«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Շահումյան գյուղում 26-ամյա երիտասարդի են դանակահարել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

13/04/2021

Ապրիլի 7-ին Արմավիրի մարզի Շահումյան գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվել էր ժամը 1.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնել էր, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով ու գլխի վնասվածքով 26-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Տուժողը հայտնել էր, իբր ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել։ Վնասվածքի բնույթը, սակայն, այլ բան էր հուշում, և նրա խոսքերը իրավապահներին հավատ չէին ներշնչել։

Շահումյան մեկնած համայնքային ոստիկանները հարցումների արդյունքում պարզել են թե՛ դեպքի հանգամանքները, թե՛ կասկածյալի ինքնությունը։ Նա տուժողի համագյուղացին էր՝ 33 տարեկան։ Նավասարդյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ։

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: