«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ ՆՈՒՅՆՔԱՆ ՆԵԳԱՏԻՎ Է ԱԶԴԵԼՈՒ, ՈՐՔԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ` ԹՈՒՐՔԻԱՅԻ. ՀՐԱՊԱՐԱԿ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ :

18/02/2025

Տեւական դադարից հետո տված ասուլիսում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց արցախահայերի վերադարձի եւ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու՝ Ադրբեջանի պահանջի մասին։ «Հիմա մենք ակտիվ փոփոխության մեջ գտնվող աշխարհի հետ գործ ունենք։ Ոչ ոք չի կարող ասել հստակ, թե ինչ է լինելու, բայց ուղղությունը մոտավորապես հասկանալի է։ Այս ընթացքում քայլեր անել, որոնք անվերադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթացին, հիմարություն է։ Ամեն գնով պետք է պահել ՄԽ-ն, եթե հիմա Մինսկի խումբը լուծարվի, այլեւս չափազանց դժվար կլինի նման նոր միջազգային ֆորմատ ունենալ»,- ասաց նա:

Թեեւ ԵԱՀԿ ՄԽ-ն վաղուց չի գործում, բայց նրա ֆորմալ պահպանումը նշանակում է, որ ցանկացած պահի՝ միջազգային իրադրության փոփոխությունից կամ Հայաստանում իշխանափոխությունից հետո, այն կարող է վերակենդանանալ։ Սա, իհարկե, հասկանում է Ադրբեջանը, որը Փաշինյանից պահանջում է՝ համատեղ ուժերով լուծարել արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափը՝ ԵԱՀԿ ՄԽ-ն, ինչին Փաշինյանն արդեն դրական է արձագանքել։ 

Չնայած Փաշինյանն Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, իր կարծիքով, «փակել է» Արցախի էջը, խնդիրն իրականում կա, եւ այն կարող է օրակարգ բերվել արցախահայերի՝ հայրենիք վերադառնալու հարցով։ Հարցին անդրադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանը, ԵԱՀԿ ՄԽ-ն պահպանելու հետ կապված, ընդգծեց նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի նշանակությունը՝ շեշտելով, որ այն պետք է օրակարգ բերվի․ «Ղարաբաղցիների` Ղարաբաղ վերադառնալու միակ ճանապարհն այդ փաստաթղթից կառչելն է»: Իսկ, իր տպավորությամբ, այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան` դա իրենց կյանքը կարող է բարդացնել։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որքան էլ ծանր լինի պատերազմում պարտված Հայաստանի համար, այժմ նաեւ որոշակի հնարավորությունների դուռ է բաց պահում եւ հատկապես` արցախահայերի վերադարձի համար, որովհետեւ այն 44-օրյայից հետո միակ փաստաթուղթն է, որտեղ խոսք է գնում ԼՂ-ի մասին՝ որպես քաղաքական միավորի։ Ադրբեջանը չի կատարել այս փաստաթղթի որեւէ կետ ու կառչում է միայն մեկ կետից՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ապահովման կետից: Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի օգտին զիջել է ավելին, քան նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր ենթադրում, եւ, ըստ էության, մի կողմ է դրել իր իսկ ստորագրած փաստաթուղթը ու Ադրբեջանից ոչ մի պահանջ չունի։

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովին մի քանի հարց ուղղեցինք՝ ՀՀ 2-րդ նախագահի նշած թեզերի շուրջ։ «Նախ, Հայաստանի իշխանություններն իրականացրել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միայն այն մասը, որը ձեռնտու էր Ադրբեջանին, ցավոք, հայկական կողմը Ղարաբաղի շահերը չի պաշտպանել, եւ, այս իմաստով, ողբերգության մեծ պատասխանատվությունը, որ տեղի ունեցավ Ղարաբաղում, երբ ղարաբաղցիները լքեցին իրենց տները, իրենց պատմական հայրենքիը, ՀՀ իշխանությունների վրա է, որոնք որեւէ քայլ չարեցին, որը կարող էր կանխել իրադարձությունների նման ընթացքը։ Հիմա՝ հարցի մասին․ բացվո՞ւմ է արդյոք ղարաբաղյան հարցի լուծման հնարավորություն։ Ես ցանկանում եմ հնչեցնել իմ սուբյեկտիվ կարծիքը՝  ըստ իս, Ալիեւը շտապեց այնպիսի իրավիճակ ստեղծել, որի պայմաններում հայերը ստիպված էին հեռանալ Ղարաբաղից։ Ապագայում նա ստիպված է լինելու դիտարկել հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հարցը։ Ինքնավար կարգավիճակի հարցն ապագայի հեռանկարի հարց է։ Ապագայում, այսպես  ասած, հայկական հարցն Ադրբեջանի վրա շատ մեծ նեգատիվ ազդեցություն կարող է ունենալ, այնպիսին, ինչպիսին Թուրքիայի վրա թողնում է 1915թ. ցեղասպանության հարցը, այո, դա հետք է, որից դժվար է լինելու ազատվել»,- «Հրապարակ»-ին ասաց Տարասովը։ 

Ռուս քաղաքագետը տեսականորեն հնարավոր է համարում Արցախի հարցը կրկին օրակարգ բերելն ու շեշտում է՝ Ալիեւը հենց այնպես չի գրոհում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Այո, այն այս պահին չի գործում, բայց  ՄԱԿ-ի ԱԽ մանդատն ունի։ Այստեղ նրբություններ կան՝ ԵԱՀԿ ՄԽ անդամներ են ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը։ Ռուսաստանը հայտարարել է, որ ՄԽ-ն չի գործում, բայց չի հայտարարել, որ դուրս է գալիս այդ խմբից։ Ինչպես գիտեք, Ալիեւը պնդում է, որ Հայաստանը հայտարարի, որ  հրաժարվում է ԵԱՀԿ ՄԽ-ից, բայց դա շատ լուրջ մանդատ է, ուստի այն կարելի է չեզոքացնել՝ հայտարարելով, որ Հայաստանն է հրաժարվում, Ռուսաստանն է հրաժարվում․․․ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն հրաժարվում, եւ նրանք կարող են իրենց պարտիան խաղալ։ Կախված իրավիճակի զարգացումներից, օրինակ, այն ֆորսմաժորից, որը կարող է տեղի ունենալ Մերձավոր Արեւելքում՝ ո՛չ Հարավային Կովկասում, ո՛չ Ռուսաստանում, այլ հենց Մերձավոր Արեւելքում, հայկական  թեմային վերադարձը կարող է հնարավոր լինել։ Քրդական հարցն է ակտուալ, հայկական հարցը կարող է օրակարգ բերվել մի փոքր այլ համատեքստում»,- ընդգծեց ռուս վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն փաստացի չի գործում 2022 թվականի փետրվարից։ Տարասովի խոսքով, Թուրքիայի շահերից չէր բխում, որ հայերը լքեին Արցախը։ Ըստ նրա, Էրդողանի համար հայկական հարցն արդեն իսկ լուրջ խնդիր է։ «Նրանք կնախընտրեին, որ Արցախի հայերը հատուկ կարգավիճակ ունենային, խորհրդարանում իրենց խմբակցությունն ունենային, իրենց ինքնավարությունը, ինչպես, օրինակ, Սան Մարինոն, հայերը կկարողանային պահպանել իրենց մշակույթը՝ հատկապես որ բնիկ ժողովուրդ են, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանի իշխանությունն է հրաժարվում իր պատմությունից, հրաժարվում է հայ ժողովրդի հազարամյա պատմությունից եւ ԱՄՆ-ում հայտարարում է այնպիսի անհեթեթություն, որ Արցախում պարտությամբ հայերն ինքնիշխանություն ձեռք բերեցին։ Հասկանո՞ւմ եք՝ դա հիմարություն է, ես չգիտեմ, գուցե նրանք սորոսական դասագրքերո՞ւմ են դա կարդացել»։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ռուս քաղաքագետի խոսքով, ՀՀ իշխանությունը, ըստ էության, մերժեց ռուսական առաջարկը՝ Արցախի կարգավիճակի  հարցը թողնել ապագային․ «Դուք տեսեք՝ Բաքուն համաձայն էր Մոսկվայի տեսակետին՝ ղարաբաղյան հարցը թողնել հեռավոր ապագային, հայկական կողմը չլսեց այդ առաջարկը, հրաժարվեց շրջանները վերադարձնել, ինչո՞ւ չկարողացան այդ խաղաքարտն օգտագործել, հասկանալի չէ, նույնիսկ Ալիեւն էր զարմացած, երբ Շուշին հանձնեցին։ Հայաստանի իշխանության գործելաոճը հարցեր է առաջացնում, որովհետեւ պետք է սիրել սեփական ազգը, չի կարելի լինել սեփական ազգի դեմ նացիոնալիստ»։

Ամփոփելով, մեր զրուցակիցը չարագուշակ եզրակացություն է անում՝ Փաշինյանի վարչախմբի քաղաքականության շարունակությունը հանգեցնելու է հայկական պետականության կորստի։ «Ստեփանակերտից հետո, ցավոք, գալու է Երեւանը հանձնելու ժամանակը, այդպիսի տպավորություն է ստեղծվում»: Ըստ Տարասովի` վերափոխվող աշխարհում որոշակի հանգամանքների առկայության պայմաններում հնարավոր է օրակարգ բերել հայկական հարցը, բայց դրա համար, նախեւառաջ, հայկական ինքնագիտակցությունը պետք է հասունանա։ «Երեւանում հայերը Փաշինյանին ընտրեցին, տպավորություն էր, թե նրանց համար միեւնույն է՝ ինչ է կատարվել, տպավորություն էր, թե նրանց մեծ քաղաքականությունը հետաքրքիր չէ։ Տպավորություն է, թե սեփական ինքնության տարբեր մոտեցումներ կան։ Դիվանագիտությունը տալիս է հնարավորություն, բայց պետք է հասկանալ, որ հայերի շահերը, նախեւառաջ, բացի հայերից, ուրիշ ոչ ոք չի պաշտպանելու, կարելի է օգնել, աջակցել, բայց եթե իրենք` հայերը, չեն ցանկանում իրենց առաքելությունը կատարել, ցավոք, ոչինչ չի օգնի»,-եզրափակեց ռուս քաղաքագետը։