Եկեղեցին մնայուն հաստատություն է, հոգևորականն անցողիկ է. Աշոտ Ներսիսյան
Եկեղեցին մնայուն հաստատություն է, հոգևորականն անցողիկ է բնականաբար: Ամեն հոգևորական չի կարող հոգևոր լինել, բայց պարկեշտ պարտավոր է: Սակավաթիվ են եղել այն հոգևորականները, որոնք իրենց նվիրել են միայն Արարչին և ժողովրդին: Հոգևորականներ էլ կան, եղել են և կլինեն, որոնք որևէ կրոնական հաստատությունում գործելով, չեն հավատացել այդ հաստատության կրոնական գաղափարախոսությանը: Նրանք քարոզների ժամանակ մի բան են ասել, իրենց կյանքում հակառակն են արել: Դա էլ է բնորոշ ադամորդու համար. մարդը հանձինս Ադամի և Եվայի, ի սկզբանե եղել է մեղավոր և օրինազանց, որի պատճառով վտարվել է դրախտից: Ուրեմն, ոչ մի բանի վրա զարմանալ պետք չէ: Մարդկային թուլություններն անսահման են, մանավանդ կանանց հանդեպ թուլությունները: Կուսակրոնության ուխտն ի սկզբանե խոցելի է եղել: Կարևորն այն է, թե այդ ուխտի որդեգիրը որքանով է քաղաքականացված կամ ոչ: Եթե նա խախտում է այդ ուխտը, բայց չի մտնում քաղաքականության մեջ, ոչ մեկը նրա հետևից չի գնա`չեզոքացնելու: Բայց չափազանց կարևոր է այն խնդրի ընկալումը, թե որոնք են հոգևորականների քաղաքականացվածության շարժառիթները և նրանց դեմ ելած աշխարհիկ ուժի քաղաքական շարժառիթները: Եթե դրանք ճիշտ հասկանանք, որևէ կողմին թեր և դեմ լինելու հարցում անկողմնակալ կլինենք: Հակառակ դեպքում ճիշտ կլինի այն հայեցակետը, որ քաղաքական վերաբերմունքի դրական կամ բացասական լինելու հիմքում մեծամասամբ անձնական շահն է:
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ