«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դարձյալ դիտարկումներ իրանական պատերազմի մասին. Աշոտ Ներսիսյան

25/03/2026

Իրանական պատերազմը, խոստովանենք, վերջին օրերին մի փոքր անհասկանալի ընթացք է ստացել։ Շարունակվող փոխադարձ հրթիռակոծությունները կարծես որոշ չափով կորցրել են իրենց նախկին ինտենսիվությունը, սակայն դա որոշակիորեն կոմպենսացվում է Լիբանանի ուղղությամբ իրականացվող ցամաքային և օդային գործողություններով։

Հեզբոլահը, ըստ երևույթին, աստիճանաբար չեզոքացվում է, ինչը, որքան էլ տարօրինակ հնչի, կարող է բխել հենց Լիբանանի շահերից։ Այս եզրակացության օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Լիբանանը պահանջեց Իրանի դեսպանի հեռացումը երկրից։ Իրականում այդ զինված կառույցը երկար ժամանակ դարձել էր «պետություն պետության մեջ», որի գոյությունը Լիբանանին մշտապես պահում էր հարվածի վտանգի ներքո։

Միևնույն ժամանակ, վերջին օրերին Դոնալդ Թրամփը հաճախ է խոսում Իրանի հետ հնարավոր բանակցությունների և հաշտության մասին։ Իրանական կողմը, բնականաբար, հերքում է այդ տեղեկությունները, ինչը կարելի է բացատրել նաև ներքին լսարանի համար այդ հայտարարությունների հոգեբանական ազդեցությամբ։

ԱՄՆ-ի՝ հնարավոր զինադադարի գնալու տրամաբանությունը, ըստ երևույթին, պայմանավորված է նրանով, որ հիմնական նպատակները մեծ հաշվով արդեն իսկ իրականացված են։ Խորքային առումով դա որոշակի հիմքեր ունի․ Իրանը զգալիորեն զրկվել է իր ռազմական կարողություններից՝ հրթիռային ենթակառուցվածքների, ռադարների և զինտեխնիկայի խոցման հետևանքով։ Բացի այդ, լուրջ կորուստներ են կրել նաև նրա ռազմական և քաղաքական ղեկավար շրջանակները։

Արտաքին առումով Իրանը գտնվում է գրեթե մեկուսացված վիճակում։ Թեև չի բացառվում, որ որոշ հետախուզական աջակցություն ստանում է Ռուսաստանից և Չինաստանից, սակայն ակնհայտ է, որ այդ երկրները շահագրգռված են հակամարտության շուտափույթ ավարտով։

Իրանի կողմից բանակցությունների հնարավորությունը հերքելը, մեծ հավանականությամբ, պայմանավորված է ներքին կայունության պահպանման անհրաժեշտությամբ։ Սակայն մի բան ակնհայտ է․ Իրանը չունի բավարար ռեսուրսներ երկարատև պատերազմի համար, և հակամարտության շարունակությունը դժվար թե հանգեցնի իր համար շահեկան արդյունքի։

Ավելին, չի բացառվում, որ պատերազմի երկարացման դեպքում Պարսից ծոցի մի շարք երկրներ ևս ներգրավվեն հակաիրանական գործողություններում, ինչը կբարդացնի իրավիճակը Թեհրանի համար։

Այս համատեքստում հնարավոր է, որ մոտ ապագայում հենց Իրանը գնա հաշտության, ինչից հետո փորձի ներքին դաշտում ներկայացնել դա որպես հաղթանակ։ ԱՄՆ-ի համար նման ձևակերպումները, ըստ ամենայնի, էական նշանակություն չունեն։

Այս ամենի ֆոնին տարօրինակ է դիտել այն շրջանակներին, որոնք փորձում են ամբողջ պատասխանատվությունը վերագրել ԱՄՆ-ին և Իսրայելին կամ հուզական մակարդակում սատարել Իրանի դիրքորոշմանը։ Խնդիրը պետք է դիտարկել ոչ թե զգացմունքների, այլ շահերի տեսանկյունից։ Քաղաքականության մեջ առաջնորդվում են շահերով, ոչ թե համակրանքով։

Պարսիկ ժողովուրդը տվյալ դեպքում չի կռվում․ կռվում է քաղաքական և ռազմական ղեկավարությունը։

Հնարավոր է, որ առաջիկայում պատերազմը մոտենա իր ավարտին, քանի որ դա, ըստ երևույթին, բխում է երկու կողմերի շահերից։ Սակայն Իրանում գործող իսլամական ֆունդամենտալիստական համակարգի ապագայի վերաբերյալ մեր նախորդ գնահատականները մնում են անփոփոխ։

Մեզ համար առաջնայինը Իրանի պարտությունը չէ, այլ նրա կայունությունը։ Ցավոք, այս հարցում մեզանից գրեթե ոչինչ կախված չէ։
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ