«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որոշումները պետք է կայացվեն թափանցիկ և լինեն հիմնավորված. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտունիում

22/11/2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 22-ին այցելել է Մարտունի, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի վարչակազմում, ծանոթացել առաջնային նշանակության խնդիրներին:

Ինչպես հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, խոհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն ամենակարևոր խնդիրների շարքում նշել է բնակարանային ապահովվածության հարցը, որը հատկապես սրվել է 44- օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ենթակառուցվածքների, մասնավորապես՝ դպրոցների նորոգման հարցը:

Ռուբեն Վարդանյանը հետաքրքրվել է բնակարանաշինական ծրագրերով և բնակարանային կարիքների բավարարման ընթացքով: Նա հատկապես ընդգծել է հերթագրման համակարգի թափանցիկության և արդարության սկզբունքների պահպանման կարևորությունը:

Խորհրդակցությունից հետո պետնախարարը հանդիպել է Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների, վարչակազմի ներկայացուցիչների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ:

«Մարտունու շրջանը զգացել է պատերազմի ողջ ծանրությունը, բայց դուք կարողացել եք մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա կյանքը շարունակվում է, Մարտունի քաղաքը վերականգնվում է, ու դա ամենամեծ նվաճումն է: Ես սկսել եմ այս աշխատանքային հանդիպումները, որովհետև ուզում եմ ձեզ հետ կապ ստեղծել, հասկանալ խնդիրները, տեսնել, թե ինչպես եք դուք այստեղ պատկերացնում դրանց լուծումները, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված ու արդյունավետ»,- նշել է պետնախարար:

Ռուբեն Վարդանյանը լսել է համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները, որոնք վերաբերել են, մասնավորապես, ճանապարհաշինությանը, գյուղտեխնիկայով ապահովվածությանը, բնակիչների կենսապահովման համար գյուղերում անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Պետնախարարը պատրաստակամություն է հայտնել համայնքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնել հենց համայնքապետերին, լսել նրանց կարծիքներն ու մոտեցումները:

«Որոշումները պետք է լինեն հիմնավորված, իսկ դրանց կայացման ընթացակարգերը՝ թափանցիկ: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Նա տեղեկացրել է, որ բարձրացված հարցերն ուսումնասիրվելու են, քննարկվելու են դրանց լուծման հնարավորությունները:

Այցի շրջանակում Ռուբեն Վարդանյանը եղել է Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանում, ծանոթացել պայմաններին, ուսումնական գործընթացին, տնօրեն Արտակ Սարգսյանի հետ քննարկել զարգացման հեռանկարները:

Պետնախարարը ծանոթացել է նաև Մարտունի քաղաքում իրականացվող պետական բնակարանաշինական ծրագրի ընթացքին, այցելել շինարարական հրապարակ:

Ռուբեն Վարդանյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա հուշարձանին: