«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքուն պարզաբանում է պահանջել «Եվրատեսիլի» քվեարկության արդյունքների փոփոխման առնչությամբ

16/05/2022

Ադրբեջանը պաշտոնական պարզաբանումներ է պահանջել «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներից՝ կապված ադրբեջանական ժյուրիի քվեարկության արդյունքների փոփոխության հետ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի Հանրային հեռուստառադիոհեռարձակման ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք հայտարարում ենք, որ մրցույթի կազմակերպիչներին ուղարկել ենք այն երկրների անունները, որոնց օգտին քվեարկել է ադրբեջանական ժյուրին։ Ըստ այդ ցանկի՝ Ուկրաինային տրվել է 12 միավոր։ Ի պատասխան՝ կազմակերպիչներն, առանց որևէ պատճառաբանության, համառորեն պնդել են, որպեսզի եզրափակիչ շոուի ավարտին Հանրային հեռուստառադիոհեռարձակման ընկերության ներկայացուցիչները հայտարարեն այլ արդյունքներ։ Մենք կտրականապես մերժել ենք այդ ցանկությունը… Սպասում ենք պաշտոնական արձագանքի (կազմակերպիչների կողմից) այս հարցի վերաբերյալ», – նշվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ չնայած Հանրային հեռուստառադիոհեռարձակման ընկերության ներկայացուցչի պատրաստակամությանը՝ ուղիղ եթերում հայտարարել ադրբեջանական ժյուրիի քվեարկության արդյունքները, կազմակերպիչները չեն կապվել Բաքվի հետ և ադրբեջանական կողմի անունից ընթերցել են իրենց արդյունքները՝ դա բացատրելով տեխնիկական պատճառներով։ Ընդ որում, ընկերությունը պնդում է, որ Ադրբեջանի ներկայացուցչի կողմից արդյունքները ուղիղ եթերում հայտարարելու տեխնիկական խոչընդոտներ չեն եղել։

Ադրբեջանի Հանրային հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը հայտարարել է, որ կախված երգի մրցույթի կազմակերպիչների արձագանքից՝ ադրբեջանական կողմը «կծրագրի իր հաջորդ քայլերը»։

Արդյունքների համաձայն, որոնք ուղիղ եթերում հայտարարել են «Եվրատեսիլի» կազմակերպիչները, Ադրբեջանը առավելագույն 12 միավոր է տվել Մեծ Բրիտանիային, իսկ Ուկրաինային՝ 6 միավոր։

Եվրոպական հեռարձակողների միությունը ավելի վաղ հայտարարել էր, որ քվեարկության ժամանակ ժյուրիի կազմից հեռացվել է վեց երկիր։ Դրանց թվում են Ադրբեջանը, Վրաստանը, Չեռնոգորիան, Լեհաստանը, Ռումինիան և Սան Մարինոն։ Թուրինում կայացած «Եվրատեսիլ» երգի միջազգային 66-րդ մրցույթում հաղթանակ է տարել ուկրաինական Kalush Orchestra հիփ-հոփ խումբը՝ «Ստեֆանիա» երգով։