«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տնտեսականի փոխարեն երկնիշ աճ միայն ապրանքների գներն են գրանցում.պատգամավորը՝ Վահան Քերոբյանին

05/05/2021

«ԱԺ նախորդ հարցուպատասխանի նիստում և դրանից էլ շատ ավելի առաջ դուք մեզ խոստացաք երկնիշ տնտեսական աճ, բայց երկնիշ աճ միայն ապրանքների գներն են գրանցում»,- Աժ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը և էկոնոմիկային նախարարի պաշտոնակատարին հարցրեց, թե ի՞նչ է արվում այն զսպելու համար:

«Մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6.2 տոկոսով է ավել, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է: Իհարկե, մենք շատ անհանգիստ ենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որ վերադարձնենք: Ավելացնեմ, որ այս տարի բարձր գնաճ է ողջ աշխարհում»,- հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ վստահեցնելով, որ իշխանություններն ակտիվ գործողություններով զսպում են գնաճը:

Կարեն Սիմոնյանը նկատեց, որ առաջնային սպառման ապրանքների գները բարձրացել են 40-50 տոկոսով, իսկ նախարարի պաշտանակատարի բերած թիվը 150 տեսակ ապրանքների միջինացված թիվն է, որոնց ճնշող մեծամասնությունն առաջնային սպառման չեն:

Քերոբյանն անդրադառնալով տնտեսական աճին, հայտնեց, որ ԿԲ նախագահը  հայտարարել է, որ տնտեսական աճի վերաբերյալ նախնական կանխատեսումները հոռետեսական են եղել, բայց տնտեսությունն ավելի լավ է պահում, քան իրենց կանխատեսումներն են:

«Ես իսկապես կարող եմ խոստանալ, որ նման տեմպով գնալու դեպքում մեր երկնիշ տնտեսական աճը կապահովենք»,-հայտարարեց Քերոբյանը: