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակի աշխատել, բայց Մինսկի խումբը չի կարող աշխատել այն պարադիգմայով, ինչով մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը։ Թե ի՞նչ է ենթադրում այդ պարադիգմայի փոփոխությունը, կդժվարանամ այս պահին ասել, բայց սա ակնարկ է, որով Ռուսաստանն ուզում է ասել, որ 44-օրյա պատերազմի հետևանքով թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում իր դիրքերն ամրապնդվել են՝ խաղաղապահների տեղակայմամբ։ Հետևաբար միջազգային հանրությունը պետք է տարածաշրջանում ներգրավվելու համար նոր մոտեցումներ ստանձնի, այսինքն՝ Ռուսաստանի համար ընդունելի չէ մինչև 2020 թվականի մոտեցումներով տարածաշրջանում ներգրավվելը։ Սա նաև Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հաշվի առնեն։

Ինչ վերաբերում է հայտարարության մնացած կետերին, ավելի շատ հրապարակային ուղերձներ են, որովհետև վերջին 6-7 տարիներին Ռուսաստանի հիմնական նպատակն էր ստատուս քվոն պահել այնքան, մինչև հնարավոր լիներ այն փոխել Ռուսաստանի պայմաններով, իսկ այդ պայմանը մեկն էր․ այդ տարածքային փոփոխությունից հետո ունենալ բացառապես սեփական զորքերը Արցախում, իսկ դրան նա հասավ։

Այսպիսով, Ռուսաստանն արձանագրեց, որ ինքը դեմ չէ միջազգային հանրության ներգրավման շարունակությանը, բայց եթե միջազգային հանրությունը հաշվի է առնում նոր իրողությունները, ինչը նշանակում է, որ վերջիններս հաշվի են առնում, որ Արցախում միայն ռուսական զորքեր են, ու շատ բան կախված է Ռուսաստանից, և երկրորդ, որ ամեն դեպքում Ռուսաստանն իր հիմնական նպատակին հասել է, այո՛, փոխվել է ստատուս քվոն, բայց դրա փոփոխությունից հետո Արցախում կան միայն ռուսական զորքեր։ 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ հիմնական մեսիջը Մոսկվան ուղղում է Ֆրանսիային ու ԱՄՆ-ին՝ որպես համանախագահող երկրների։

– Բնականաբար դա ուղղված էր Արևմուտքին, եթե խոսում ենք Մինսկի խմբի մասին, իսկ ավելի լայն առումով՝ նաև Եվրամիությանը։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Մինսկի խմբի շարժիչ ուժը համանախագահ երկրներն են, ապա, այո՛, ես համամիտ եմ ձեզ հետ, որ հիմնական հասցեատերերը Ֆրանսիան ու ԱՄՆ-ն են։

– Պարո՛ն Պողոսյան, Ռուսաստանի արտգործնախարարության այդ հայտարարությամբ, փաստորեն, պաշտոնական Մոսկվան ևս մեկ անգամ հակադարձեց Ադրբեջանի այն պնդմանը, թե ղարաբաղյան հարց այլևս գոյություն չունի, ու նաև խոսվում էր, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին։ Այս երկու կետի վերաբերյալ ևս կխնդրեմ ձեր գնահատականը։

– Ֆիքսենք, որ հայտարարության մեջ նշված էր, թե բոլոր ճանապարհները ապաշրջափակման արդյունքում շարունակում են մնալ տվյալ պետությունների վերահսկողության տակ։ Իսկ այս հայտարարությունն ու Ադրբեջանի պահանջած կամ հայտարարած միջանցքը միմյանց չեն հակասում, որովհետև Ադրբեջանը երբեք չի հայտարարել, որ միջանցք ասելով նկատի ունի, որ դա պետք է դե յուրե չլինի Հայաստանի հսկողության ներքո։

Ադրբեջանն ասում է, որ ադրբեջանական ավտոմոբիլիստները իրենց երթևեկությունը սկսելով Ադրբեջանի տարածքից պետք է հատեն Հայաստան-Ադրբեջան սահմանը Սյունիքի մարզով, այնուհետև Հայաստան-Ադրբեջան սահմանը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հատվածում, առանց որևէ ստուգում անցնելու՝ սա է նրա միակ ասածը։ Հետևաբար ռուսական կողմի հայտարարությունը այս մասով չի նշանակում, որ Ադրբեջանի ասած միջանցքը չի կարող չլինել։

Ղարաբաղյան հարցի փակման մասով՝ բնական է, որ Ադրբեջանը պետք է ասի, որ նման հարց արդեն գոյություն չունի, իսկ համանախագահ երկրները հակառակն ասեն։ Բայց մենք ոչ թե պետք է այդ հայտարարություններով ուրախանանք, այլ հասկանանք, որ Ադրբեջանն ունի պարզ ռազմավարություն՝ անել ամեն ինչ, որպեսզի առնվազն մինչև 2030 թվականը Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակվող հայերի ու ադրբեջանցիների թիվը հավասարվի, իսկ այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը դիմում է ցանկացած քայլի։

Այն ժամանակ, երբ Ադրբեջանը կհասնի իր այս նպատակին, մենք կարող ենք արձանագրել, որ իսկապես ղարաբաղյան հարց գոյություն չունի՝ անկախ նրանից, թե որ երկիրն ինչ կհայտարարի։ Հետևաբար մեր խնդիրը չէ այս կամ այն երկրի հայտարարություններով ուրախանալը, այլ այնպես անել, որ Ադրբեջանի ռազմավարական այդ ծրագիրը չիրականանա։

– Այս հայտարարությունը կարո՞ղ ենք համարել ինչ-որ չափով նաև պատասխան թուրքական 3+3 ձևաչափին, ու, առհասարակ, ձեր տպավորությամբ, Ռուսաստանը կո՞ղմ է թուրքական այդ նոր ձևաչափի իրագործմանը։

– Ես որևէ հիմք չեմ տեսնում՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը կողմ լինի 3+3 ձևաչափին, որովհետև այն նշանակում է, որ Ռուսաստանը դե յուրե ընդունում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Ադրբեջանն ու Թուրքիան Հարավային Կովկասում իրեն հավասար կամ գրեթե հավասար խաղացողներ են։

3+3 ձևաչափը հաճախ համեմատում են Աստանայի ձևաչափի հետ, որ Սիրիան ստեղծեց Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի միջև, սակայն պետք է հասկանանք, որ Ռուսաստանի համար Հարավային Կովկասն ու Սիրիան լրիվ տարբեր տարածաշրջաններ են, ու եթե Սիրիայում Ռուսաստանը Աստանայի ձևաչափով որոշակիորեն նույն կարգավիճակում հայտնվեց Թուրքիայի ու Իրանի հետ, ապա նույն բանը այստեղ անելու որևէ հիմք չեմ տեսնում։

– Պարո՛ն Պողոսյան, այդ դեպքում ինչո՞ւ հստակ դեմ չի արտահայտվում։

– Քանի որ ռուս-թուրքական հարաբերությունները մրցակցային ու հակամարտային են տարբեր տարածաշրջաններում, իսկ Հարավային Կովկասում՝ ավելի շատ մրցակցային ու համագործակցային, Ռուսաստանը չի ցանկանում անձամբ ոչ ասել Թուրքիային՝ շատ լավ հասկանալով, որ Թուրքիայի այդ առաջարկը Վրաստանը կմերժի, հետևաբար 3+3 չի կարող լինել։

Երբ Էրդողանը հայտարարեց՝ եկեք 3+2 ձևաչափով առաջնորդվենք, քանի որ Վրաստանը դեմ է, Ռուսաստանն արդեն դրան որևէ արձագանք չտվեց։ Ռուսաստանը շարունակում է խոսել 3+3-ի անհրաժեշտության  մասին՝ շատ լավ իմանալով, որ այն չի կարող կյանքի կոչվել Վրաստանի դիրքորոշման արդյունքում։ Դեմ չի արտահայտվում այդ ձևաչափին, որ ավելորդ լարվածություն չստեղծվի ռուս-թուրքական հարաբերություններում։