Իրանի իշխանության երեք բևեռները և ներքին վերափոխումների հնարավոր տարբերակները. Աշոտ Ներսիսյան
Իրանի ներքաղաքական համակարգում արդեն որոշ ժամանակ նկատելի է իշխանական բուրգի ներսում ձևավորված յուրահատուկ եռակենտրոն կառուցվածք։ Թեև այն պաշտոնապես ձևակերպված չէ, բայց ներքին գործընթացներում բավական հստակ նշմարվում են երեք հիմնական բևեռներ, որոնց հարաբերակցությունը կարող է որոշիչ լինել երկրի ապագա զարգացման համար։
Առաջին և առավել ազդեցիկ կենտրոնը շարունակում է մնալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Այս կառույցը վաղուց դուրս է եկել զուտ ռազմական շրջանակներից և դարձել է նաև տնտեսական նշանակալի դերակատար։ Կորպուսի բարձրաստիճան հրամանատարական շրջանակները երկար տարիներ վերահսկել են տնտեսության մի շարք ռազմավարական ոլորտներ՝ ներառյալ նավթարդյունաբերության և ենթակառուցվածքների որոշ հատվածներ։
Միաժամանակ պետք է նկատել, որ կորպուսի վերին շերտը հիմնականում կազմված է բավական տարիք ունեցող հրամանատարներից, որոնք գալիս են դեռ Իրան–Իրաքյան պատերազմի տարիներից: Այդ սերունդը, ենթադրում ենք, որ աստիճանաբար դուրս կգա ակտիվ գործընթացներից, և կորպուսի ներսում անխուսափելիորեն կառաջանա սերնդափոխության հարց: Երիտասարդ սպայական շերտը, ի տարբերություն ավագ սերնդի, չի տիրապետում նույն տնտեսական լծակներին և բնականաբար ավելի քիչ է կապված ներկայիս համակարգի հիմքերին: Այդ պատճառով հնարավոր է, որ ապագայում նրանք ձգտեն ավելի պրագմատիկ մոտեցումների՝ համադրելով կրոնական և աշխարհիկ կառավարման սկզբունքները։
Երկրորդ կարևոր բևեռը հոգևոր հաստատություններն են, որոնք շարունակում են հանդիսանալ Իրանի պետական համակարգի գաղափարական հիմքը։ Սակայն այստեղ նույնպես նկատելի է որոշակի մաշվածություն։ Իրանի հասարակությունը զգալիորեն փոխվել է վերջին տասնամյակների ընթացքում․ երիտասարդ, նասնավորապես քաղաքային բնակչությունը այլ կերպ է ընկալում նախկին խիստ գաղափարական մոդելը։ Այս հանգամանքը անխուսափելիորեն նվազեցնում է հոգևոր էլիտայի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։
Երրորդ բաղադրիչը նախագահական ինստիտուտն է, որը ներկայումս սահմանափակ լծակներ ունի, սակայն որոշակիորեն առանձնացված է մյուս երկու կենտրոններից և երբեմն հանդես է գալիս որպես պրագմատիկ քաղաքականության կրող։ Արտաքին դերակատարները հաճախ այս շրջանակներում տեսնում են բանակցային գործընկերներ կամ միջանկյալ դերակատարներ, որոնք կարող են մեղմել լարվածությունը։
Այս պայմաններում դժվար է պատկերացնել համակարգի հանկարծակի փլուզում։ Ավելի հավանական է, որ գործող մոդելը աստիճանաբար թուլանա և ստանա դանդաղ մաշվելու բնույթ, որի արդյունքում ներկայիս գաղափարական մոդելը ժամանակի ընթացքում կփոխակերպվի ավելի խառը՝ աշխարհիկ և կրոնական տարրերի համադրությամբ կառույցի:
Միջազգային գործոններն էլ իրենց ազդեցությունն ունեն։ Մի շարք մեծ տերություններ շահագրգռված են տարածաշրջանում լարվածության նվազեցմամբ։ Չինաստանի համար կենսական նշանակություն ունի Պարսից ծոցի էներգետիկ ուղիների անվտանգությունը, իսկ Հորմուզի նեղուցի ցանկացած լուրջ խափանում անմիջապես ազդում է նրա տնտեսության վրա։ Ռուսաստանը կարճաժամկետ առումով կարող է որոշակի շահ ստանալ էներգետիկ շուկաների փոփոխությունից, սակայն երկարաժամկետ հեռանկարում դժվար թե որոշիչ դեր խաղա տարածաշրջանային վերաձևման մեջ։ Եվրոպան, իր հերթին, հավանաբար կփորձի պահպանել միասնական քաղաքական դիրքորոշումը և խուսափել խորքային պառակտումից։
Այսպիսով Իրանում ընթացող գործընթացները ավելի շուտ նախատեսում են ոչ թե համակարգի հանկարծակի փլուզում, այլ իշխանական կառուցվածքի աստիճանական վերափոխում, որի արդյունքում ներկայիս գաղափարական մոդելը ժամանակի ընթացքում կարող է զիջել նոր, աշխարհիկ և կրոնական տարրերի համադրությամբ կառույցի:
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ