Ուրբաթ, Ապրիլի 16, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե ընդդիմության առաջարկը հրաժարականն է, մերն ընտրություններն են. Նազարյան

26/02/2021 73

Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են։ Այս մասին այսօր ՛՛Սիվիլնեթի՛՛ հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը։

Նրա խոսքով՝ Գլխավոր շտաբի քաղաքական հայտարարությունից հետո անելիքներ ու պատասխանատվություն ունեն և՛ կառավարող ուժը, և՛ ընդդիմությունը։ ՛՛Բայց կառավարող ուժը արել էր և երեկ էլ արեց քայլ ընդառաջ՝ այս ամենի հանգուցալուծմանն ուղղված քննարկումներ սկսել, որոնցից մեկը կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ընդդիմությունը՝ և խորհրդարանական, և արտախորհդարանական, մերժել են այս առաջարկը։ Եթե ընդդիմությունը չի ընդունում, որ սա հանգուցալուծման ճանապարհ է, ապա կա վտանգ, որ ընտրություններից հետո էլ ընդդիմությունը կարող է անել հավաքներ, ակցիաներ, այսինքն՝ այն, ինչը հիմա է անում, ոչ մի տարբերություն։ Իրենք պետք է համաձայնվեն, որ դա պետք է լինի խաղաղ, արդար, ազատ, թափանցիկ ընթացքով, հակառակ դեպքում՝ մի հրապարակը գոռում է ՛՛Նիկոլ, վարչապետ՛՛, մյուս կողմը՝ ՛՛Նիկոլ, դավաճան՛՛, և արդյունքում հարցը չի հանգուցալուծվում՛՛,-ասաց Նազարյանը:

Նա նշեց, որ, իր կարծիքով,  ընդդիմությունը չի ուզում գնալ խորհրդարանական ընտրությունների, քանի որ նրանց ոչ թե հետաքրքրում է, թե ինչ է ուզում ժողովուրդը, այլ այն, որ գործող իշխանությունն ուղղակի գոյություն չունենա։

՛՛Որպեսզի հանգուցալուծում տեղի ունենա, այն ուժերը, որոնք մարդկանց հրապարակներ են տանում, պետք է հանգուցալուծման ցանկություն ունենան։ Իմ պատկերացմամբ՝ նրանք հանգուցալուծում չեն ուզում՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմությունը չի ուզում ժողովրդին հարցնել, թե ինչ է ուզում ժողովուրդը։

՛՛Նրանք պարզապես ուզում են, որ մենք գոյություն չունենանք, բայց մեր գոյությունն ինքնանպատակ չէ։ Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք, քանի որ մեզ հետ են կապում Հայաստանում որոշ գործընթացների շարունակականությունը։ Նրանք մեզանից ակնկալիքներ ու պահանջներ ունեն։ Հիմա ի՞նչ անել, այդ մարդկանց հետ ինչպե՞ս վարվել։ Մեր առաջարկն է՝ գնալ ամենակառուցողական ճանապարհով։ Արտահերթ ընտրությունները հանգուցալուծման ճանապարհներից մեկն են, բայց վարչապետը երեկ հրավիրեց քննարկումների, կարող են լինել այլ ճանապարհներ՛՛,-նշեց նա՝ ընդգծելով, որ եթե ընդդիմության առաջարկը հրաժարականն է, ապա իրենցն ընտրություններն են։

Լենա Նազարյանի խոսքով՝ նախքան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրամանը ստորագրելը կամ չստորագրելը նախագահ Արմեն Սարգսյանը պետք է բացի Սահմանադրությունը։ ՛՛Նախագահը կարող է վերցնել Գլխավոր շտաբի հայտարարությունը և բացել Սահմանադրության 14-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն, և՝ տեսնի այդ հայտարարության մեջ քաղաքական հայտարարություններ արված են, թե՝ ոչ։ Միանշանակ, քաղաքական հայտարարություններ արված են։ Պետք է շատ հստակ արձանագրվի, որ բանակը և զինվորականությունը չպետք է քաղաքական հայտարարություններ անի, պետք է քաղաքական չեզոքություն դրսևորի՛՛,-ասաց նա

Նազարյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ ՛՛Իսկանդերի՛՛ մասին արած հայտարարությանը և ասաց, որ այդ հայտարարությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժել։ ՛՛Չեմ կարծում, որ այդ հայտարարությամբ հայ-ռուսական հարաբերությունները մեծ վնաս են կրել, որովհետև չի կարող երկար տարիների հիմնավոր համագործակցությունը վնաս կրել այդ հայտարարություններից՛՛,- նշեց նա։