«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժածներին

13/11/2020

Եվրամիությունը մտադիր է նպաստել Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանն ու պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսային բանակցությունների արդյունքում հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Գերագույն ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը թույլ կտա աշխատել հակամարտության տևական խաղաղ կարգավորման ուղղությամբ ու կկանխի հետագա տառապանքները։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը», - ասված է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ։

Ծառայության տվյալներով՝ ԵՄ-ն արդեն իսկ մեկ միլիոն եվրո է հատկացրել հրատապ օգնության ցուցաբերման համար։

Փոխանցում է Tert.am-ը: