«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավրովի մտահոգիչ հայտարարությունները. Սուրեն Սուրենյանց

24/06/2022

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում` Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հանդես է եկել մի քանի հայտարարություններով, որոնք առնվազն մտահոգիչ են։

Անդրադառնանք դրանցից մի քանիսին:

«Մեր գնահատմամբ, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ հանձնաժողովը որոշակի առաջընթաց արձանագրել է։ Համաձայնեցման ենթակա հարցերը մենք հայկական կողմի հետ քննարկում ենք։ Կարծում եմ, որ մեզ մոտ ընդհանուր մի ըմբռնում է ուրվագծվում, թե ինչպես է հարկավոր ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու։ Ռուսաստանն այս աշխատանքներին կաջակցի մինչև արդյունքի ձեռքբերումը։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով»,-Սերգեյ Լավրով:

✓ Լավրովը վերջերս Երեւանում հայտարարել էր, թե կոմունիկացիաների ապաշրջափակումը չի ենթադրում տարածքային ու քարտեզային փոփոխություններ։

Բաքվում Լավրովը խոսում է «ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու» ձեւակերպմամբ։ Արդյո՞ք Լավրովն ակնարկում է ֆունկցիոնալ միջանցքի հնարավորության մասին, ինչը ենթադրում է առնվազն Հայաստանի ինքնիշխանության որոշակի սահմանափակում` անձնագրային, մաքսային վերահսկողության հարցերում։

«Այս առումով(դելիմիտացիա/ դեմարկացիայի) կոնկրետ առաջարկներ կան և ես ուրախությամբ դրանք կքննարկեմ ձեզ հետ»,- Սերգեյ Լավրով:

✓ Ի՞նչ առաջարկությունների մասին է խոսում Լավրովը, արդյո՞ք դրանք քննարկվել են Երեւանում, թե՞ Մոսկվան քաղաքական առեւտրի որոշակի դաշտ է բացում Բաքվի հետ, մանավանդ, որ առաջիկա օրերին տեղի է ունենալու Կասպյան երկրների գագաթնաժողովը։

«Դուք(դիմում է Ալիեւին) հիշատակեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի մասին, ապագա համաձայնագրի այն դրույթների մասին, որոնք դուք փոխանցել էիք։ Մենք, ի դեպ, լսել ենք հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը այդ հարցի շուրջ բանակցություններ վարել»,-Սերգեյ Լավրով:

✓ Ինչո՞ւ է Լավրովը խոսում միայն Բաքվի 5 առաջարկությունների մասին ու անտեսում է Երեւանի 6 առաջարկությունները, արդյո՞ք դրանք մերժվել են, թե՞ Լավրովն Ալիեւին ակնարկում է, թե դրանք Մոսկվայի կողմից չեն կարեւորվում։ Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանության կողմից կտրվեն սպառիչ պատասխաններ։ Ի վերջո, Հայաստանի իշխանությունը պետք է անկեղծ խոսի մեր հասարակության հետ` այն գիտակցմամբ, որ վարվող քաղաքականության գինը վճարում է ժողովուրդը»։