
Լույս է տեսել «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի գիտաշխատող, Արշակ Ներսիսյանի նոր վիպակը` «Դրախտի արքան»
Լույս է տեսել «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմության բակալավր,տնտեսագիտության թեկնածու Արշակ Ներսիսյանի նոր վիպակը` «Դրախտի արքան»: Այն լույս է ընծայել ԵՊՀ հրատարակչությունը: Գրքի առաջաբանի հեղինակն է հայտնի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը: Վերջինս մասնավորապես գրում է.« V դարում պատմահոր գրառած «Հայկ և Բել» առասպելը մեր ժողովրդի պատմական հիշողության հավաստի սկզբնաղբյուրն է։ Արշակ Ներսիսյանի գեղարվեստական այս երկը շուրջ հինգհազարամյա մեր պատմության ճակատագրական դրվագներից մեկի նույնական վերապատմումը չէ, այլ գեղարվեստականացրած սեփական ստեղծագործությունը, որտեղ պահպանված են թե՛ իրական – պատմական, թե՛ գեղարվեստական ճշմարտությունը և թե՛ ներկա հայության գլխավոր մտահոգությունները, որ եղել են նաև պատմական անցյալում։ Առհասարակ շարադրանքն աչքի է ընկնում թե՛ հեղինակային խոսքի և թե՛ հերոսների՝ վարպետորեն կառուցված երկխոսությունների, ներքին մենախոսությունների բովանդակալից, հաճախ էլ աֆորիզմի արժեք ունեցող դիպուկ բանաձևումներով, որի մեջ երբեմն ուղղակի է արդիական հնչեղությունը, ինչպես այս մեկում՝ «եթե կռիվդ արդար է, հարյուր հոգով էլ կարող ես հազարների հաղթել»։
Հայոց հնագույն պատմության, աշխարհագրության, տեղանվանագիտության, հնագիտության ու ազգագրության խոր իմացությունը հնարավորություն է տվել հեղինակին ստեղծելու հերոսների գործողության միջավայրի, առասպելական ժամանակների մարդկանց կյանքի ու կենցաղի հնարավորինս ճշգրիտ ու հավաստի պատկեր, որն առավել է դարձնում գեղարվեստական խոսքը»: Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար: Ցանկացողներն այն կարող են ձեռք բերել «Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնում(Հասցե`Երվանդ Քոչար 8|8):
Շնորհավորում ենք հեղինակին և ցանկանում ստեղծագործական նոր հաջողություններ: «Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոն